Իլհամ Ալիև

Ալիևը Երևանին սպառնում է Նախիջևանից. ի՞նչ կձեռնարկի Հայաստանը

883
(Թարմացված է 11:36 18.05.2018)
Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողությունները լրացուցիչ բարդությունների կհանգեցնեն միջազգային դաշտում, քանի որ Ռուսաստանի հետ բախվելու վտանգ կա։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակահայկական հայտարարությունների և սպառնալիքների հերթական չափաբաժինը հրամցրեց։ Մի քանի օր առաջ Նախիջևան կատարած այցի ժամանակ նա հայտարարեց, որ ինքնավար հանրապետության տարածքում հզոր բանակ կա, ինչպես նաև հակառակորդի տարածքում «ցանկացած թիրախ» խոցելու հնարավորություն ունեցող հեռահար հրթիռային համակարգեր։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանին ուղղված ադրբեջանական ԶՈՒ գործողությունները պատասխան բնույթ են ունենալու։ Ալիևի այս «շրջահայացությունը», իհարկե, պատճառներ ունի։ Ադրբեջանի նախագահը չի ուզում ագրեսոր երևալ համաշխարհային հանրության աչքերում և չի կարող թույլ տալ նախազգուշացնող միջոցներով սպառնալ հարևան ինքնիշխան պետությանը։ Այդ պատճառով էլ շտապում է ասել, որ խոսքը միայն հակահարվածների մասին է։ Ակնհայտ է, որ Հայաստանին հարված հասցնելը ղարաբաղյան հակամարտությունը նոր և չափազանց անցանկալի մակարդակի կհանի։

Խոսելով հեռահար համակարգերի մասին` Ադրբեջանի նախագահը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ ռուսական արտադրության «Точка У» հրթիռային համակարգերն ու թուրքական Kasirga ՀԿՌՀ-ն։

«Բաքուն առաջին անգամ չէ, որ Հայաստանին սպառնում է Նախիջևանի տարածքից։ Այնտեղ տեղակայված հրթիռային համակարգերի մասին վաղուց էր հայտնի։ Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ռազմական հնարավորությունների մասին և գիտենք, որ Նախիջևանին հարող Հայաստանի տարածքը, այդ թվում նաև հայկական մայրաքաղաքն իսկապես խոցելի են։ Բայց Ալիևի սպառնալիքն ավելի շուտ քաղաքականություն է, քան ռազմական գործ», — Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Նրա խոսքով` Նախիջևանից Հայաստանին հասցված հարվածները Երևանի կողմից պատասխան միջոցների կհանգեցնեն։

«Հայաստանը բավական լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի տարածքը խոցելու համար», — ասաց վերլուծաբանը։

Սակայն այդ հակամարտությունը կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա, և խոշոր գերտերությունները բացասաբար կարձագանքեն, քանի որ նրանց համար անընդունելի է իրավիճակի սրացումը։ Բացի այդ, ինչպես հայտնի է, Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է գործում, որի համաձայն` Մոսկվան պարտավոր է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը սահմանի ողջ պարագծով։

«Հայաստանի դեմ ուղղված մարտական գործողություններն Ադրբեջանի համար լրացուցիչ բարդությունների կհանգեցնեն միջազգային ասպարեզում, քանի որ Ռուսաստանի հետ բախման վտանգ կա», — կարծում է Հարությունովը։

Ադրբեջանն այսօր էլ Լեռնային Ղարաբաղում տեղային գործողություններ սկսելու պոտենցիալ հնարավորություն ունի։ Այդ սցենարը չի նախատեսում ՀԱՊԿ մեխանիզմների կիրառում, այնինչ Հայաստանին հարվածներ հասցնելու դեպքում այդ մեխանիզմը գործի կդրվի։

883