ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ադրբեջանական կողմը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը` հարվածելով նաև քաղաքներին, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
«Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը: Ըստ էության` խփում են քաղաքներին, մասնավորապես, Մարտակերտ քաղաքին են հարվածել: Այս հարցը պետք է բարձրացնել Կարմի խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում: Ընդգծում եմ` Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։