ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից` իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից` շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք:
«Հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության և արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը»,- ասված է հայտարարությունում:
Ըստ ԼՂՀ ՊՆ-ի` թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան` ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։