00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1




Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները

Եզդիները Հայաստանում հայտնի են իբրև բնատուր հովիվներ։ Ամեն տարի նրանք ոչխարների հսկայական հոտերի հետ յայլաներ են բարձրանում։ Մինչև սեպտեմբեր նրանք տեղից տեղ են քոչում արևի, քամու և անձրև տակ՝ ոմանք Գեղամա լեռներում, ոմանք Ծաղկունյաց լեռներում, ուրիշներն էլ` Արագածի նախալեռներում։ Հարևան հայերից նրանք տարբերվում են ոչ միայն ազգությամբ, այլև կրոնով․ եզդիներն արևապաշտ են։ Սակայն նրանց հավատքում մերձավորի հանդեպ սերը պակաս բարձր չի գնահատվում։


Մեզ մի «Ուրալ» է մոտենում, որի թափքից անհասկանալի լեզվով խոսակցություն է լսվում։ Մարդիկ ծիծաղում են, ձեռքով անում, օգնում բարձրանալ թափքին։ Հետո գարեջուր են հյուրասիրում ու մեզ հետ իրենց հացը կիսում։ «Ուրալը» կտրուկ պոկվում է տեղից, բռնում ենք հարևանի թևը։ Լեռներն ասես ընդառաջ են գալիս։ Մեր լեռները։ Նրանց լեռները․․․

Հայաստանում կարելի է նման բան տեսնել։ Ճիշտ է, զբոսաշրջիկների համար այդպիսի ներկայացում չեն խաղա։ Չէ՞ որ հայը հայ չի ձևանում։ Դե, եզդին էլ եզդի չի ձևանում։

«Ձեռդ տուր, ձեռդ․․․ հո՜պ-պա՜։ Ապրես։ Նստի, ախպեր ջան»։

Մեկուկես մետր խորությամբ թափքը բերնեբերան լցված է` ինչով ասես։ Դա՝ երևանցու աչքին, իսկ նրանց համար այդ «ինչ ասեսի» մեջ ոչ մի պատահական բան չկա։ Մետաղացանցեր են ոչխարների փարախի համար, վրաններ, մահճակալներ, սպասք և նույնիսկ հավեր։ Աշտարակից վերև ընկած Շամիրամ գյուղի եզդիները սար են բարձրանում՝ Արագածի նախալեռների այն սարը, որն իրենք անվանում են Փիրավաս։ Այդ ամբողջ կահկարասու հետ նրանք լեռներում մնալու են երկու ամիս։
Լեզուների բաբելոնյան խառնուրդը
«Պամիդոր վերցրու»,-լայն ժպիտով ասում է Միրզան՝ հովիվներից մեկը։ Հետո ժպիտը դեմքին շրջվում է դեպի կողքին նստածը․ «Հը՞, ո՞նց կլինի «պամիդորը» հայերեն»։ Պատասխան լայն ժպիտն ասես տարածվում է մեքենայով մեկ։

«Լոլիկ»,-հանդիսավոր հայտարարում է հարևանը։

«Տեսա՞ր՝ ոնց ենք հայերեն տժժցնում։ Բա»,-ժպիտով մեզ է դիմում Միրզան։ Մեր ընդհանուր ծիծաղը թռչկոտում է թափքի վերևներում։

Հանկարծ հիշում եմ, որ հագիս կապույտ շապիկ է։ Բայց հետո տեսնում եմ, որ իմ հարևան եզդիներից մեկի հագին կապույտ բլուզ է, մյուսի հագին՝ կապույտ բաճկոն։
«Էժան պրծանք», - մտածում եմ։
Առավոտյան ժամը 5-ին ճանապարհ ընկնելիս հետս վերցրել էի եզդիների պատմության գիրքը, որը չէի հասցրել կարդալ ուղևորությունից առաջ։ Եվ արդեն ճանապարհին կարդացի, որ եզդիների մոտ արգելված է կապույտ գույնի հագուստ կրել (նրանց մի մասը դեռ հետևում է այդ ավանդույթին)։ Կապույտ գույնի հատուկ նշանակության մասին գրել է նաև Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, իսկ նա լավ գիտի, թե ինչ է գրում։ Ազգակիցները նրան ճանաչում և հարգում են, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ Նա է հեղինակը եզդիերեն դասագրքերի, որոնցով եզդի երեխաները սովորում են մայրենի լեզուն։
Ավանդության համաձայն` 7-րդ դարում եզդիները մասնակցել են Քերբելի ճակատամարտին, որտեղ բախվել են երկու մահմեդական առաջնորդները՝ խալիֆ Յազիդն ու իմամ Հուսեյնը։ Այստեղ անհետ կորել է եզդիների առաջնորդ Կարմիր Սուլթան Եզիդը։ Այդ ժամանակից ի վեր կապույտը եզդիների համար սգո գույն է համարվում։
«Հա, մենք էլ ենք հիմա կապույտ հագած։ Էդպես ստացվեց»,-ժպտում է մեզ եզդի երիտասարդը։

Նա հայկական անուն ունի՝ Սուրեն։

«Հա, դա մեր պատմությունն է․․․ Ես էլ Ուսուբ Բեկի թոռներից եմ»,-հանկարծ ավելացնում է նա։ Ես զարմացած նրան եմ նայում։
Ուսուբ Բեկը մեկն էր այն մարդկանցից, որոնք ջարդուփշուր արեցին ուր որ է իրականացող թուրքական երազանքը։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ նա կռվում էր Բաշ Ապարանում` Ջհանգիր աղայի եզդիական ջոկատում։

Այդ մարտերից անմիջապես հետո Ուսուբ Բեկն ընտրվեց Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Իսկ պատերազմից առաջ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Կոմիտասի հետ միասին․․․

Սուրենը բռնում է թևս ու ինձ ներքև քաշում։ Մինչ ես վերհիշում էի այս ամենը, ծառերի պինդ ճյուղերը «սանրեցին» մեր թափքը։ Մենք անցանք վերջին այգիները։ Ավելի վեր միայն լեռներն են ու սառնորակ ջրերը։
«Իսկ դու որտեղի՞ց ես։ Թիֆլիսի՞ց, երևի»,-հարցնում է ինձ Սուրենի հարևանը։
«Չէ, Երևանից եմ»,-պատասխանում եմ։
«Հա՜․․․ Թե չէ` հեռախոսով ռուսերեն էիր խոսում»,-ասում է նա մաքուր հայերենով։ Նա նույնպես հայկական անուն ունի՝ Իշխան։
Նրանք ինձ եզդիերեն բառեր են սովորեցնում, որոնք ջանասիրաբար փորձում եմ արտաբերել։
«Իսկ ձեր ծանոթ հայերը ձեր լեզուն հասկանո՞ւմ են»,-կասկածանքով հարցնում եմ ես։

«Հա, բա ոնց, մեր գյուղի հայերը մեզնից լավ են խոսում մեր լեզվով»,-ամենայն լրջությամբ պատասխանում է Իշխանը։
Երկու ազգ ենք` մեկ ժողովուրդ
Տանտերերին օգնում եմ բեռնաթափել «Ուրալը», այնուհետև միասին բացում ենք ձիգ ու լայն (Երևանի մի փողոցի լայնությամբ) մետաղալարե ցանցերը: Դրանցից հավաքվելու է ոչխարների փարախը։ Իսկ այժմ բոլորիս համար սրբություն ճաշն է։
«Առաջինը խմենք մեր սարերի սրբերի կենացը։ Թող մեզ խաղաղություն պարգևեն»,-ասում է Մրազ Նաբոյանը` բարձրացնելով օղու բաժակը։
Նա սար բարձրացած եզդի չոբանների ավագն է։ Եզդիների հոգևոր դասից է՝ «փիրերից»։ Մյուս երկու դասերը «շեյխերն» են (նույնպես հոգևոր) և «մրիդները» (աշխարհիկ դասը)։ Բայց նրանցից ոչ ոք որևէ տարբերաշան չի կրում։ Այստեղ բոլորը միասին են արածեցնելու ոչխարներին։ Ամեն օր։ Մինչև աշուն։

Միակ տարբերությունն այն է, որ հացի նստելուց առաջ Մրազը աղոթք է կարդում։ Նա դեմքով շրջվում է դեպի Շամսը, այսինքն` արևը։ Հետո խոնարհվում է մինչև գետին և աղոթում Մալակե Թաուսին՝ եզդիների կրոնի հրեշտակապետին, ապա հիշատակում եզդի սրբերին։ Աստված ստեղծել է աշխարհը և յոթ հրեշտակներին հանձնարարել հոգ տանել նրա մասին, իսկ հրեշտակների գլխավոր է նշանակել սիրամարգի կերպարով Մալակե Թաուսին։
«Սիրամարգի կերպարով հրեշտակապետը եզդիների հայտնի խորհրդանիշն է։ Նա պահպանում և կարգավորում է ամբողջ աշխարհը և բոլոր ժողովուրդներին»,– բացատրում է Մրազը։
«Էս էլ խմենք մեր ժողովուրդների համար։ Մենք երկու ազգ ենք, բայց մի ժողովուրդ․․․ Մեր նախնիները հայերի հետ միասին կռվել են թուրքի դեմ։ Իմ եղբայրը Ղարաբաղում զոհվել է։ Որտեղ հայը դարդ ու ցավ է ունեցել, մենք հավասար կիսել ենք։ Աստված խաղաղություն տա մեր ժողովրդին, անցավորների վրա էլ հողը թեթև լինի»,-ասում է Մրազը։
Արևն այս լեռներում դեռ մանուկ է. դաշտերի արևի պես տարիք չի առել ու ամեն ինչի վրա զարմանում է` մարդիկ տունուտեղը թողած` ի՞նչ գործ ունեն այստեղ, որտեղի՞ց են այստեղի գետերը սկիզբ առնում այսքան զրնգուն ձայնով։

Լեռներում արևն ամեն, ամեն տեղ է շողում, իսկ համառ ձյունը, արի ու տես, չի հալվում, ու հենց նրանից էլ հոսում է գետը։ Այստեղ ջուրն ավելի վճիտ է, քան քաղաքի ամենամաքուր ապակին և այնքան սառն է, որ գիշերը վրան սառույց է կապում։ Իսկ գետի ափի փոքրիկ ծաղիկներն էլ երեխայի պես գժություն են անում։ Շուրջն ինչքան ասես՝ ջուր կա, իսկ նրանք այս ցրտին եկել, հավաքվել են գետի շուրթին․․․ Եվ ամեն առավոտ արևը բացում է աչքերը, և ամեն առավոտ դա տեսնում ու զարմանում է` ինչպես առաջին անգամ․․․
Երբ ես արթնացա, ամեն ինչ փոխվել էր. վրաններն արդեն կանգուն էին, իսկ հովիվները ոչխարների հետ սարերն էին գնացել։ Նրանք կվերադառնան, երբ արևը մայր կմտնի։
Կարսն ու Արարատը
«Օգնում ես` մեշոկները տանե՞նք։ Դե արի»․․․ Գետնին դրված 40-50 կիլոգրամանոց աղի պարկերը երկուսով բռնում-տանում ենք վրաններից մեկը։ Ավելի ճիշտ՝ նրանք են տանում, իսկ ես քարշ եմ տալիս` յուրաքանչյուր պարկից հետո մատներս բացուխուփ անելով։
Ինձնից առաջ գնացող երիտասարդը մեն–մենակ վերցնում է պարկերը և մեկը մյուսի վրա շարում։ Հետո առանց շունչ քաշելու շարունակում է գործը։
«Քանի՞ տարեկան ես»,-հարցնում եմ։
«Տասնինը․․․ Արդեն չեմ էլ հիշում՝ որերոդ տարին է, որ մեծերի հետ սար եմ գալիս։ Էսպես էլ ամբողջ ամառ ման ենք գալիս, հայրենի բնությունը վայելում»,-ժպտում է նա։
Հետո հարցնում է․ «Առաջին անգա՞մ ես մեզ մոտ»։
Նախկինում մի քանի անգամ եղել եմ թե՛ եզդիների, թե՛ ասորիների ու հույների մոտ, երբ փորձում էի գրել այդ ժողովուրդների ցեղասպանության մասին։ Թբիլիսիում հանդիպել եմ տեղի եզդի երիտասարդներին։ Նրանցից մեկի տատը Կարսից էր։ Երբ թուրքերն ու քրդերը մտել են նրանց գյուղ, տատը, որն այն ժամանակ փոքրիկ աղջիկ էր, մի կերպ խցկվել է խոտի դեզի մեջ։ Բակերում շրջող թուրք զինվորը սուրն աջուձախ մտցնելիս է եղել դեզերի մեջ։ Աղջնակը ողջ է մնացել, սակայն ամբողջ կյանքում այդպես էլ չի կարողացել ուղղել վիրավոր մեջքը։
«Ձեր պատմության մասին նույնպես փորձել եմ գրել»,-ասում եմ երիտասարդին։ Ժպիտն իսկույն անհետանում է նրա դեմքից։
Հայաստանում մոտ 40 հազար եզդի կա։ Նրանք ապրում են հիմնականում Արագածոտնի մարզում, ավելի քիչ` Կոտայքում, Արմավիրում ու Երևանում։

Ոչխարների փարախի մոտ մետաղական անկյունակներից (угольник) վերջին սյուներն են ամրացնում։ Մոտենում եմ օգնելու։
«Թո՛ղ «կվալդը»։ Թո՛ղ, չես կարա․․․ Տես, է՜, բարձրացրեց։ Դե, դավա՛յ․․․ Ջան, ջա՜ն...»,– ուրախ-ուրախ, կարծես նարդի է խաղում, իմ ամեն հարվածի հետ ասում է Մրազը։ Հետո ձեռքիցս վերցնում է «կվալդը»:

«Չէ, տո՛ւր։ Ես կանեմ։ Դու «ուգոլնիկը» բռնի»,–ասում է։
Հետո սկսում է կտրուկ, չոր հարվածներ հասցնել երկաթին` առանց ավելորդ ուժ ծախսելու։ Կոշտ մետաղը ցնցվում է ափերիս մեջ։

Ոչխարները երկար ու աղմկոտ գետի պես փարախն են լցվում։ Հովիվների դեմքերը լրջանում են․ փորձում են վախեցնել հոտին, որ այս ու այն կողմ չցրվեն, կամ էլ հաշվում են՝ հո ոչխար չի՞ կորել։
«Ափսոս է մեր տանջանքը։ Էսպես առավոտից իրիկուն քարեքար ենք ընկնում, ու մեկ էլ` ոչխարներից մեկը բռնում–սատկում է։ Էդքան աշխատանքը հեչ եղավ»,-ասում է երիտասարդ Ալիխանը։
Մեր կողքին բուրդ է թափված։ Այլևս վաճառքի համար չեն ոչխարը խուզում՝ բուրդը հիմա ոչ մեկին պետք չէ։ Մորթի ուզող էլ չկա։ Խորհրդային տարիներին էր, որ Երևանի կաշվի գործարանը լավ գին էր տալիս մորթու համար։
«Սովետի ժամանակ ոչ թե վերցնում էին, այլ խնդրում էին, որ հանձնենք, իսկ հիմա դեն ենք գցում․․․ Ափսոս է մեր աշխատանքը։ Այ, ոնց որ պորտմանդ բացես, հազար դրամ հանես ու ճղես–շպրտես․․․»,– ասում է ավելի ավագ հովիվը՝ Ագիտը։
Այստեղ կարելի է փող աշխատել, բայց պետք է ամբողջ ամառ արև–անձրևի տակ ապրես․․․ Դրա համար էլ, եթե մեկը գնում է նրանց հետ աշխատելու` խղճով են վարձատրում։ Ալիխանն ասում է` եթե երկու-երեք օր շուտ գայինք, այստեղ կհանդիպեինք մի «լենինականցի հայ ջահելի», որը գտել է իրենց ու միասին աշխատում են։ 150 հազար դրամ են տալիս։
«Ամբողջ ամառվա համա՞ր»,-հարցնում եմ։
«Չէ, ամիսը»,-պատասխանում է նա։
Եզդիները քոչում են Արարատյան դաշտի մի ծայրը, իսկ մյուս ծայրին Արարատ լեռն է։ Լեռը երևում է պարզ ու հստակ, ինչպես ծերունու աչքին` իր երիտասարդ տարիները։ Այստեղից են նրանք նայում մեր և իրենց հայրենիքին։ Եզդիների մի մասն Արևմտյան Հայաստանից են այստեղ տեղափոխվել՝ Բաշ Ապարանի ճակատամարտի հերոս Ջհանգիր աղայի հետ։ Նա Վանի մոտակայքում գտնվող Խանասոր գյուղից էր։

Ալիխանը՝ Ալոն, ոչխարներով է զբաղված։ Արարատը ինչպես կանգնած էր, այդպես էլ կմնա, իսկ ոչխարները չեն կարող սպասել։ Եթե ցեց ընկնեն, բուրդը կթափվի, իսկ առանց բրդի` ցուրտ գիշերներին կսառչեն։ Ալոն Կոլայի լիտրանոց շշի մեջ լցրած դեղով մտնում է ոչխարների մեջ։ Հիվանդ ոչխարներին հոտով է գտնում։
Ժամանակին Ակսել Բակունցն իր հայրենի Զանգեզուրի մասին ակնարկներից մեկում գրել էր քուրդ հովվի մասին, որը լուռումունջ նստած էր քարին ու հաշվում էր իր ոչխարները։ Նա յուրաքանչյուրին ճանաչում էր ու կարող էր տարբերել մյուսներից։
«Դե, մենք էլ ենք էդպես։ Տեսքից, հոտից։ Որն է հիվանդ, որը` չէ․․․ էս էլ մեր գիտությունն է․․․ Անասնաբույժը հո էստեղ չի հասնի։ Դեղերը մեզ հետ բերում ենք, պետք է լինում` սրսկում էլ ենք։ Վաղը էն մեր բերած «մեշոկներից» ոչխարներին աղ ենք տալու», - ասում է Ագիտը։

Պոնչիկ ուտող «էրևանցիք»

Վաղ առավոտյան հովիվների հետ սարալանջով ներքև ենք իջնում։ Կեսօրին ոչխարները փարախ կբերեն, իսկ երբ մենք արդեն Երևանում հանգիստ նստած ճաշելիս կլինենք, հովիվները նորից ոչխարների հետևից քարեքար կընկնեն մինչև մայրամուտ։
«Վռա՞զ եք։ Տենց բան չկա։ Մինչև հաց չուտեք` չեք գնալու․․․ Տո, թող հլը էդ պամիդորը»,-ծիծաղում է Մրազը, ձեռքիցս վերցնում լոլիկն ու փոխարենը մի կտոր գառան խաշլամա տալիս։ Նրանց համար մենք «պոնչիկ ուտող էրևանցի» ենք։

«Երևանից եկել, սարի գլուխն ես հասել, որ պամիդոր ուտե՞ս, այ քո տունը շինվի․․․ Լավ ա` քաղցր ձողիկ չես ուտում․․․ Միս կեր, միս։ Դե ասա` ձեր Երևանի ո՞ր ռեստորանում սենց խաշլամա կգտնես»,-ասում է նա։
Մրազը բեղն ոլորած տղամարդ է։ Սար է բարձրանում է 10-12 տարեկանից։ Ագիտը` նույնպես։ Նրանց մեր մեքենայով գյուղ ենք իջեցնում։ Կես ժամ իջնում ենք լեռնային քարքարոտ ճամփեքով, հետո ընկնում ենք մի աշխարհ, որն արդեն մի քիչ նման է մերին՝ ճանապարհ է հայտնվում, գյուղական տներ և դպրոց՝ ֆուտբոլի դաշտով։ Եվս 15-20 րոպե հետո դուրս ենք գալիս մայրուղի։
«Բա որ մեքենան չլիներ, ո՞նց էիք տեղ հասնելու»,-հարցնում եմ։

«Է, ոտքով կգայի։ Ես էստեղի ճամփեքն անգիր գիտեմ։ Էս դեռ հեչ. այ, որ մի 30 տարի առաջ մեզ հետ գայիր... Ո՛չ «կռավաթ», ո՛չ սեղան, ո՛չ դեղ։ Ի՜նչ սիրտ, ի՜նչ ճնշում․․․ Ոտքի վրա ես՝ փառք Աստծու»,-պատասխանում է Ագիտը։
Հիմա դեղեր վերցնում են, թեև մի քանի տարի առաջ դրանք էլ չօգնեցին. կանանցից մեկի ճնշումը բարձրացել էր, և տանել գյուղ՝ բժշկի մոտ, չհասցրին։ Դրանից հետո տարեցների հարցում ավելի զգույշ են։ Նրանք կմնան այնտեղ, որտեղից մենք իջանք՝ մոտ երկու հազար մետր բարձրության վրա։ Իսկ ավելի երիտասարդները հուլիսին ավելի վերև կբարձրանան՝ կովերն արածեցնելու։ Այդ լեռներում նրանք՝ երիտասարդներն ու տարեցները, ինչպես նաև նրանց հայ հովիվ ընկերները, կմնան մինչև սեպտեմբեր։
Եզդիները Հայաստանում և ոչ միայն․ հիմնական տեղեկություններ
Հայաստան․ եզդի բնակչություն կամ խոշոր եզդիական համայնքներ ունեցող գյուղերը
Հայաստանում ավելի քան 30 եզդիական կամ եզդիական խոշոր համայնք ունեցող գյուղ կա։ Մի քանի այլ գյուղերում եզդիներն ապրում են փոքր խմբերով (մի քանի տուն)։ Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում երեք համայնք է ապրում՝ ասորիներ, հայեր և եզդիներ։

Հայաստանում մոտ 40 հազար եզդի կա, որոնք հիմնականում բնակվում են գյուղերում և զբաղվում անասնապահությամբ։ Եզդիների մի մասն էլ ապրում են Երևանում, Աբովյանում և այլ քաղաքներում։
Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 2004թ․-ից սկսած` եզդիները պետական դպրոցներում սովորում են իրենց լեզուն (այն բնակավայրերում, որտեղ խոշոր համայնքներ կան)։ 2007 թվականին այստեղ ստեղծվել երգի և պարի եզդիական համույթը, 2010թ.-ից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիագիտության խումբ է գործում։

ՀՀ Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների համար 4 մանդատ է նախատեսված, որոնցից մեկը՝ եզդիների ներկայացուցչի համար։ Խորհրդարանում քննարկվում է եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը՝ ազգային փոքրամասնություններին իրենց ազգային տոների օրերին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։

1915-18թթ․-ին Արևմտյան Հայաստանում սրի են քաշել մի քանի հարյուր հազար եզդիների, որոնք դարեր շարունակ ապրել էին այդ տարածքում։ 2015 թ․-ին ՀՀ ԱԺ-ն ճանաչեց Օսմանյան Թուրքիայում հույն, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունը։
Եզդիները ՀՀ սահմաններից դուրս
Հայաստանից դուրս խոշոր եզդիական համայնքներ կան հետևյալ պետություններում.

1915-18 թթ․ եզդիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում
Աղբյուր` «Ջհանգիր Աղայի անվան եզդիական ջոկատը Արցախյան պատերազմում» (գրքի հեղինակներ՝ Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան)

Խմբագիր՝ Անժելա Մամաջանյան

Հեղինակ՝ Արամ Գարեգինյան

Թարգմանությունը ռուսերենից՝
Ժասմին Ղազարյանի

Ֆոտոխմբագիր՝ Անդրանիկ Ղազարյան

Լուսանկարները և տեսանյութերը՝
Ասատուր Եսայանցի

Մոնտաժը՝ Արամ Ներսեսյանի

Ձևավորումը՝ Շուշանիկ Սարգսյանի



Լրահոս
0