Արխիվային լուսանկար

Թալիբները թուրքերին ասում են Go home և գնդակահարում գերիներին. ի՞նչ է լինելու հետո

169
Նույնիսկ թալիբների կողմից հարգված Թուրքիան է «աֆղանական վերջին նախազգուշացումը» ստացել։ Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն վերլուծում է Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Թալիբները կոշտ ձևով դեպի դուռն են ցույց տվել թուրք զինծառայողներին, որոնց Անկարան և Վաշինգտոնը մտադիր էին թողնել Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու և վերահսկելու համար։ Զուգահեռ «իսլամական էմիրության» գազազած գրոհայինները սկսել են գնդակահարել ռազմագերիներին` սեփական երկրի քաղաքացիներին։ Աֆղանստանը` ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների միջազգային հեղինակության հետ մեկտեղ, շարունակում է անդունդը գլորվել։

«Թալիբանը»* պաշտոնապես հայտարարել է, որ թուրքական զորքը Աֆղանստանի տարածքում խախտում է ԱՄՆ–ի հետ համաձայնագիրը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և Թուրքիային խնդիրներ է խոստացել։ Ցանկացած երկրի զորքերի ներկայությունը թալիբները գնահատում են որպես օկուպացիա. «Զավթիչների դեմ պայքարելու ենք Լունարի հիջրայով (2001 թ) 1422 թվականի ֆեթվայի հիման վրա, որի համաձայն վերջին 20 տարվա ընթացքում տեղի ունեցող պատերազմը ջիհադ էր»։ Վերջնագիրը քննարկման ենթակա չէ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ–ի հետ 2021 թվականի օգոստոսի 31-ից հետո անորոշ ժամանակով Քաբուլի օդանավակայանի պաշտպանության հարցով պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։ ՆԱՏՕ–ի երկրներից մեկի ուժերով մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովող նախագիծը, Աֆղանստանից ԱՄՆ զորքերի ու դաշինքի դուրսբերումից հետո, ի սկզբանե անիրագործելի էր թվում։

Օբյեկտը տեղակայված է Քաբուլի հյուսիսային հատվածում, ինտեգրված քաղաքային շինությունների և հաղորդակցությունների մեջ։ Ավտոմոբիլային և երկաթուղային ցանցի թերզարգացած լինելը օդանավակայանը գլխավոր «պորտալն» է դարձնում Աֆղանստանից արտաքին աշխարհ դուրս գալ ու այնտեղ մեկնել բոլոր ցանկացողների համար։ Ով վերահսկում է օդանավակայանը, փաստացի նա է մայրաքաղաքի և մեծամասամբ երկրի տերը։

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Բնականաբար, թալիբները հասկանում են դա, և իրենց «էմիրությունում» մտադիր չեն կիսվել իշխանությամբ ընդդիմադիրներից և ոչ մեկի հետ, էլ չենք խոսում օտարերկրյա զորքերի մասին։ Քաբուլի գրավումը «աշակերտների» շարժումը զուտ ժամանակի հարց է համարում։ Այսօր «Թալիբանը» վերահսկում է երկրի 398 գավառներից շուրջ 250–ը։ ԱՄՆ–ն 95%–ով ավարտել է զորքի դուրսբերումը։ Միտումներն ակնհայտ են։

Աֆղանստանի հյուսիսային սահմանամերձ շրջաններում շարունակվում են կառավարական ուժերի և ժողովրդական աշխարհազորի թեժ մարտերը «Թալիբանի» ջոկատների հետ։ Անկախ հարևան երկրների սահմանների անխախտելիության հարցում թալիբների հավաստիացումից՝ Կենտրոնական Ասիան վտանգավոր աստիճանի մոտ է պատերազմի քաոսին։ Մտահոգում է նաև «Իսլամական պետության»* աշխուժացումը։ ՌԴ ԱԳՆ տվյալներով` հյուսիսային գավառներում մինչև 4000 ԻՊ գրոհային է կենտրոնացած։

Օպերատիվ իրավիճակը

Նախորդ շաբաթվա ընթացքում Աֆղանստանում աճել է մարտական գործողությունների ինտենսիվությունը Կունդուզ, Բադախշան, Բադղիս և Հերաթ գավառներում, որտեղ զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, թալիբներ և խաղաղ քաղաքացիներ։ Կառավարական ուժերի նկատելի հաջողություններից էր հուլիսի 12–ի գիշերը «Թալիբանի» հետախուզության ղեկավար Քարի Շագասիի ոչնչացումը Լոգար գավառում։

Մյուս կողմից` թալիբները շարունակում են վայրագություններ անել գրաված գավառներում` բռնի ուժով կնության են առնում տեղաբնակ կանանց, դաժանորեն ճնշում են ժողովրդական դժգոհությունը «էմիրության» նոր կանոններից (հրաժարում հեռուստատեսությունից, սմարթֆոններից, երաժշտությունից, եվրոպական հագուստից) և նույնիսկ ոչնչացնում գերիներին։ CNN–ի տեղեկություններով՝ գրոհայինները գնդակահարել են աֆղանական բանակի ավելի քան 20 հատուկջոկատայինի, երբ նրանք փորձել են հանձնվել Թուրքմենստանի սահմանից քիչ հեռու գտնվող Ֆարյաբ գավառի Դավլաթ Աբադ քաղաքում։ Նման գործողությունները խիստ հակասում են միջազգային ասպարեզում ազգային լեգիտիմ ուժ ներկայանալու թալիբների փորձերին։

Կենտրոնական Ասիայի ամենաերկար և վտանգավոր տաջիկական սահմանը հարավային կողմից գրեթե ամբողջությամբ անցել է թալիբների հսկողության տակ։ Աֆղանական Կունդուզ քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող «Շերխան–Բանդար» անցակետի գրավումը ԱՄՆ–ի համար ստորացուցիչ հարված էր, քանի որ 37 մլն դոլար արժողությամբ 700-մետրանոց կամուրջը, որը փոխարինել էր լաստանավերը, 2007 թվականին կառուցվել էր ամերիկյան կառավարության ֆինանսական աջակցմամբ։ Այսօր այդ կամրջի վրա «մաքսային գանձումներ» են իրականացնում «Թալիբանի» գրոհայինները։

Թալիբները Մոսկվայում հայտարարել են, որ չեն պատրաստվում հարձակվել այլ երկրների վրա

Պատահական չէ, որ Ռուսաստանն ու Տաջիկստանը սկսել են Աֆղանստանի հետ սահմանին նոր սահմանային անցակետ կառուցել։ Վերջին երկու օրվա ընթացքում, թալիբներից փրկվելով, Տաջիկստանի տարածք է անցել Աֆղանստանի ավելի քան 120 քաղաքացի։

Հուլիսի 13-14-ին Դուշանբեում կայացավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտգործնախարարների գագաթնաժողովը` շեշտը դնելով աֆղանական խնդրի վրա։ Կազմակերպության երկրների արտգործնախարարները մտահոգություն հայտնեցին լարվածության աճի վերաբերյալ՝ Աֆղանստանի հյուսիսային գավառներում «տարբեր ահաբեկչական, անջատողական և ծայրահեղական խմբավորումների կենտրոնացման կտրուկ աճի հետևանքով»։ Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ահաբեկչությանը, անջատողականությանն ու ծայրահեղականությանը հակազդելու 2022−2024 թվականների համագործակցության ծրագրերը, 2018−2023 թվականների հակաթմրամիջոցների ռազմավարության աշխատանքային պլանը։ 

Արևելքը նուրբ բան է

Հետաքրքիր է, որ թալիբներն անտեսել են Ստամբուլում կայացած բանակցությունները, փոխարենը շարժման «քաղաքական գրասենյակը» այցելել է Մոսկվա, Թեհրան և Կենտրոնական Ասիայի որոշ մայրաքաղաքներ։ Վերջին օրերի իրադարձություններն ու միտումները վստահեցնում են. ԱՄՆ–ն և նրա դաշնակիցներն արդեն ոչ մի բանով չեն օգնի Աֆղանստանի օրինական ղեկավարությանը։ Թալիբները դեռ հաղթանակ չեն տարել Քաբուլի կառավարության նկատմամբ, բայց արդեն հաղթել են Վաշինգտոնին` ամերիկացիները ակտիվորեն մեղավորներ են փնտրում Վիետնամից հետո Աֆղանստանում ամենակործանարար աշխարհաքաղաքական պարտության համար։ Աֆղանական երկրորդ պատերազմում պարտված Մեծ Բրիտանիան հակված է հաղթողների (ում ՄԱԿ–ը 2001 թվականից մինչ օրս ահաբեկիչ է համարում) հետ ստորացուցիչ համագործակցության։ Եվ նույնիսկ թալիբների շրջանում հարգված Թուրքիան «վերջին աֆղանական նախազգուշացումն» է ստացել։

Կոլեկտիվ Արևմուտքը դեռ փորձում է «աջակցություն» ցուցադրել Աֆղանստանի կառավարական ուժերին, ու եթե ոչ փրկել ամերիկամետ կառավարությունը Քաբուլում, ապա գոնե «պահպանել դեմքը»։ Սակայն Աբու Դաբիում (ԱՄԷ) գտնվող ապահովման ավիաբազայի հեռու գտնվելը ի սկզբանե նվազեցնում է արդյունավետությունը և երաշխավորում է միայն երեք-չորս ժամ թռիչք մինչև Աֆղանստան (1800 կմ մինչև Քաբուլ): Այլ սահմանների հասնել հնարավոր չեղավ:

Աշխարհագրական դիրքը կախված է ավելի շուտ Մոսկվայից և նրա դաշնակիցներից, քան Վաշինգտոնից և ՆԱՏՕ–ից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն անընդունելի է Աֆղանստանից ամերիկյան զորքերի տեղափոխումը Կենտրոնական Ասիայի սահմանակից պետություններ։ Այս դիրքորոշումը Մոսկվան հասցրել է Վաշինգտոնին և իր տարածաշրջանային դաշնակիցներին։

Հայ խաղաղապահի «Արա Աբգար» կանչը մարտական տագնապի պատճառ է դարձել Աֆղանստանում

Հետագայում որևէ մեկին հեշտ չի լինելու։ Անկասկած «Թալիբանը» ապակառուցողական ահաբեկչական կազմակերպություն է, որը Ռուսաստանից, Կենտրոնական և Հարավային Ասիայից համարժեք արձագանք է պահանջում։ Պակիստանի ծայրահեղական մեդրեսներում (կրոնական թեքումով դպրոցներում-խմբ.) երիտասարդ արմատականների մոտ ծայրահեղ բացասական վերաբերմունք են դաստիարակում Ռուսաստանի և եվրոպական քաղաքակրթության նկատմամբ։ Այնուամենայնիվ, եթե դիտարկենք Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում, Լիբիայում, Սիրիայում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի երկարամյա արյունահեղ «շտկումները», թալիբները կարող են «երկու չարիքից» նվազագույնը դառնալ։

Միացյալ Նահանգները պարտվել են վերջին 7 տասնամյակների բոլոր պատերազմները, բայց Աֆղանստանը Արևմուտքի պատմության հատուկ էջն է։ Արևմուտք, որն իր տպավորիչ ռազմատնտեսական ներուժով և տասնյակ երկրների բարձր տեխնոլոգիական համերաշխ լարվածությամբ 20 տարվա ընթացքում չկարողացավ փոխել Արևելքը:

*«Թալիբանը» ու ԻՊ–ը («Իսլամական պետություն») Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորումներ են։

169
թեգերը:
ԱՄՆ, Աֆղանստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել
Էմանուել Մակրոն

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ո՞ր պատվաստանյութն է նախընտրել Ֆրանսիայի նախագահը

18
(Թարմացված է 21:31 04.08.2021)
Ֆրանսիայի նախագահը, որն անցյալ տարվա դեկտեմբերին էր վարակվել կորոնավիրուսով, պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։ Նա այդ մասին գրել է Instagram-ում։

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափը», - ասել Է Մակրոնը՝ պատասխանելով կորոնավիրուսային պատվաստումներին վերաբերող հարցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Մակրոնն ինքնամեկուսացավ ու սկսեց հեռավար աշխատել։ Դեկտեմբերի 24-ին նախագահի գրասենյակը հայտնեց, որ Մակրոնն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

18
թեգերը:
Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի
Ջո Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է սերտացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

26
(Թարմացված է 21:16 04.08.2021)
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն:

«Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում»,- Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում և շարունակելու է կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

«Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,–ասել է ԱՄՆ նախագահը:

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝  ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:

Նշենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

26
թեգերը:
ԱՄՆ, Հայաստան, Ջո Բայդեն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին, վերջինս խոստում է տվել վարչապետին. տեսանյութ
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Ընտրություններ

Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին

0
(Թարմացված է 22:04 04.08.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է այն խոսքը, որն առանձին գործիչներ վերջին օրերին հնչեցնում էին մեր խորհրդարանում։
Այն, որ ընտրվել ես, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչպիսին կմնաս սերունդների հիշողության մեջ

Նրանցից ոմանք շատ հստակ ակնարկում էին՝ իմ օգտին հունիսի 20-ին ձայն են տվել բազմահազար ընտրողներ, որոնք կողմ են արտահայտվել ինձ առաջադրած քաղաքական ուժին, ուրեմն ժողովուրդը բարձր է գնահատում նաև իմ արժանիքները, իսկ ձեր բացասական  գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Մարդ ակամայից ուզում է տալ հանրահայտ հարցը. «Յա, իրո՞ք»։

Ախր հունիսին մենք մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ ընդհանրապես չենք քվեարկել անձերի օգտին, իսկ եթե չկա այդ ռեյտինգային կոչված համակարգը, կներե՛ք, ինչի՞ վրա են հիմնվում ձեր բարձր անձնական ռեյտինգի մասին սեփական դատողությունները։

Բայց՝ դա էլ մի կողմ։ Ենթադրենք, թե ժողովուրդն անձամբ ձեզ իրոք անչափ սիրում է և քվեարկել է հենց ձեր օգտին։ Համաձայնե՛ք, Ամերիկայի բոլոր առաջնորդներին էլ իրենց ժողովուրդը ընտրել է, դա հո չի՞ նշանակում, որ 46-ն էլ լավն են։ Գիտե՞ք, թե ինչ են ասում, օրինակ, Ջեյմս Բյուքենենի մասին։ Մասնագետները համակարծիք են՝ եթե այդ մարդը ղեկավարեր Ամերիկան ևս 4 տարի, հիմա Միացյալ Նահանգները որպես պետություն ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Ամերիկացի պրոֆեսոր Կորենտին Սելլինը փաստում է. «Նրա նախագահությունն իսկական քաղաքական աղետ էր. այնպես պառակտեց հասարակությունը, որ նրա հեռանալուց ընդամենը չորս շաբաթ հետո կործանարար քաղաքացիական պատերազմ սկսվեց Հյուսիսի և Հարավի միջև,ու ԱՄՆ-ը արդեն բաժանվում էր երկու մասի։ Բարեբախտաբար, Բյուքենենին փոխարինեց Աբրահամ Լինքոլնը»։

Հիմա ասեք, խնդրեմ, երկուսն էլ անկասկած ընտրվել են, բայց արդյոք կարելի՞ է նույն գնահատականը տալ այն ղեկավարին, որն ամերիկացիներին բաժանեց «սևերի» ու «սպիտակների»,  քաղաքացիական պատերազմ հրահրեց, և այն առաջնորդին, որի հսկայական ջանքերի գնով հաջողվեց հաղթահարել իր նախորդի ապաշնորհ գործունեության աղետաբեր հետևանքները ու փրկել երկիրը։

Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք

Սա ես չեմ ասում՝ մի քանի շաբաթ առաջ Սի-ՍՓԱՆ ամերիկյան հեռուստաալիքը հրապարակեց 140 փորձագետների գնահատականների հիման վրա արված եզրակացություններն ԱՄՆ-ի մոտ չորսուկես տասնյակ նախագահների վերաբերյալ։ Նրանց գործունեությունը դիտարկվել է տարբեր տեսանկյուններից՝ մարդկանց համոզելու ունակություն, ճգնաժամերի կարգավորում, տնտեսական կառավարում, բարոյական հեղինակություն, միջազգային հարաբերություններ, Կոնգրեսի հետ համագործակցություն, համընդհանուր իրավական արդարության ապահովում։ Եվ ի՞նչ՝ Աբրահամ Լինքոլնն առաջին տեղում է, Ջեյմս Բյուքենենը՝ ամենավերջին։

Բա ասում եք՝ ժողովուրդը ինձ ձայն է տվել, ուրեմն լավն եմ։ Ջեյմս Բյուքենենի հարյուր հազարավոր կողմնակիցներն էլ, իհարկե, հավատացել են, որ նա հենց այն մարդն է, որը Ամերիկան կտանի դեպի պայծառ ապագա, բայց սերունդները հո չեն մոռանա, որ այդ մարդը՝ փոխանակ միավորելու, ամեն ինչ արեց քաղաքացիներին միմյանց դեմ տրամադրելու համար, փոխանակ ամրապնդելու երկրի անվտանգությունը, քիչ էր մնում կործաներ պետությունն ընդհանրապես։

Եվ ինչո՞ւ հեռու գնանք։ Մեր օրերում էլ չափազանց ուսանելի օրինակներ կան, երբ ղեկավարի ինքնագնահատականը խիստ տարբերվում է մասնագետների կարծիքից։ Հիշեք, թե քանի անգամ է Դոնալդ Թրամփը կրկնել. «Ես Ամերիկայի պատմության մեջ ամենալավ նախագահն եմ»։ Իսկ գիտե՞ք, թե ամերիկացի նախագահների այդ ցուցակում որ տեղն են Թրամփին հատկացրել 140 փորձագետները՝ 41-րդ հորիզոնականը, ամենավատ նախագահ Ջեյմս Բյուքենենից ոչ շատ հեռու։ Այնինչ, Թրամփը շարունակում է պնդել՝ ոչ միայն Հիլարի Քլինթոնին, Ջո Բայդենին էլ եմ հաղթել։

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի

Ճիշտ է, Թրամփի դեպքում պետք է մի կարևոր վերապահում անել՝ այդ մարդը նույնիսկ պարտությունից հետո հիմա էլ հանրապետականների ճամբարում ամենահայտնի գործիչն է, և ամենևին չի բացառվում, որ կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Միգուցե նույնիսկ հաղթի և կարողանա կտրուկ շտկել իր դիրքն Ամերիկայի նախագահների ցուցակում։ Բայց դա, համաձայնեք, ընդամենը ենթադրությունների ոլորտից է։ Իսկ առայժմ ամերիկացի փորձագետները համոզված են՝ այն մարդը, որը փորձում էր բոլորին համոզել, թե իրենից ավելի լավ նախագահ չի եղել, իրականում ամենավատերից մեկն էր։ Թեև որեւէ մեկը չի կասկածում՝ այո՛, միլիոնավոր մարդիկ քվեարկել էին հենց նրա օգտին։

0
թեգերը:
ԱՄՆ, Նախագահ, Դոնալդ Թրամփ, Հայաստան, Ընտրություններ, քվեարկություն, Պատգամավոր, ԱԺ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Միշտ չէ, որ աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը
«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»
Նա խրտնեցրել է եվրոպացիներին ու 2 ոտքը դրել մի կոշիկի մեջ. ինչպես Յանշան շշպռեց Սորոսին