Արխիվային լուսանկար

«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». ո՞վ է թալիբներին աջակցում Աֆղանստանում

107
(Թարմացված է 22:12 13.07.2021)
Թալիբները պնդում են, որ պաշտոնական Քաբուլը վերահսկում է միայն վարչական կենտրոնները։ Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կառավարությունը միայնակ մնաց զինված հակառակորդի հետ. ինչպես և 32 տարի առաջ, երբ Աֆղանստանը լքեց Խորհրդային բանակի սահմանափակ զորախումբը։

Ֆիլիպ Պրոկուդին, ՌԻԱ Նովոստի

Մանկությունն ու պատանեկությունը 90-ականներին

Քաբուլցիները միմյանց նկար են ուղարկում. Ջո Բայդենը համբուրվում է «Թալիբանի» դաշտային հրամանատար մուլլա Աբդուլա Հանի Բարադարի հետ։ Ճիշտ Լեոնիդ Բրեժնևի և Էրիկ Հոնեքերի համբույրի նման։ Մայրաքաղաքի բնակիչները զվարճալի են համարում այն կատակը, թե ԱՄՆ առաջնորդը իբրև հատուկ է սպառազինությունն ու տեխնիկան թողել գրոհող մոջահեդներին։

Թալիբների մարտական հաջողությունները բնակչության մոտ խառը զգացմունքներ են առաջացնում. այն, որ իրենք հաղթել են ԱՄՆ–ին ու ՆԱՏՕ–ին, կրկին վտարել են զավթիչներին, ազգային հպարտություն է ներշնչում, բայց շատերը հիշում են` ինչ կարգեր են իրենց էմիրությունում սահմանել «աշակերտները» (փուշթուից թարգմանաբար` «թալիբան»)։

«Նրանք հավանաբար ասում են. «Շնորհակալություն, Բայդեն, զենքի համար»»,–չարախոսում են քաբուլցիները։

Ամերիկացիները 20 տարի կռվել են թալիբների հետ, և, իհարկե, նրանց օգնելու մտադրություն չունեին։ Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ կողմնորոշումը դեպի Վաշինգտոն չար կատակ խաղաց. նրանք իշխանության աղբյուր էին տեսնում Միացյալ Նահանգները, այլ ոչ սեփական ժողովրդին։ Եվ հիմա` դաշնակիցների հեռացումից հետո, ռեժիմն օդից կախված է մնացել. այն սակավաթիվ համախոհներ ունի։ Այդ մասին երբեմն շշուկով, երբեմն էլ բարձրաձայն խոսում են տեղի քաղաքական գործիչները։

Աֆղանստանի փորձն Արցախում օգնեց բազում խնդիրներից խուսափել. գեներալ

Սամանդարը հեռախոսի վրա ցույց է տալիս համբուրվող քաղաքական գործիչներով մեմը, այնուհետև լրջանում։ 1996 թվականին, երբ թալիբներն առանց մարտի մտան Քաբուլ, նրա տասը տարին դեռ չէր բոլորել։ Հիշելով իր մանկությունն ու պատանեկությունը այսպես կոչված Աֆղանստանի իսլամական էմիրության մայրաքաղաքում, նա փորձում է անաչառ լինել։ «Նրանց օրոք կարգուկանոն է եղել, առանց գողության։ Դրա համար անմիջապես ձեռք էին կտրում։ Չիկ, – ցույց է տալիս ձեռքով, – ու ձեռքդ չկա։ Նրանց մոտ այդ հարցում ամեն ինչ արագ էր»։

«Ընդհանրապես դա սխալ է։ Չէ՞ որ բռնում էին նրան, ում մատնացույց էին անում, բայց գուցե նա անմեղ մարդ է։ Բացի այդ, մեղավորի ձեռքն էլ գողության համար կտրելը վատ է», – Սամանդարը որոշ ժամանակ լռում է։ Բառերն է ընտրում։ Աֆղանցիները սովոր են հետևել իրենց լեզվին։ Շուրջբոլորը մատնիչներ են։

Բայց զրուցակիցը կարծես պոռթկում է. «Ամեն ինչի մեջ մտնում էին։ Արգելում էին ջինս հագնել. ավանդական հագուստ կրիր, որը ավանդական էլ չէ, այլ Պակիստանից բերված, իսկ ես ջինսով դեռահաս էի։ ինձ մատնեցին։ Ճիպոտով էին ծեծում»։

ԱՄՆ-ն Աֆղանստանում ա՞յլ նպատակներ ունի

Կրկին լռում է` հավանաբար զղջալով ասածի համար, ու հավելում.

«Շատ ցավոտ էր։ Ու ցավալի` մարդկանց աչքի առաջ են ծեծում»։

Խորոված անող Խալիկը 1996 թվականին նույնպես երեխա էր։ Հորը սպանել էին։ 7 տարեկան որդին ընտանիքի գլխավորը դարձավ։

«Այդ օրվանից պատասխանատու եմ բոլորի համար։ «Թալիբանն» է գալու հիմա, պետք է մի կերպ յոլա գնալ»։

Խալիկն ապագայի մասին գուշակություններ չի անում. անշնորհակալ գործ է։ Ամերիկացիների գալու համար 20 տարի առաջ ուրախացել էր, բայց այսօր նրանք չկան։

Ավելի լավ է` չգային, հոգոց է հանում զրուցակիցը, ամեն ինչ ինքն իրեն կլուծվեր։ Խորհրդային զորքի մասին քաղաքավարությունից ելնելով նշում է. փոխարենը ԽՍՀՄ–ը շատ բան է կառուցել Աֆղանստանում։

Փախուստ գերությունից

Իզատուլոն համաձայնեց զրուցել միայն որոշակի պայմանով։ Իր կարծիքով` անվտանգ վայրում ճանապարհին խնդրեց կանգնել մանրավաճառի մոտ, ծամելու ծխախոտաբույս գնեց` օրինական թմրանյութ է։ Վարորդի անբարյացակամ հայացքի տակ բացեց տոպրակը, բերանը մի բարձիկ գցեց։ Ավելի լավ է` նկատողություն չանել նրան։ Իզատուլոն կամուֆլյաժով է, նյարդային շարժուձև ունի, խոսքն անհարթ է. կարծես ուր որ է` կհարվածի։

Տաքսու վարորդը երկար է հաշվում մանրը, և Իզատուլոն զայրանում է։ Նրան թվում է, որ իրեն խաբել են ուզում. կտրուկ շարժումով վերցնում է թղթադրամները վահանակի վրայից։ Վախեցած վարորդը չի վիճում։

Սրճարանում նստած Իզատուլոն մի կողմ է գցում սպայական ուսադիրը կրծքին փակող թաշկինակի ծայրերը։ Հատուկ նշանակության զորքերի գրությունը նա հանել է։ Թալիբների մոտ գերի ընկնելու նրա պատմությունը սովորականներից է։

«Շրջապատեցին, փամփուշտներն ավարտվեցին։ Մեզ` գերիներիս, բաժանեցին։ Նրանք միշտ են այդպես անում, այդ պատճառով չգիտեմ, թե մյուսների հետ ինչ է եղել։ Այնուհետև ձեռքերս կապեցին և սկսեցին կտրել շիկացած դանակով։ Ինչո՞ւ։ Ոչ, գաղտնիքներ իմանալու կարիք չունեին նրանք, պարզապես վրեժխնդիր էին լինում։ Այնտեղ շատերին պառկեցրինք», – զրուցակիցը հազիվ է զսպում հույզերը, խուլ ձայնը զրնգուն է դառնում։

ԱՄՆ–ն պատրաստ է հինգ հազար զինծառայողի հանել Աֆղանստանից

Իզատուլոն ձևացրել է, թե ցավից ուշագնաց է եղել։ Գրեթե այդպես էլ եղել է. Իզատուլոյին տանջահար անողը թմրանյութերի ազդեցության տակ երկար ու հմտորեն խարազանում էր նրան։ Հատուկ ջոկատայինին թողեցին այդպես գետնի վրա` հաջորդ «զվարճանքի» համար ուշքի գալու համար։ Նա կարողացավ դանակ վերցնել, կտրատել կապանքներն ու փախչել։ Ցույց է տալիս ձեռքերը` սպիներ կան։ Բաճկոնը բարձրացնում է` էլի սպիներ։

«Ի՞նչ եմ անելու թալիբների հետ, եթե հանկարծ ձեռքս ընկնեն», – Իզատուլոյին կարծես զարմացրել է հարցը,–նույնը, ինչ և նախկինում` սպանելու եմ։ Նրանք ոչ ոքի չեն խղճում։ Մարտի են գնում թմրանյութի ազդեցության հետո։ Ի՞նչ են նրանց ներարկում` չգիտեմ»։ Գերությունից փախած սպան որևէ մեկի հետ համակերպվելու մտադրություն չունի։

Նա արագ կորցնում է հետաքրքրությունը զրույցի նկատմամբ, կծկվում, սկսում ճոճվել աթոռի վրա։ Հետո ասում է, որ խիստ կարիքի մեջ է. վնասվածքներից հետո երկար ժամանակ ծառայության չի վերադարձել, կենսաթոշակն էլ փոքր է։ Թղթադրամները ստանալով` հրաժեշտ է տալիս ու գնում տրանսպորտի հոսքի միջով։ Քաբուլում բոլորն են այդպես քայլում, բայց Իզատուլոն նույնիսկ կողքերը չի նայում, վարորդներն են փորձում նրան շրջանցել։

Երկարատև պատերազմի հերոսները

Քաբուլը ցանկապատների քաղաք է, դրանցով են շրջապատված բոլոր պաշտոնական շենքերը։ Ամենուր հերոսների դիմանկարներ են, հաճախ հանդիպում է Ահմադ Շահ Մասուդը։ «Փանջշիրի առյուծը» նույնիսկ հրուշակեղենի խանութի վրա է` մուլտֆիլմի հերոսների պատկերների կողքին։ Աֆղանցի տղաների համար ո՞վ է ավելի հզոր` Մասո՞ւդը, թե՞ Սփայդերմենը հումորային հարցին պատասխանում է լրջորեն. «Նրանք մուլտֆիլմեր նայում են, բայց երևի Մասուդը ամեն դեպքում. երկրում պատերազմ է, իսկ նա հերոս է։ Երեխաները հասկանում են` ինչ է դա, ծնողները նրանց պատմում են, պատերազմ է նրանց շրջապատում»։

Մասուդը` մեկ այլ լեգենդար քաղաքական գործիչ Բուրհանուդին Ռաբանիի հիմնադրած «Աֆղանստանի իսլամական հասարակություն» քաղաքական կուսակցության հրամանատարն էր։ Ռաբանին Աֆղանստանի նախագահն է եղել, իսկ ավելի ուշ այսպես կոչված «դիմադրություն տարիներին» (1996-2001) ղեկավարել է «Թալիբանի» հետ կռվող Հյուսիսային դաշինքը։ 2011 թվականին նրան սպանեց մահապարտը . պայթուցիկ սարք էր անցկացրել չալմայի մեջ։ Բուրհանուդինի որդին` Սալահուդին Ռաբանին, ՆԳՆ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում, այսօր գլխավորում է հոր ստեղծած կուսակցությունը` «Աֆղանստանի իսլամական հասարակությունը»։

Սալահուդին Ռաբանին չի համարում, որ երկիրը վերադարձել է 1990–ականներին։

«Միջազգային հանրությունն աջակցում է Աֆղանստանի ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերում է թալիբներին, նրանք շատ բան են հայտարարում, բայց հարցն այն է, որ ժողովուրդը նրանց համակարգը, կրոնի նման մեկնաբանությունը չի ընդունի։ Մյուս կողմից` պետք է ներառական կառավարություն լինի հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներով։ Աֆղանստանը բազմազգ երկիր է, և այդ բազմազանությունը մեր ուժն է», – ընդգծում է նա։

«Աֆղանցիները հասկանում էին, որ օտարերկրյա ուժերը չեն կարող այստեղ հավերժ մնալ։ Բայց այն, թե ինչպես դուրս բերեցին զորքը, դա, այսպես ասենք, այն չէր, ինչ սպասում էինք։ Պատասխանատու քայլ չէր։ Դոհայում համաձայնագիրը ստորագրելուց («Թալիբանի» և ԱՄՆ–ի միջև, – խմբ.) անմիջապես հետո հապճեպ հեռացում սկսվեց, իսկ երկրում մնացին խիզախ թալիբներն ու կառավարությունը, որը համաձայնագրին չէր մասնակցել։ Չկար որևէ առաջընթաց խաղաղ բանակցային գործընթացում, և ոչ էլ պայմանավորվածություն հրադադարի մասին։ Բայց, անկախ թալիբների վերջին ռազմական հաջողություններից, նրանք հետ կշպրտվեն։ Մենք կարծում ենք, որ ռազմական պարտությունը նրանց կստիպի նստել բանակցային սեղանի շուրջ»։

Աֆղանստանի հարցը ռազմական լուծում չունի` ստիպված կլինեն համաձայնության գալ։ «Թալիբանը» հասկանում է դա։

Հրաժեշտ տալիս Ռաբանին հետաքրքրվում է. «Եղե՞լ եք Բաղրամում։ Նրանք իսկապե՞ս փախել են»։

Պատասխանը լսելով` մեկնում է ձեռքը. «Խորհրդային զորքը թեև պարտվեց այդ պատերազմում, բայց օրը ցերեկով` պատվով էին հեռանում, և դրոշները ձեռքներին»։

Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ

Հավանաբար, սա այն դեպքը չէ, երբ պատմությունը կրկնվում է։

«Թալիբանը» Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

107
թեգերը:
Ջո Բայդեն, ԱՄՆ, Աֆղանստան, Թալիբներ
Ըստ թեմայի
Թալիբները Մոսկվայում հայտարարել են, որ չեն պատրաստվում հարձակվել այլ երկրների վրա
Բացահայտ ֆեյք․ ԱՄՆ-ի հետախուզությունը` Ռուսաստանի և թալիբների «դավադրության» մասին
Իսլամիստները «Թալիբան» շարժման դրոշն են պարզել Սուրբ Սոֆիայի տաճարում․ տեսանյութ
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

23
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

23
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա
«Արարատ» -«Շլենսկ» հանդիպում

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

30
(Թարմացված է 00:07 30.07.2021)
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում հայկական ակումբներն ավարտեցին իրենց ելույթները։ Վերջին հույսը «Արարատն» էր, որն էլ պայքարը թողեց որակավորման երկրորդ փուլից հետո։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի պատասխան խաղում ոչ ոքի` 3։3-ով ավարտեց հանդիպումը լեհական «Շլենսկի» հետ։ Բայց Գյումրիում տարած հաղթանակից հետո երկու խաղերի արդյունքում հաղթեցին լեհերը։

Առաջին խաղը, որը կայացավ թիմերի միջև մեկ շաբաթ առաջ Գյումրիում, ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Բայց այնպես չէ, որ «Արարատը» զիջել էր մրցակցին խաղով։ Կարելի է ասել, որ Գյումրիում գրանցված հաշիվը ինչ-որ տեղ չէր արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը։ Հետևաբար` պատասխան խաղում հավանականությունը մեծ էր, որ «Արարատը» կարող է և անակնկալ մատուցել մրցակցին։ Բայց խաղը Վրոցլավի «Մեյսկի» ստադիոնում անհաջող սկսվեց մեր թիմի համար։ Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Ռոբերտ Պիխը։

Իհարկե նույնիսկ նվազագույն առավելությունն էր ապահովում էր «Շլենսկին» հաջորդ փուլի ուղեգիրը։ Բայց մինչև ընդմիջում, օգտագործելով մրցակցի կոնցենտրացիայի կորուստը, մերոնք երկու րոպեի ընթացքում նոր հույս պարգևեցին հայ երկրպագուներին։ Մորի Կոնեն, դառնալով դուբլի հեղինակ, դիմակայությունում ընդհանուր հաշիվը հավասարեցնելու շատ լավ հնարավորություն տվեց «Արարատին»։ Բայց ընդմիջումից հետո Շիմոն Լևկոտը, ապա Ռոբերտ Պիխը նորից նվազագույն առավելություն ապահովեցին լեհական թիմին։ Ճիշտ է, հույսը մեռնում է վերջում, բայց արդեն հասկանալի էր, որ նույնիսկ դիմակայությունում հաշիվը հավասարեցնելու շանսեր այլևս չկային։ «Արարատը» մինչև խաղավերջ պետք է խփեր երեք գնդակ։

Բայց նման հրաշք տեղի չունեցավ։ Ճիշտ է, Դինիմանի Սիլում «Արարատի» կազմում խփեց պատասխան երրորդ գնդակը, սակայն դա բավական չէր երկու խաղերի արդյունքների հանրագումարում հաղթելու համար։ «Արարատը» պարտվեց դիմակայությունում, սակայն, եթե Գյումրիում մերոնք օգտագործեին իրենց ստեղծած գոլային պահերը, հաստատ այլ արդյունք կարող էր լինել դիմակայությունում։

Տհաճ միջադեպ Պեպեի և Մխիթարյանի միջև. խաղը քիչ էր մնում` վերածվեր ծեծկռտուքի

Այսպիսով «Արարատը», «Նոան» և «Ուրարտուն» չկարողացան աչքի ընկնել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Միայն «Արարատը» կարողացավ հաղթահարել որակավորման առաջին փուլը, իսկ մյուս երկու թիմերն առաջին իսկ փուլում պարտվեցին իրենց մրցակիցներին։ Հիմա Եվրոգավաթների խաղարկություններում մնացել է հայկական մեկ թիմ՝ «Ալաշկերտը», որը Չեմպիոնների լիգայում պարտվելուց հետո արդեն կխաղա Եվրոպայի լիգայում։ Այս մրցաշարում «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին։ Այդ օրը մեր չեմպիոնն արտագնա խաղում կմրցի Կամո Հովհաննիսյանի «Կայրաթի» դեմ։

30
թեգերը:
ՈւԵՖԱ, հաղթանակ, գոլ, «Արարատ» ՖԱ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Գոլառատ ֆուտբոլ Գյումրիում. «Արարատը» զիջեց «Շլյոնսկին»
«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին
«Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը