Աննա Աջյանը

Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ–ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը

933
(Թարմացված է 15:11 05.05.2021)
17 տարեկանում մոդելը հասցրել է հայտնվել ճապոնական նորաձևության ամսագրերի շապիկներին, համագործակցել Ferragamo և BAPE ապրանքանիշերի հետ, հայտնի Սթիվ Հարվիի հետ ամերիկյան մանկական շոու վարել, նկարահանվել գովազդում, աշխատել Էլեն Դեջեներսի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Աննա Աջյանը ծնվել ու ապրում է Լոս Անջելեսում, սակայն տարին մի քանի անգամ նա Ճապոնիա է գնում։ Իհարկե ոչ հենց այնպես. մայրական կողմով նա ճապոնացի է, հայրականով` հայ։ Ճիշտ է, Հայաստանում աղջիկը դեռ չի եղել, բայց վաղուց է այդ մասին երազում։ Անցած տարի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի մյուս ուսանողների հետ նա պետք է առաջին անգամ պատմական հայրենիք գար, սակայն ծրագրերը ձախողվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հարցին, թե ինչպես են ծանոթացել իր ծնողները և ինչ ընդհանրություն ունեն նրանք, Աննան պատասխանում է. «Ծնողներս հանդիպել են Լոս Անջելեսում։ Հայկական ու ճապոնական մշակույթներն ընտանեկան արժեքների, ընկերության հարցերում մի շարք ընդհանրություններ ունեն...»

Մոդելը խոսում է երեք լեզուներով։ Խոստովանում է, որ տանը հայրիկի հետ հայերեն է խոսում, մայրիկի հետ` ճապոներեն, իսկ միմյանց հետ անգլերեն են հաղորդակցվում։

Լեզուների իմացությունն ու խարիզման նրան բերեցին հայտնի ամերիկյան NBC հեռուստաալիք, Էլեն Դեջեներսի հեղինակային շոու, որտեղ նա սինքրոն թարգմանություն էր անում ճապոներենից անգլերեն և հակառակը, որպեսզի հաղորդավարուհին կարողանա զրուցել ասիացի իր հյուրերի հետ։ Աննան խոստովանում է, որ դա շատ հետաքրքիր ու օգտակար փորձ էր։

«Ես իսկապես վայելում էի աշխատանքս։ Հիանալի հիշողություններ են մնացել նաև The World of Dance («Պարերի աշխարհ – խմբ,») Ջենիֆեր Լոպեսի շոուում աշխատանքից, որտեղ թարգմանիչ էի ճապոնացի պարողի և ժյուրիի անդամների համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է  աղջիկը։

Իսկ NBC հեռուստաալիքում Աննան համահաղորդավար է աշխատել Little Big Shots մանկական շոուում, հայտնի դերասան, հումորիստ ու գրող Սթիվ Հարվիի հետ։

Աղջիկն ասում է, որ ծրագրի հյուրերից նրան հատկապես տպավորել էր մի փոքրիկ տղա, որը գիտեր աշխարհի բոլոր երկրների անվանումները։

Մոդելային կարիերան  Աննան մանկուց է սկսել։ Ասում է, որ այդ գործում ամենաբարդը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ձգվող նկարահանումներն են։ Բայց նա չի բողոքում` հանգստի ժամանակ ունենում է։

«Սիրում եմ արվեստը` թատրոն, երաժշտություն, պարեր։ Հինգ տարեկանից դաշնամուր եմ նվագում, վաղ մանկությունից զբաղվում բալետով։ Մասնակցել եմ բալետի տարբեր բեմադրությունների», – պատմում է նա։

Այսօր պատանի մոդելը Ճապոնիայում ներգրավված է բազմաթիվ նախագծերում, քանի որ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում ուսուցումն առցանց ռեժիմի է անցել։ Բացի բուն մոդելային գործունեությունից Աննան զբաղվում է նաև «Կոմիտասի անվան ճապոնական երաժշտական միության» մշակութային ծրագրերի իրականացմամբ։

«Հիանալի է, որ Ճապոնիայում «Կոմիտասի անվան երաժշտական միությունը» հաղորդակից է անում ճապոնացիներին հայկական երաժշտությանն ու մշակույթին։ Ես ևս ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում», – խոստովանում է նա։

Աղջիկը համոզված է, որ կարևոր է, որ ազգերը գնահատեն միմյանց մշակույթները, չէ՞ որ նրանք միմյանցից այնքան բան կարող են սովորել։

Модель Анна Аяджян
© Photo : provided by Anna Adjian К
Աննա Աջյանը
933
թեգերը:
Աննա Այաջյան, Կոմիտաս, մոդել, Լոս Անջելես, Ճապոնիա, ճապոնացի, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայտնի հայերի գրառումները Ցեղասպանության օրվա կապակցությամբ
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Կամբոջիացիներից մինչև հայեր. տարբեր ժողովուրդների ավանդական ու արտասովոր պարերը
Վիգեն Էուլջեքչյան

Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

101
(Թարմացված է 16:29 16.05.2021)
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված սփյուռքահային մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Ադրբեջանական կողմը Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով»  տեսանյութ է տարածել:

«Ես` Վիգեն Աբրահամի Վիգեն Էուլջեքչյանս, ծնված 1979թ–ին  Բեյրութում, Լիբանանի քաղաքացի եմ»,–տեսանյութում ասում է հայ գերին։

Այնուհետև նա «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը` Ղարաբաղի պատերազմի մասնակից էր, իրեն էլ առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլոր են տալիս»։

«Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան` զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ` 85 հոգի` մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք» - տեսանյութում ասում է Վիգենը։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել  դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ հրապարկել էր մի նյութ, որում ներկայացված է Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։

101
թեգերը:
դատ, Դատարան, սփյուռքահայ, Լիբանան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան
Հայ գերիների հարցը Եվրախորհրդարանում կրկին կքննարկվի. հայտնի է օրը
Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին ՀՀ-ում անձնագիր չտալու հրապարակմանը
Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը. արխիվային լուսանկար

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Փաշինյանը քննարկել է Ղազախստանի նախագահի հետ

23
(Թարմացված է 16:09 16.05.2021)
Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

23
թեգերը:
Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան, Ղազախստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
«Պատիվ ունեմ» դաշինքի անունը պատահական չէ. քաղտեխնոլոգը` ՀՀԿ–ի և Վանեցյանի միության մասին
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը
Лидеры оппозиции: первый президент Армении Левон Тер-Петросян, главный редактор газеты Айкакан жаманак Никол Пашинян на митинге оппозиционного Армянского народного конгресса (31 maq 2011). Еревaн

Լևոն Տեր–Պետրոսյան ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը

0
(Թարմացված է 16:51 16.05.2021)
Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչով է վտանգավոր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը:

«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու։ Իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության, ինչպես նաև երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով»,–ասաց նա։

Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

 «Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող անկայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, և մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր և  տևական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է «Հայ Ազգային Կոնգրեսի» սկզբունքային դիրքորոշումը»,–ասել է նա։

ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։

Նրա խոսքով` նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը