Սպառազինություն

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

159
SIPRI–ի զեկույցում Ռուսաստանը մեծությամբ չորրորդ պաշտպանական բյուջեն ունի, իսկ Global Firepower ռազմական հզորության վարկանիշի համաձայն` աշխարհում վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը։

 

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Պարադոքսալ այս «շեղումը» վկայում է պետական կառավարման բարձր որակի, բանակաշինության  ճիշտ մշակած ռազմավարության և Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի արդյունավետության մասին:

Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալներով`ՌԴ–ի 2020 թվականի ռազմական ծախսերը կազմել են 61,7 մլրդ դոլար. այդ ցուցանիշով այն աշխարհում զբաղեցրել է չորրորդ տեղը։  Աշխարհում 2,6%–ով ռազմական ծախսերի աճի միտումի պահպանման պարագայում Ռուսաստանը 2020 թվականին 6,6%–ով պակաս է ծախսել հաստատված պաշտպանական բյուջեից։  Ավելի վաղ` 2019 թվականին, Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 65,1 մլրդ դոլար, անցած տարի 3,4 մլրդ դոլար ծախսերի նվազում է նկատվել։ Անհագուրդ  ռազմականացումը Մոսկվայի նպատակը չէ, պաշտպանունակությունը պետք է խելամիտ և արդարացված լինի։

Խոշոր ռազմական ծախսերով երկրների հնգյակը համալրել են ԱՄՆ–ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62%–ը` 1,98 տրլն դոլար։

Համեմատաբար համեստ ռազմական բյուջեի պարագայում Ռուսաստանը Global Firepower ռազմական հզորության  համաշխարհային վարկանիշում ավանդաբար զբաղեցնում է երկրորդ տեղը` ԱՄՆ–ից հետո, Չինաստանը երրորդ հորիզոնականում է, Հնդկաստանը` չորրորդ, իսկ Մեծ Բրիտանիան առաջին հնգյակում չկա (8-րդ հորիզոնական)։  Փոքր ծախսերով մեծ հաջողությունների հասնելու ռուսական պարադոքսը բացատրվում է բանակաշինության ճիշտ ռազմավարությամբ, պետական կառավարման և ազգային ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետությամբ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ստեղծմամբ։

Հետաքրքրական է, որ Global Firepower–ը ՌԴ ռազմական բյուջեն 11-րդ տեղն է դասում, ինչը բացատրվում է հաշվարկների տարբեր մեթոդաբանությամբ։  Անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկրի ռազմական ծախսերը ներառում են կառավարության կողմից ԶՈւ–ի համար իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում` աշխատավարձը, սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերումը, ռազմական շինարարությունը, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները, կառավարումը և թիկունքային ապահովումը։

Սպառազինության ծախսերը ռազմական ծախսերի ընդհանուր ծավալի փոքր մասն են կազմում։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը փորձարկել են նոր հակահրթիռը

Բնականաբար, ռազմական ոչ բոլոր ծախսերն են «թափանցիկ», SIPRI վարկանիշի անաչառությունը հարաբերական է, իսկ 6-9 զրոներով թվերը զորքի մարտունակության հետ անմիջականորեն կապված չեն։ Այսպես, օրինակ, 2020 թվականին ՆԱՏՕ–ի երկրների ռազմական ծախսերն ավելի քան 1 տրլն դոլար են կազմել` 25 անգամ ավելի, քան Ռուսաստանինը։  Միևնույն ժամանակ արևմտյան կոալիցիան  ամոթով լքում է Աֆղանստանը` 20 տարվա մարտական գործողությունների ընթացքում այդպես էլ թալիբների նկատմամբ հաղթանակի չհասնելով։

Հետխորհրդային տարածք

Բացառությամբ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների ռազմական ծախսերը բավական համեստ տեսք ունեն և աղյուսակում առաջատարներից բավական մեծ հեռավորության վրա են գտնվում։

Բանակաշինության ռուսական ռազմավարությունը` լավագույն արդյունքն ամենաքիչ միջոցներով, հաջողությամբ պրոյեկտվում է հետխորհրդային տարածքում։  Մոսկվան ներռուսաստանյան գներով դաշնակիցներին օգնում է սպառազինության հարցում, որոշ նմուշներ էլ անհատույց է մատակարարում։  Հիշեցնեմ, որ ավելի վաղ` 2016 – 2020 թվականներին, զենքի արտահանման վերաբերյալ SIPRI հրապարակած զեկույցում Ռուսաստանն ԱՄՆ–ից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել։  Սա ռազմական ծախսերի յուրօրինակ վերածում է եկամտի և ԱՊՀ (ՀԱՊԿ) անվտանգության հավաքական համակարգի։

Օրինակ` Ղազախստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որ 2015 թվականից արտոնյալ պայմաններով Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ–ռմբակոծիչ ձեռք բերել, ինչպես նաև Մի-171Շ և Մի-35 ռազմատրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ ու արդիականացված Իլ-76ՄԴ-90Ա։  Ավելի վաղ Ղազախստանը անհատույց ձեռք էր բերել Սու-24 ռմբակոծիչներ, ՄիԳ-31 և ՄիԳ-29 կործանիչներ, Ս-300 զենիթահրթիռային համալիրներ էր։

Բելառուսը Ռուսաստանից սպառազինության լայն տեսականի է ստանում։  Ավելի վաղ Բելառուսի ՊՆ–ն հայտարարել էր Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագրի նախապատրաստման մասին։  ՌՕՈւ–ի և ՀՕՊ զորքերի համար ձեռք են բերվել 4 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։  Բելառուսը նաև Ս-300ՊՄՈւ-1–ի 8 համալիր է ստացել, 4 հատ Տոր-Մ2 (մարտկոց) և դրա հրթիռների խմբաքանակը (2017 թվականի պայմանագրով)։  Մատակարարումների զգալի մասն արտոնյալ պայմաններով է կամ անհատույց։

Հայաստանին անվճար փոխանցվել է Ս-300 ԶՀՀ 2 դիվիզիոն (ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերի ձևավորման շրջանակում), Հայաստանը նաև դարձել է ռուսական 4 «Իսկանդեր-Է» (և 25 հրթիռ) հրթիռային համալիրների առաջին ներկրողն աշխարհում, ձեռք է բերել 12 Սու-30ՍՄ կործանիչներ, կատարյալ «Բուկ-Մ1-2», «Տոր-Մ2ԿՄ», «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ, ՏՕՍ-1Ա  «Սոլնցեպյոկ» ծանր հրատենային համակարգեր։

Մոսկվան Երևանին զենք է մատակարարում Ռուսաստանի ներքին գներով, ինչպես նաև օգնում 300 մլն դոլար ընդհանուր ծավալի պետական վարկով։ Բնականաբար, ցանկացած զենք զուտ գործիք է, որը հմուտ ձեռքեր է պահանջում։  Գիտելիքն ու փորձը ձեռքբերովի են ու պակաս ծախսատար։ 

Փորձագետը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա

ՆԱՏՕ–ում գտնվելու երկար տարիների ընթացքում Բալթյան երկրների ռազմական բյուջեները թույլ չեն տվել նրանց ոչ մի մարտական ինքնաթիռ, տանկ կամ նավ գնել (հին տրալերներն ու նոր կատերները հաշիվ չեն)։ Լեհաստանը փաստորեն կորցրել է «Orzel» վերջին սուզանավը (խորհրդային արտադրության), իսկ վերջրյա նավատորմը շարունակում է դեգրադացվել։ Ռումինիան «մաշում է» հին խորհրդային «Միգերը»։ Սա հսկայական փողերը «քամուն» տալու  նատօյական «ռազմավարության» ինքնատիպ պրոյեկցիան է` առանց զորքի մարտունակության նկատելի աճի, առանց գերձայնային հրթիռների, առանց ռազմական հաղթանակների Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և այլ թեժ կետերում։

Ինչևէ, այսօր և տեսանելի հեռանկարում աշխարհի բազմաթիվ երկրներ ստիպված են պայքարել ներքաղաքական անկայունության դեմ` քաղաքացիական պատերազմի շեմին կամ դիմակայել միջազգային ահաբեկչությանը` ռազմական գործողությունների ձևաչափով։  Այս ամենը պաշտպանական ոլորտի ծախսերի հետագա աճ է ենթադրում։

159
թեգերը:
ԱՄՆ, ՆԱՏՕ, սպառազինություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իսրայելը կարող է ԱՄՆ–ից հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի
Անկարայում ԱՄՆ դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է
Թուրք քաղաքական գործիչներն առաջարկում են ԱՄՆ-ին պատասխանել Ղրիմի ճանաչմամբ
Իսպանացի պատգամավորները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իսպանացի պատգամավորներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

5
(Թարմացված է 22:20 11.05.2021)
Արցախյան պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ հայ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց։ Ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը, նրանք այդկերպ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին։

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,– ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` արցախյան 44–օրյա պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով։

ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին

5
թեգերը:
Ադրբեջան, Պատգամավոր, ռազմագերի, Իսպանիա
Ըստ թեմայի
ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան
Մոմ

Վարորդի անզգուշության հետևանքով մահացել է ավագ սարկավագ Սիմեոն Ավետիսյանը. մանրամասներ

150
Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող եկեղեցու հոգևորականը մահացել է ավտովթարի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 - Sputnik. Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող Աստվածամոր Սուրբծննդյան տաճարի հոգևորական Սիմեոն Ավետիսյանի մահվան պատճառ է դարձել տաքսու վարորդի անզգուշությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հոգևորականը պետք է կնոջ ու երկու դուստրերի հետ Սանկտ Պետերբուրգ մեկներ՝ երգի փառատոնի մասնակցելու։ Ընտանիքը տարբեր մեքենաներով է կայարան գնացել․ Ավետիսյանն ու կինը տաքսի են կանչել։ Հենց հոգևորականի տան մոտ էլ մեքենան բախվել է ապրանքներ տեղափոխող բեռնատարի, որը փոքր ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, իսկ վարորդը դուրս է եկել ստուգելու՝ վթարի մասնակիցը տուժել է, թե ոչ։ Ցավոք, նա չի հասցրել միացնել վթարային ազդանշանը, և տաքսիստը մխրճվել է բեռնատարի մեջ։

​Առջևում նստած Ավետիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ ժամ անց 67-ամյա հոգևորականը մահացել է։ Նրա կնոջը՝ Եկատերինային, ու տաքսու վարորդին ուղեղի ցնցումով և գանգուղեղային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

«Դուստրերը երևի չեն էլ տեսել վթարի պահն ու շարունակել են իրենց ճանապարհը դեպի կայարան», - գրում է պարբերականը:

Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

Ավետիսյանն ունի վեց դուստր և երեք որդի։ Նրանք բոլորը երգում են «Բարի լուր» ընտանեկան համույթում։ 2012 թվականին հոգևորականին պարգևատրել են «Ծնողական փառքի» շքանշանով: Ավետիսյանը նաև դասավանդել է Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցում։ Գլխավորել է «Մոսկովսկիե կոլոկոլչիկի» մանկական երգչախումբն ու «Մոսկովսկիե կոլոկոլա» երիտասարդական երգչախումբը:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

150
թեգերը:
վարորդ, վթար, հոգևորական, Մահ, Մոսկվա
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում
Մարգարայի բնակիչ Ստեփանը` դաշտում

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

25
(Թարմացված է 22:44 11.05.2021)
Կանաչեղենի վաճառքի առումով տարին հաջող չի եղել գյուղացիների համար. անգամ 30 դրամով չեն կարողացել 1 կապն իրացնել։ Գյուղացիները կա՛մ հենց շուկայում են թողել կանաչին և տուն վերադարձել, կա՛մ էլ թափել են այն։ Նրանք նշում են` պատճառը դրսից ներմուծման ապրանքի ծավալներն են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Գյուղացիներն այս տարի լուրջ խնդրի առաջ են կանգնել. բերքը ոչ մի կերպ չի վաճառվում։ Մասնավորապես, նախորդ ամիս նման խնդիր է առաջացել կանաչեղենի շուկայում։ Եթե Երևանում ապրիլին վերավաճառողները կանաչին 100-150 դրամով էին վաճառում, ապա գյուղացիներն այն իրացնել չեն կարողացել անգամ 30 դրամով։ Պատճառը ոչ միայն բերքի արտահանումը կազմակերպել չկարողանալն է, այլ նաև իրանական ապրանքով հայկական շուկան ողողելը։ Գյուղացիները վախենում են, որ շուտով վարունգն ու լոլիկն էլ են արժանանալու կանաչեղենի բախտին: Խնդրի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների հետ, պատկան մարմիններից էլ ներմուծման մասին փաստող տեղեկատվություն ստացել։

Գյուղացիները մտահոգ են` այսպես ո՞նց են ապրելու

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ենք։ Այս օրերին գյուղացիներն արդեն անցել են լոլիկ և վարունգ քաղելուն, իսկ որոշները բիբարի սածիլ են տնկում։ Դաշտերից մեկում ամուսինների ենք հանդիպում` Ալլային և Վարդանին. նրանք նույնպես կանաչեղեն են ունեցել, որը վաճառել չեն կարողացել։

Жительница села Маргара Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Ալլան

«Համեմ, կոտեմ, սպանախ, բազուկի ճավ ունեի, բայց չեմ կարողացել վաճառել։ Այսինքն` բազուկը տարա «Մեյմանդյարի» շուկա, բայց անգամ 30 դրամով չկարողացա վաճառել ու բերեցի, խոզերի դեմը լցրինք, ինչ անենք... Հիմա արդեն վերջանալու վրա է կանաչեղենը։ Էդ դարդից պրծանք։ Թե չէ` քաղում ես, մաքրում, փունջ անում ու թափում»,–ասում է ամուսինը։

Նրա խոսքով` հիմա նույն խնդրի առաջ են կանգնելու վարունգի հարցում. նախորդ տարի մինչև հունիս վարունգը 250 դրամ էր, իսկ հիմա նոր–նոր է դրա սեզոնը բացվում, բայց այն արդեն 150 դրամով են վաճառում։

Жители села Маргара, супруги Вардан и Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Ալլան և Վարդանը

Վարդանն ասում է` միլիոններով ծախս են արել` հոսանք են միացրել ջերմոցում, սերմ են գնել, էլ չասած չարչարանքը։ Ասում է` շատ լավ է, որ գյուղացիներին առանց տոկոսի վարկ են տրամադրում, բայց ապրանքի իրացման խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ ծախսը փակել չեն կարողանում։

«Խնդիրն այն է, որ մեր շուկան փոքր է, դրսից էլ ապրանք շատ է գալիս։ Դե, եթե Իրանից գալիս է ու ավելի էժան է (քանի որ այնտեղ ջերմոցը ջեռուցելու գինը կոպեկներ են), մերն ինչպե՞ս կվաճառվի։ Հիմա կա՛մ պիտի քիչ ներմուծեն, կա՛մ էլ մտածեն մեր ապրանքը դուրս տանելու մասին»,–ասում է Վարդանը։

Մինչ մենք զրուցում ենք, նրա կինը խոտ է հավաքում անասունների համար։ Տիկին Ալլան ասում է, որ բանջարեղենը չի վաճառվում այն գնով, որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը տեսնի։

«Մեր աշխատանքն իր ծախսերը չի հանում, թևաթափ ենք լինում։ Աչքիդ առաջ քո չարչարանքը թափելը լավ չէ»,–ասում է նա։

Грядки с саженцами в селе Маргара
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարա

Հարևան դաշտում հանդիպում ենք Ստեփանին, որն էլ հարսի և աղջկա հետ բիբարի սածիլներ է դնում։ Ասում է` ապրիլին 230 կապ սպանախ է թողել «Մեմանդյարի» շուկայում ու դատարկ ձեռքով տուն եկել` գնորդ չի եղել։ Իսկ մեկ կապի գինը 30 դրամ է եղել։

Житель села Маргара Степан за работой
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի բնակիչ Ստեփանը

«Ժողովրդի ձեռքը փող չկա, աշխատանք չկա` երկրից գնում են։ Դրան գումարած` դրսից` այս դեպքում արդեն Իրանից եկող ապրանքը մեզ շատ է խփում։ Եթե մենք ապրանք ունենք, որը չի ծախվում և թափում ենք, դրսից բերում են, որ ի՞նչ։ Դաշտերում հերթով ֆռֆռացեք ու հարցրեք, տեսեք մի գյուղացի կգտնե՞ք, որ բանկին պարտք չէ, որ վարկով չի հողը վարում–ցանում»,–ասում է Ստեփանը։

Рука жителя села Маргара Вардана
© Sputnik / Asatur Yesayants
Գյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը

Նա նշում է նաև, որ գյուղը շատ է սիրում, և չնայած տղան Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է գնացել, սակայն ինքը գյուղից գնացողը չէ։ Ստեփանի խոսքով` եթե ամեն գյուղում ապրանքի չափ նշանակեն, ասեն` ով որակյալ ապրանք ունի, այսքան կգ բերեք, պետությունը կգնի ու կարտահանի, հարցը կլուծվի։

Название села Маргара на арке у въезда в село
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի ճանապարհը

Տեղի բնակիչներից Համլետ Բենիամինյանին էլ հանդիպում ենք անասունների համար խոտ քաղելիս։ Ասում է` վարունգն արդեն քաղել է, պետք է շուկա տանի, բայց գներին ծանոթացել է, և այդ գնով վաճառելու դեպքում նորից ձմռան հույսը լինելու է ունեցած միակ կովը։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

«Ասում ենք` գոնե թող մի քիչ էլ վատանա վիճակը ու վերջ։ Վարունգից շահույթ չենք ստանալու, բայց ի՞նչ անենք։ Լավ է` ես համեմ, պետրուշկա ունեի, դեկտեմբեր–հունվարին ծախեցի, թե չէ էս սեզոնին որ թողնեի, մյուսների պես տակ էի տալու։ Դե, ինչ անենք, ճար չկա` ո՛չ հիմնարկ կա, ո՛չ ուրիշ աշխատատեղ, և մենք էլ հողի հետ ենք կռիվ տալիս ու բերքը վաճառում այն գնով, ինչ գնով ուզում են»,–ասաց Բենիամինյանը։ Նա հավելեց, որ այս տարի ջերմոց է սարքել վարունգի համար, որի վրա 700 000 դրամ է ծախսել։ Այս գումարը եղած բերքով հետ բերելու հույս չկա։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, ինչի ֆոնին էականորեն ավելացել են հենց Իրանից ներմուծվող բանջարեղենի ներմուծման ծավալները։ ՀՀ պետեկամուտների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ թարմ կանաչեղենի ներմուծման ծավալները կրճատվել են. եթե նախորդ տարվա հունվար–մարտ ամիսներին Իրանից ՀՀ էր ներմուծվել 61 տոննա թարմ կանաչի, ապա այս տարի միայն 0.7 տոննա կանաչի է ներմուծվել (ի դեպ, 90 տոկոսն անանուխ է եղել)։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այս տարի 1674.4 տոննա վարունգ և 1311.4 տոննա լոլիկ է ներմուծվել` նախորդ տարվա 1283.7 տոննա վարունգի և 122.6 տոննա լոլիկի համեմատ։

Սակայն պատկերը փոխվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներով։ Նախարարությունը հղում է տալիս Սննդամթերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվությանը` տրամադրելով այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ներմուծված լոլիկի, վարունգի և կանաչեղենի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ապրիլի 31-ի դրությամբ Իրանից ներմուծվել է 256 տոննա կանաչի, 1696 տոննա վարունգ և 1667 տոննա լոլիկ։ Ստացվում է` ապրիլ ամսին է կանաչեղենի 99 տոկոսը ներմուծվել ՀՀ։

Նախարարությունից ևս փաստում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո հայկական շուկայում ավելացել են իրանական ապրանքները։ Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Իրանից ներմուծվել է շուրջ 19 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 700 տոննայի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ Թուրքիայից ներմուծված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալը կազմել էր 10 400 տոննա։

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Իսկ թե ներմուծման այս ծավալների մեջ վաճառքի առումով հայկականը որքան տեղ պետք է զբաղեցնի շուկայում` արդեն իսկ պարզ է գյուղացիների վիճակից։ Հուսանք, որ ամռան ամիսներին գյուղացիները ստիպված չեն լինի թափել ողջ տարվա եկամուտն ապահովող վարունգի և լոլիկի բերքը, ինչպես եղել է կանաչեղենի պարագայում։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

25
թեգերը:
բերք, կանաչեղեն, գյուղացի
Ըստ թեմայի
Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս