ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Միլիարդատեր, Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կողմ է կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնելուն, սակայն, ինչպես նախկինում էր ասում, ինքը մտադիր չէ պատվաստվել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
To be clear, I do support vaccines in general & covid vaccines specifically. The science is unequivocal.
— Elon Musk (@elonmusk) April 7, 2021
In very rare cases, there is an allergic reaction, but this is easily addressed with an EpiPen.
«Ես ուզում եմ հստակեցնել։ Ես կողմ եմ պատվաստվելուն ընդհանրապես, իսկ COVID-ի դեմ պատվաստվելուն` հատկապես։ Գիտությունը ճիշտ է։ Միայն հատուկենտ դեպքերում է այն ալերգիկ ռեակցիա առաջացնում, բայց այդ խնդիրը հեշտությամբ լուծվում է EpiPen - ի միջոցով», - գրել է ամերիկացի միլիարդատերը։
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Ավելի վաղ Մասկը կոչ էր արել չեղարկել սահմանափակող միջոցները, որոնք ԱՄՆ-ում սահմանվել էին համավարակի պատճառով, իսկ COVID-19-ի պատճառած խուճապը հիմարություն էր համարել:
2020 թվականի սեպտեմբերին Իլոն Մասկը հայտարարել էր` երբ պատվաստանյութը հասանելի դառնա, ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Repubblica և Il Fatto Quotidiano պարբերականներին։
Այդ որոշումը կայացվել է երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, նշում են աղբյուրները։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել:
Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարն ընդգծել էր նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին նաև հայտարարել էր, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել Է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:
Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով ստացված պարզաբանումներով։ «Քանի դեռ Հռոմից պատասխան չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:
Պայքար մաֆիայի դեմ. Իտալիայում հատուկ գործողության ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել
Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Բացի այդ, նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող Ansaldo Energia խոշոր էներգետիկ ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մալթան պատրաստ է յուրաքանչյուր զբոսաշրջիկի մինչև 200 եվրո վճարել՝ այդ կղզում առնվազն 3 օր անցկացնելու դեպքում։ Reuters-ի հաղորդմամբ՝ երկիրը լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարում՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջային ոլորտը վերականգնելու համար։
Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարտոլոն հայտարարել է, որ, ինչպես ակնկալվում է, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կչեղարկվեն հունիսի 1-ին։ Ուստի այն զբոսաշրջիկները, որոնք ամրագրումներ կանեն անմիջապես տեղական հյուրանոցներից, կստանան «պարգևատրում-փոխհատուցում»։
Նախարարի խոսքով՝ 5-աստղանի հյուրանոցում առնվազն 3 օր համար ամրագրած զբոսաշրջիկները Տուրիզմի նախարարությունից կստանան 100 եվրո, որը կկրկնապատկի հյուրանոցը, արդյունքում, ընդհանուր առմամբ զբոսաշրջիկը 200 եվրո կստանա։ 4-աստղանի հյուրանոցում ամրագրում կատարած զբոսաշրջիկը կստանա 150 եվրո, իսկ 3-աստղանիում՝ 100 եվրո։
«Այս ծրագրի նպատակն է Մալթայի հյուրանոցների համար ապահովել մրցակցային պայմաններ, քանի որ միջազգային զբոսաշրջությունը վերսկսվում է», - ասել է Բարտոլոն:
Ակնկալվում է, որ այս ծրագիրն «օգուտ կբերի» մոտ 35 000 այցելուի:
Նշենք, որ զբոսաշրջությունը կազմում է միջերկրածովյան այս կղզու տնտեսության ավելի քան 27 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում Մալթա էր այցելել մոտ 2,7 միլիոն մարդ։ Այս ցուցանիշը 2020-ի ընթացքում գրեթե 80 տոկոսով անկում է ապրել։
Եվրոպական Միությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը հենց Մալթայինն է՝ առնվազն մեկ չափաբաժին 42% մեծահասակների համար։
Զբոսաշրջային սեզոնը մոտենում է․ ո՞ր երկրներ կարող են մեկնել հայաստանցիները
Ի դեպ, Մալթայի կառավարությունը կոչ է արել ԵՄ-ին՝ պատվաստումների անձնագրեր ներմուծել ուղևորությունները դյուրացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։
«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։
Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։
Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։
Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։
«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։
Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ
Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։
Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։
Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։