Դոնեցկի մարզ, արխիվային լուսանկար

Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը

75
(Թարմացված է 00:39 01.04.2021)
Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներ բանակցություններ են անցկացրել և քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը։ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի՝ ոչինչ»,-մեկ օր առաջ հենց այսպես էր Կիևն արձագանքել պատրաստվող տեսակոնֆերանսի մասին տեղեկությանը։

Իրինա Ալկսնիս

Ուկրաինայի իշխանությունները մինչև օրս չեն գիտակցել, որ սեփական վարկանիշը (ավելի ճիշտ՝ դրա մնացորդները) պահպանելու համար չարժե հրապարակային հայտարարություններ անել, որոնք հիմար դրության մեջ են դնում նրանց։ Չէ՞ որ ակնհայտ է` նրանք ոչինչ չեն կարող անել այն բանի հետ, որ մեծ տերություններ են երկրի ճակատագիրը որոշում իրենց թիկունքում։ Այնպես որ դժգոհության արտահայտելով նրանք միայն է՛լ ավելի նվաստացուցիչ վիճակում են հայտնվում։

Ընդ որում՝ նրանք դեմքը պահպանելու հնարավորություն ունեցել են, քանի որ ի սկզբանե Մոսկվան, ներկայացնելով սպասվող զրույցի մասնակիցների կազմը, հայտնել էր, որ Պուտինը, Մերկելն ու Մակրոնը մտադիր են խոսել ոչ միայն Դոնբասի մասին, քանի որ այնտեղ նաև բազմաթիվ այլ հարցեր կան քննարկելու։

Սակայն Կիևի մեկնաբանությունից հետո Կրեմլը շատ ավելի միանշանակ արտահայտվեց` հայտարարելով, որ նորմանդական ձևաչափի գործերը վատ են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրեց, որ նախագահ Զելենսկու օրոք չի հաջողվել ոչ մի քայլ առաջ շարժվել ինչպես Մինսկի համալիր միջոցառումների, այնպես էլ Փարիզում հաստատված հետագա պայմանավորվածությունների իրագործման հարցում։ Մի խոսքով, դիվանագիտության շրջանակում հազիվ թե հնարավոր է ավելի ուղղակի բարձրաձայնել այն միտքը, որ Մոսկվան առհասարակ ցանկություն չունի զրուցելու Ուկրաինայի ղեկավարության հետ, քանի որ բացարձակ անիմաստ գործողություն է։

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

Առավել ևս որ իրավիճակը դատարկ խոսակցությունների չի տրամադրում՝ շփման գծի լարվող իրավիճակի և այնտեղ հավաքվող ուկրաինական ռազմական կազմավորումների պատճառով։ Մինսկի համաձայնությունների ստորագրումից հետո անցած 6 տարվա ընթացքում Դոնբասում բազմաթիվ անգամ են «թեժ» միջադեպեր գրանցվել։ Սակայն դրանք ամեն անգամ սահմանափակվել են առանձին դեպքերով՝ չվերաճելով լայնամասշտաբ պատերազմի։ Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ տարվա աշնանը, երբ լուրջ սրացում սկսվեց, որն ավարտվեց զինադադարի կնքմամբ։

Նման իրադրության գլխավոր պատճառն այն էր, որ Արևմուտքը շահագրգռված չէր պատերազմ վերսկսելու հարցում` չնայած ալարմիստներն ամեն սրացման ժամանակ «թմբուկ էին զարկում»՝ իրադարձությունների ամենամռայլ և արյունալի զարգացում կանխատեսելով։

Ջո Բայդեն
© AFP 2020 / Drew Angerer / Getty Images via AFP

Հարկ է հիշեցնել, որ Արևմուտքը՝ ի դեմս Եվրոպայի, փաստացի հարկադրված գնաց Մինսկի համաձայնություններին։ Կիևը ծանր պարտություն էր կրում ռազմաճակատում, նրան փրկել էր պետք։ Իսկ Ռուսաստանի դեպքում չկարողացան այնպես անել, որ բացեիբաց միջամտի հակամարտությանը, և առհասարակ 2015թ․-ի սկզբին արդեն պարզ դարձավ, որ Ուկրաինայի շուրջ և նրա ներսում իրավիճակն ամենևին էլ այնպես չի զարգանում, ինչպես նախատեսում էին Եվրամայդանի և ամբողջ հակառուսական նախագծի ճարտարապետները։

Արդյունքում Դոնբասում ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ հետագա իրադարձությունները միայն ամրապնդեցին ստատուս քվոն։ Եվրոպան վերջնականապես համոզվեց, որ Ռուսաստանին նախատեսված սցենարով կոտրել չի հաջողվել, և աստիճանաբար սկսեց վերականգնել երկկողմ համագործակցությունը․ արդեն ուկրաինական ռազմական արկածախնդրությանն աջակցելու ժամանակը չէր։ ԱՄՆ–ում նախագահ փոխվեց, իսկ Թրամփի համար արտաքին քաղաքական ճնշման հիմնական օբյեկտ դարձավ Չինաստանը։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Բացի այդ, Արևմուտքի համար հսկայական հիասթափություն դարձավ հենց Ուկրաինան, որը չարդարացրեց սպասումներից գրեթե ոչ մեկը։ Դոնբասի թեման, ըստ էության, վերջին հաղթաթուղթը մնաց ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Պարբերաբար այնտեղ սրացումներ սադրելով` Կիևն այս բոլոր տարիների ընթացքում ուշադրություն էր գրավում՝ հուսալով, որ ցանկալի օգնություն կստանա։ Բայց հաջողություն չէր ունենում օվկիանոսի երկու կողմերում շահագրգռվածության բացակայության պատճառով։ Սակայն հենց այդ դաշտում վերջերս էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ստիպում են ավելի մեծ անհանգստությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը։

ԱՄՆ-ում իշխանության են վերադարձել ոչ միայն դեմոկրատները, այլև ամերիկյան քաղաքական վերնախավի հենց այն հատվածի ներկայացուցիչները, որոնք 2010-ականներին կանգնած էին Դոնբասի պատերազմի սանձազերծման հետևում։ Ավելին՝ նրանց առաջին արտաքին քաղաքական գործողությունները ապակառուցողականության այնպիսի մակարդակ են ցուցադրում, որ ոչ մի կերպ չի կարելի բացառել, որ նրանց խոսքից գործի կանցնեն նոր հակամարտություն սադրելու հարցում։

Օվկիանոսի մյուս կողմում ևս ոչ պակաս բարդ իրավիճակ է։ ԵՄ-ն, ավելացնելով ռուսատյացության մակարդակը, Ռուսաստանի հետ իր հարաբերությունները հասցրել է վերջին տասնամյակների ցածրագույն կետին։ Ընդ որում` դա արել է ինքնուրույն և սեփական կամքով Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն մտնելուց շատ առաջ։ Այնպես որ այս անգամ եվրոպացիների գործողությունները ոչ մի կերպ չի կարելի վերագրել վասալադաշնակցային հարաբերություններում Վաշինգտոնի նավահետքով ընթանալու հարկադրյալ անհրաժեշտությանը։

Եվրոպան գտել է իր խնդիրների մեղավորին

Կարելի է վիճել Եվրոպայի գործողությունների հիմքում ընկած պատճառների և նրա հետապնդած նպատակների մասին, սակայն ավելի կարևոր է այն, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ։ Իսկ ներկա պահին ամենաայսրոպեականը հետևյալ հարցն է` հակառուսական ներկայիս վեկտորը եվրոպացիներին չի՞ հանգեցնի ռազմական և մերձառազմական ոլորտներում Կիևին գործնականում աջակցելուն։

Հենց այս հանգամանքն է արդիական դարձնում Վլադիմիր Պուտինի զրույցը Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ։ Հարցը ոչ միայն դիրքորոշման հստակեցումն է, այլև Ռուսաստանի նախագահի տրամադրության տակ եղած փաստարկների ընդարձակ զինանոցը, որը կոչված է արևմտաեվրոպացի գործընկերներին հասցնելու Դոնբասում պատերազմի վերսկսման ողջ կործանարարությունը ոչ միայն Կիևի, այլև Եվրոպայի համար։

Իսկ Կիևի հետ նման թեմաներով խոսել, ինչպես ցույց է տվել անցյալի հարուստ փորձը, իսկապես ուղղակի իմաստ չունի։

75
թեգերը:
Արևմուտք, Ուկրաինա, Դոնբաս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

29
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

29
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը

132
(Թարմացված է 16:19 11.04.2021)
Թուրքիան կոշտ քայլերի է գնացել աղմկահարույց դիվանագիտական սկանդալի պատճառով։ Անկարան Հռոմից պաշտոնական ներողություն է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Repubblica և Il Fatto Quotidiano պարբերականներին։

Այդ որոշումը կայացվել է երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, նշում են աղբյուրները։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել:

Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարն ընդգծել էր նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին նաև հայտարարել էր, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել Է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով ստացված պարզաբանումներով։ «Քանի դեռ Հռոմից պատասխան չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:

Պայքար մաֆիայի դեմ. Իտալիայում հատուկ գործողության ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել

Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Բացի այդ, նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող Ansaldo Energia խոշոր էներգետիկ ընկերությունը։

132
թեգերը:
Իտալիա, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ժիրինովսկին ՌԴ-ի իշխանությանը կոչ է արել դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

21
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

21
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան