ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան ԱՄՆ-ին իր վերապահումներն է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին՝ 4 կետով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափողը համարվող թուրքական «Sabah» կայքը, տեղեկացնում է Ermenihaber–ը:
Ըստ թուրքական կայքի՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախորդ շաբաթ հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:
Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:
Երկրորդ կետով Թուրքիան ԱՄՆ–ին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ.-ին` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Էրդողանի խոսնակը շեշտել է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կառաջացնի երկու երկրների հարաբերություններում:
«Sabah»-ը նաև հայտնում է, որ թուրք պաշտոնյան Սալիվանին ակնարկել է, թե Կովկասում նոր կարգ է հաստատվում, մինչդեռ Հայոց ցեղապանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կարող է վնասել Հայաստանի հետ հարաբերություններին:
Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք
«Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք`եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, մենք էլ դարպասները կբացենք: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք «ցեղասպանություն» բառը կիրառում եք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»,- կայքի փոխանցմամբ ասել է Էրդողանի մամուլի խոսնակը:
Թուրքիայում նման իրարանցման պատճառն, ըստ թուրքական մամուլի, այն, է, որ Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ այդ երկրում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է` իր ամենամյա ուղերձում այս տարի արտասանի «Ցեղասպանություն» բառը:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Հայաստանի նախագահին ուղեկցել է Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին: Հուշարձանին ծաղկեպսակ է դրվել։ Հնչել է Վրաստանի հիմնը։
Նշենք, որ Հայաստանի նախագահը Վրաստան է ժամանել ապրիլի 15-ին։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով նոր իրողությունները մասնավորապես Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների ֆոնին։
Վրաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել։ Երկու երկրների ղեկավարները բաժակաճառեր են ասել՝ կարևորելով հայ և վրացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, ինչպես նաև հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունները, երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան կատարած այցի շրջանակում այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին:
Ինչպես հաղորդում Է Sputnik Արմենիայի թղթակիցը, նախագահը ժամանել է պատրիարքի նստավայր՝ տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ։ Պաշտոնական արարողությունից հետո Արմեն Սարգսյանը զրուցել է Իլյա Երկրորդի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրներին հետաքրքրող մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Նախատեսված է նաև նախագահի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ:
Նշենք, որ Հայաստանի նախագահը Վրաստան է մեկնել ապրիլի 15-ին։ Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է վրացի իր գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքները։
Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը
Վրաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի և նրան ուղեկցող Նունե Սարգսյանի պատվին տրվել է հանդիսավոր ճաշ: Սարգսյանը և Զուրաբիշվիլին բաժակաճառերի ընթացքում խոսել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ինչպես նաև հարգանքի և փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների, երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարների մասին: