Վլադիմիր Պուտինի և Սի Ցզիպինի հանդիպումը, արխիվային լուսանկար

ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են

76
Ամերիկացիներն ու եվրոպացիները վաղուց արդեն կլիմայական խնդիրներն օգտագործում են իրենց մրցակիցների տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումը կանխելու համար։ Սպասվող առցանց գագաթնաժողովը բացառություն չէ։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ նախագահը և՛ նոր պատժամիջոցներ է կիրառում Չինաստանի դեմ,  և՛ Վլադիմիր Պուտինին ու Սի Ցզիպինին հրավիրում մասնակցելու ապրիլի 22-23-ին նախատեսված առցանց գագաթնաժողովին՝ կլիմայի գլոբալ փոփոխությունների հարցերով։Կոնֆերանսը, որին հրավիրված են չորս տասնյակ համաշխարհային առաջնորդներ, կհեռարձակի ուղիղ եթերում։

Պետք է արժանին մատուցել Վաշինգտոնի նոր վարչակազմին․ նման միջոցառում անցկացնելու միտքը բավականին սրամիտ է, քանի որ կարող են մի գնդակով ոչ թե երկու, այլ մի տաս նապաստակ սպանել։

Կլիմայական օրակարգի վրա կենտրոնանալը դեմոկրատներին թույլ է տալիս ընդգծել իրենց և նախկին նախագահի քաղաքականության միջև եղած անդունդը, որը բոլոր հնարավոր միջոցներով արհամարհանք էր արտահայտում բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Փարիզի կլիմայական համաձայնությանը վերադառնալուց հետո, որից ԱՄՆ-ին հանել էր Թրամփը, Ջո Բայդենը գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն կունենա ցույց տալ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի հեռուն գնալ և կրկին իր վրա վերցնել այս հարցում համաշխարհային առաջնորդի դերը։

Ընդ որում՝ կլիմայական խնդիրները վաղուց դարձել են այն սեղմօղակը, որով ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են կանխել իրենց մրցակիցների ինչպես տնտեսական, այդպես էլ աշխարհաքաղաքական զարգացումը։ Ավելին՝  ժամանակակից աշխարհում, որտեղ Արևմուտքը շատ արագ կորցնում է իր գլխավորող դիրքը, բնապահպանության թեման մնում է այն սակավաթիվներից մեկը, որի մենաշնորհը դեռ իր ձեռքում է պահում այն և, որպես հետևանք, փորձում է առավելագույնս օգտագործել։ Օրինակ՝ 2023թ․-ից ԵՄ-ն ածխածնային հարկ է մտցնում մեծ քանակությամբ ջերմոցային գազեր արտանետող արտասահմանյան ապրանքների համար։

Դրանց թվին, ի թիվս այլ բաների, պատկանում են նավթը, գազը, մետաղները, պարարտանյութերը, ցեմենտը, մի խոսքով՝ Ռուսաստանից արտահանվող ապրանքների զգալի մասը, ինչը լրջագույն մարտահրավեր կդառնա հայրենական արտադրողների համար։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը. ԱԳ նախարար

Սակայն, բացի գլոբալ-երկարաժամկետ բաղադիչներից, սպասվող գագաթնաժողովում նաև այսրոպեական հարցեր են լինելու, որոնցից Սպիտակ տունը ձգտում է առավելագույն օգուտ քախել։ Գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները ստացել են այնպիսի մի պահի, երբ ոչ միայն երկու երկրների հարաբերությունները Արևմուտքի հետ վերջին տասնամյակների ցածրագույն կետում են, այլև երբ հսկայական և ոչ դրական փոփոխությունների են ենթարկվում առհասարակ միջազգային հարաբերությունները, փոփոխվում են պատկերացումներն այդ հարաբերություններում հնարավորի, վայելուչի և հարկավորի մասին։

Ոչ մի առանձնահատուկ բան չկա նրանում, որ պետությունների միջև կոշտ դիրքորոշումներ գոյություն ունեն որոշ հարցերում և արդյունավետ համագործակցություններ՝ այլ հարցերում։ Հակառակը, դա միանգամայն նորմալ է։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, դուրս է հարյուրամյակներով ձևավորված ավանդույթներից։ ՌԴ արտաքին գործերի նախարարը,  մեկնաբանելով վերջին իրադարձությունները, ասել է, որ Արևմուտքում պարզապես «մոռացել են դասական դիվանագիտության մասին», որն իրենից ներկայացնում է «միմյանց լսելու և շահերի հավասարակշռություն գտնելու ունակություն»։

Ու եթե հարցազրույցի ընթացքում Ջո Բայդենի տարօրինակ հայտարարությունները ՌԴ նախագահի մասին դեռ կարելի է բացատրել ԱՄՆ նախագահի առանձնահատկություններով, ապա կանոնակարգի խախտումն ու ԱՄՆ Պետքարտուղարի բացեիբաց կոպտությունը Չինաստանի հասցեին՝ Անքորիջում երկկողմ հանդիպման ընթացքում, անհնար է գնահատել այլ կերպ, քան որպես Վաշինգտոնի դիտավորյալ քաղաքականություն։

ՉԺՀ-ի համար իրավիճակն առավել տհաճ է, քանի որ նոր նախագահի՝ Սպիտակ տուն գալու հետ կապված` հույսեր էին կապում նախորդ նախագահի հակաչինական կուրսի նվազման կամ գոնե մեղմացման հարցում։ Ջո Բայդենն ասել էր, որ մտադիր է չշարունակել Թրամփի կոնֆլիկտային քաղաքականությունը Պեկինի հետ հարաբերություններում և անցնել «առավելագույն մրցակցության»։

Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն

Բայց առայժմ իրավիճակը միայն վատացել է։ Ընդ որում, եթե Թրամփը «խաղում» էր հիմնականում տնտեսական դաշտում` մասնավորապես չինական ապրանքների համար արգելք սահմանելով, ապա դեմոկրատները կրկին ձգտում են բոլորին սովորեցնել ժողովրդավարություն, մարդու իրավունքներ ու բնապահպանական պատասխանատվություն:

Չինաստանի դեմ մեղադրանքների նոր ալիք է սկսվել։ Պեկինը «տակ չի մնում», ինչի հետևանքով փոխադարձ պատժամիջոցները նոր թափ են հավաքում։ Նահանգները, սովորության համաձայն, պատասխան չինական միջոցներն անհիմն են որակել: Ընդ որում, առավել ծանր հետևանքներ սպառնում են նույնիսկ ոչ թե պատժամիջոցների ենթարկված, «սև ցուցակում» հայտնված պաշտոնական անձանց, այլ ապրանքանիշներին, որոնք պաշտպանել են հակաչինական քարոզարշավը. H&M-ը, Nike-ը և Adidas-ը հսկայական շուկան կորցնելու եզրին են կանգնած։

Կազմակերպվող կլիմայական գագաթնաժողովը ձեռնտու է Վաշինգտոնին նաև այն պատճառով, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը մտնում է լիբերալ-գլոբալիստական գաղափարախոսության հիմնարար արժեքների մեջ և դրանով իսկ ընդդիմախոսների վրա ազդելու լրացուցիչ լծակներ է ապահովում։ Ընդ որում, միջոցառմանը հրավիրելով` ԱՄՆ-ի վարչակազմը փորձում է բոլոր առումներով վատ դրության մեջ դնել Ռուսաստանի ու Չինաստանի իշխանությունների։

Եթե Պուտինն ու Սին անտեսեն միջոցառումը, նրանց կարելի կլինի մեղադրել անպատասխանատվության, մարդկության ու սեփական երկրների շահերն անտեսելու, միևնույն ժամանակ վախկոտության մեջ, իբր չեն համարձակվել մասնակցել միջոցառմանը միայն այն պատճառով, որ այն ԱՄՆ-ն է կազմակերպվել։

Իսկ եթե ռուս և չինացի առաջնորդները մասնակցեն գագաթնաժողովին, անկասկած ամերիկացիներն ամեն ինչ կանեն, որ ցուցադրեն իրենց գերազանցությունը և նույնիսկ ինչ-որ նվաստացուցիչ իրավիճակներ ստեղծեն Մոսկվայի և Պեկինի համար։ Ալյասկայում սկանդալային բանակցություններից հետո ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական նորմերի պահպանման հույս պարզապես չկա։ Իսկ ուղիղ եթերով առցանց ձևաչափը Վաշինգտոնին, որպես կազմակերպչի, ստոր արարքներ անելու շատ հնարավորություններ կտա։

ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին–Բայդեն զրույցից

Սակայն ԱՄՆ-ն իր խորամանկ ծրագրում մի շատ կարևոր պահ բաց թողեց։ Իր վերջին գործողություններով Արևմուտքը հասավ ռուս-չինական միության ամրապնդմանը։ Սերգեյ Լավրովի վերջին այցը Չինաստան դրա լավագույն ապացույցն էր։

Այնպես որ, Վաշինգտոնի ցանկացած ինտրիգներին ու ծուղակներին Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կդիմակայեն, ինչը կարող է ամերիկացիներին տհաճ անակնկալներ բերել։

76
թեգերը:
Ջո Բայդեն, գագաթնաժողով, բնապահպանական, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Սի Ծինփին (Չինաստանի նախագահ), Չինաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Անվտանգության խնդիրներն են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ–ում Չինաստանի դեսպանը
Միացյալ Նահանգների հիմնական թիրախը Չինաստանն է. Վաշինգտոնը սադրո՞ւմ է Պեկինին
Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

33
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

33
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը

133
(Թարմացված է 16:19 11.04.2021)
Թուրքիան կոշտ քայլերի է գնացել աղմկահարույց դիվանագիտական սկանդալի պատճառով։ Անկարան Հռոմից պաշտոնական ներողություն է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Repubblica և Il Fatto Quotidiano պարբերականներին։

Այդ որոշումը կայացվել է երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, նշում են աղբյուրները։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել:

Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարն ընդգծել էր նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին նաև հայտարարել էր, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել Է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով ստացված պարզաբանումներով։ «Քանի դեռ Հռոմից պատասխան չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:

Պայքար մաֆիայի դեմ. Իտալիայում հատուկ գործողության ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել

Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Բացի այդ, նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող Ansaldo Energia խոշոր էներգետիկ ընկերությունը։

133
թեգերը:
Իտալիա, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ժիրինովսկին ՌԴ-ի իշխանությանը կոչ է արել դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

65
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

65
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան