Անն Լինդե

Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին

63
(Թարմացված է 19:54 25.02.2021)
ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններով։ Նա նման գրառում է արել Twitter-ի իր էջում` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ` հարգելով ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակում արմագրված ժողովրդավարական գործընթացներն ու օրենքի գերակայությունը։ Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության»,–գրել է նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

63
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, հանրահավաք, Հայաստան, ԵԱՀԿ
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
Ամերիկացի զինծառայողներ

Ամերիկացիները «աֆղանական ռումբը» Ռուսաստանի՞ն են նետում

23
Եթե Աֆղանստանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի, իսկ նման վտանգ կա, հրդեհը կհասնի Միջին Ասիա, ու Ռուսաստանը ստիպված կլինի մարել այն: Մանրամասները՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։

Պյոտր Ակոպով

Այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին Ջո Բայդենը հայտնեց Աֆղանստանից զորքերի ամբողջական դուրսբերման ամսաթիվը մայիսի 1-ից սեպտեմբերի 11-ը տեղափոխելու որոշման մասին, երկրում ավելի ու ավելի շատ արյուն է թափվում՝ բռնության կտրուկ աճ, հարյուրավոր զոհեր: Միայն մայիսի 8-ին Քաբուլի Դաշտ-է -Բարչի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է գրեթե վաթսուն մարդ, հիմնականում 11-15 տարեկան աշակերտուհիներ: Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչ-որ մեկը չի՞ ուզում զորքերը դուրս բերել, թե՞ ընդհակառակը՝ ինչ-որ մեկն արագացնում է ամերիկացիներին, դրդում է դուրս գալ։ Իսկ ի՞նչ կլինի նրանց հեռանալուց հետո։

Ռուսաստանի համար դա կարևոր հարց է։ Չնայած ԽՍՀՄ փլուզմանը, Ռուսաստանն Աֆղանստանի հետ, ըստ էության, նախկինի պես ընդհանուր սահման ունի։ Տաջիկստանը, որին բաժին է ընկնում Աֆղանստանի հետ նախկին խորհրդային սահմանի մեծ մասը, մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, այսինքն՝ ՌԴ ռազմական դաշնակիցն է։ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, որոնք սահմանակից են Աֆղանստանին, նույնպես մտնում են ռուսական ազգային շահերի և ռուսական պատասխանատվության գոտու մեջ։ Եթե Աֆղանստանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ բռնկվի, դրա հրդեհի ծուխը կծածկի ամբողջ Միջին Ասիան, իսկ վատագույն դեպքում կրակն էլ կհասնի դրան, չէ՞ որ Աֆղանստանում ապրում են նույն ժողովուրդները, ինչ հիշատակված նախկին խորհրդային բոլոր երեք հանրապետություններում։

Ռուսաստանում նույնիսկ կարծիքներ են հնչում, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը պարտություն չէ, այլ գրեթե դիվերսիա ՌԴ-ի դեմ. իբր, Վաշինգտոնն այդ կերպ շեղում է Կրեմլի ուշադրությունը դեպի արևելք, որտեղ հիմա ամեն ինչ կբռնկվի, և ռուսները ստիպված կլինեն բոլոր ուժերը նետել միջինասիական մղձավանջի մարմանը։ Գուցե ընդհանրապես խնդրենք, որ ամերիկացիներին մնան։

Նման կեղծ դավադրության տեսությունը ծիծաղելի է. ամերիկացիներն Աֆղանստանում իրենց ուզածից ոչ մի բանի չեն հասել։

«Ալ-Քաիդան»* վերացրե՞լ են, թե՞ այն եղել և մնում է ցանցային կազմակերպություն, որը միավորում է տարբեր կառույցներ և խմբավորումներ իսլամական աշխարհի տարբեր մասերում։ Այո, դրանք ծայրահեղական խմբավորումներ են, բայց չէ՞ որ Աֆղանստանի օկուպացիան ամերիկացիների կողմից իսլամական աշխարհում միայն ուժեղացրել է ատելությունը յանկիների հանդեպ, այսինքն՝ փաստացի աշխատել է ջիհադականների ազդեցության աճի վրա։

Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

Հաղթեցի՞ն թալիբներին։ Բայց նրանք ամերիկացիների հեռանալուց հետո մոտ ժամանակներս իշխանության կգան Քաբուլում  կա՛մ խաղաղ ճանապարհով, որպես կոալիցիոն կառավարության մաս, կա՛մ ռազմական, այդ դեպքում արդեն՝ միանձնյա։

Ամերիկացիներն ուզում էին Աֆղանստանից ճնշում գործադրել Ռուսաստանի և Չինաստանի (ինչպես նաև Իրանի) վրա, պլացդարմ կառուցել Եվրասիայի առանցքային տարածաշրջանում մշտական ներկայության համա՞ր։ Ուզում էին, բայց դրա համար պետք էր Աֆղանստանին իրապես ենթարկել ու վերահսկողության տակ վերցնել։ Նման բան չեղավ։ Ամերիկացիները ստիպված կլինեն ոչ միայն հեռանալ, վատագույն դեպքում նրանք ստիպված կլինեն իրենց հետ տանել տասնյակ հազարավոր աֆղանցիների, որոնք աշխատում էին նրանց համար։ Այն նույն կոլաբորացիոնիստներին՝ օկուպանտների աջակիցներին, չէ՞ որ նրանց հենց այդպես են վերաբերվում ոչ միայն թալիբները։ Այսինքն՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի դիրքերը ոչ թե պարզապես խարխլվելու, այլև ոչնչացվելու են։

Բայց չէ որ ԱՄՆ-ն դուրս գալուց հետո ուզում է ամրապնդվել հարևան երկրներում։ Ահա և The Wall Street Journal-ը մայիսի 8-ին հաղորդել է, որ Վաշինգտոնը «փնտրում է տարածաշրջանային պլացդարմներ՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո զորքեր տեղակայելու ու թալիբների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար»: Դիտարկվող տարբերակների թվում են ինչպես հարևան, այնպես էլ ավելի հեռավոր երկրներ, օրինակ՝ ԱՄԷ-ն, դիտարկվում են Պարսից ծոցում ռազմածովային ուժերի նավերի տեղակայման հնարավորությունները:

Բայդենն արդեն խոստացել է, որ եթե «Ալ-Քաիդան» կամ «Իսլամական պետությունը»* Աֆղանստանում սպառնալիք ներկայացնեն Ամերիկայի կամ դրա շահերի համար, ապա Նահանգները ավիահարվածներ կհասցնեն: Բայց ամերիկացիներն ուզում են արագ արձագանքման հնարավորություն ունենալ, չէ որ սեպտեմբերի 11-ից հետո (իսկ խոսում են նույնիսկ հուլիսի կեսերի մասին) Աֆղանստանում չի մնա ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ընդհանրապես որևէ օտար զորք, և ինչ անել ամերիկյան դեսպանատան (որտեղ ուզում են մինչև 1000 մարդ թողնել) վրա հարձակման դեպքում։ Օգնություն ուղարկել Պակիստանի՞ց: Հեռու է, ու դրա հետ հարաբերությունները գնալով վատանում են, ուստի «ռազմաբազաների ստեղծման համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ Ուզբեկստանն ու Տաջիկստանը, որոնք անմիջական սահման ունեն Աֆղանստանի հետ, ու անհրաժեշտության դեպքում կապահովեին զորքերի արագ տեղաշարժը»:

Սակայն The Wall Street Journal-ը նշում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են խանգարել ամերիկյան ծրագրերի իրականացմանը։ Իհարկե, այդպես էլ կա. ոչ ոք ամերիկացիներին թույլ չի տա ամրապնդվել Կենտրոնական Ասիայում։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ռուսաստանը թույլ տվեց Նահանգներին բազաներ ստեղծել Ղրղզստանում և Ուզբեկստանում, բայց այդ ժամանակ Ռուսաստանը թույլ էր, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ակտիվ առճակատման մեջ չէին։ Այժմ Միջին Ասիայում ամերիկացիների ոչ մի, նույնիսկ ժամանակավոր ամրագրման մասին խոսք լինել չի կարող. Աֆղանստանի 20-ամյա օկուպացիայից հետո նրանք ստիպված կլինեն ամբողջովին հեռանալ տարածաշրջանից, որի անվտանգության համար պատասխանատու կլինի Ռուսաստանի ու Չինաստանի կողմից ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը։  ՇՀԿ-ի մեջ մտնում են ոչ միայն Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունները, այլև Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ շուտով լիարժեք մասնակցի կարգավիճակ կստանա նաև Իրանը:

Պակիստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային․ հնդկական ԶԼՄ-ներ

Այսինքն՝ Աֆղանստանն ամբողջովին շրջապատված կլինի ՇՀԿ անդամ երկրներով, այն դեպքում, երբ այն միայն դիտորդի կարգավիճակ ունի։ Քաբուլը ՇՀԿ չի մտել միանգամայն օբյեկտիվ ցուցանիշներով. օկուպացված և լիարժեք ինքնիշխանությունից զուրկ երկիրը դաշինքի անդամ չի կարող լինել։ ՇՀԿ-ի նպատակը Ասիայում խաղաղության պահպանումն է, առաջին հերթին խոսքը Կենտրոնական Ասիայի մասին է։ ՇՀԿ-ն առայժմ իր խաղաղապահները չունի, ու Աֆղանստան զորք մտցնելու կարիք էլ չկա՝ մի օկուպանտներին մյուսով փոխարինելով։

Աֆղանցիներն արդեն ավելի քան քառասուն տարի կռվում են միմյանց դեմ, իսկ 28 տարի՝ նաև օտարերկրյա զորքերի դեմ։ Պետք է քաղաքական պայմաններ ապահովել ներաֆղանական լիարժեք երկխոսության և եթե ոչ հաշտեցման, ապա գոնե տարբեր ժողովուրդների, քաղաքական, կրոնական, ցեղային և կլանային կառույցների թեկուզ զինված, բայց խաղաղ գոյակցության համար։ Առանց արտաքին, առավել ևս՝ ատլանտյան միջամտության, բայց բոլոր հարևանների ու մերձավոր երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի ու Հնդկաստանի ակտիվ մասնակցությամբ (և ազդեցությամբ):

Թեև ԱՄՆ-ն նույնպես կարող է և պետք է մասնակցի աֆղանցիների հաշտեցմանը, բայց ահա Աֆղանստանում նրանց կողմնակիցների նկատմամբ վերաբերմունքը զորքերի դուրսբերումից հետո կարող է խոչընդոտել ցանկացած երկխոսության։ Ինչևէ, ամերիկացիների հեռանալուց հետո Աֆղանստանի համար պատասխանատվության հիմնական բեռը կդրվի ՇՀԿ-ի և հատկապես դրա երեք մասնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի վրա։ Դա և՛ նրանց, և՛ Աֆղանստանի ժողովրդի շահերից է բխում։ Աֆղանստանում ներքին բարդագույն հակասությունները առիթ չեն դրա վրա խաչ քաշելու կամ դրանից ռազմական պատով առանձնանալու համար։ Երկրորդը պարզապես անհնար է, իսկ առաջինը չի համապատասխանում Քաբուլի հարևանների և Ասիայի մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերին։

ՇՀԿ-ի նվազագույն խնդիրը այն է, որ թույլ չտա աֆղանական հիմնախնդրին դուրս գալ երկրի սահմաններից ու հասնել այն մակարդակին, երբ ՀԱՊԿ-ը ստիպված կլինի զբաղվել դրանով։ Իսկ առավելագույն խնդիրն է աֆղանական բոլոր կողմերին դրդել իրական հաշտեցման և նոր դաշնային Աֆղանստանի կառուցման։ Քաջարի ու այդքան վիշտ տեսած ժողովուրդը պետք է վերջապես ապրի հանգիստ, ինքնուրույն ու խաղաղ կյանքով իր լեռնային երկրում։ Իհարկե, ոչ Շվեյցարիայի պես։

Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները. հանրահավաք «Ինջիրլիքում»

Աֆղանստանը Շվեյցարիա չի դառնա. երկրում արևմտյան չափանիշներ հաստատելու փորձերը միայն վնասել են նրան, բայց այն լիարժեք իրավունք ունի Կենտրոնական Ասիայի համար լարվածության օջախից վերածվելու իր բոլոր ընկերների համար խաղաղ հարևանի: Պետք է միայն օգնել աֆղանցիներին վերադառնալ ինքնուրույն խաղաղ կյանքին՝ իրենց համար, այլ ոչ թե հանուն աշխարհաքաղաքական շահերի և օտար ստրատեգների փորձարկումների։

* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն

23
թեգերը:
Չինաստան, Ռուսաստան, Աֆղանստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
Մեվլութ Չավուշօղլու

Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին

542
(Թարմացված է 00:18 12.05.2021)
Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով արաբաիսրայելական հակամարտության վերջին օրերի թեժացման մասին, հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

«Օրինակ ՝ Պաղեստին «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Չավուշօղուն։

Նա մասնավորապես առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։

Թուրքիան նաև մտադրություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված` հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։

Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում իսրայելական ուղղաթիռները պարբերաբար հրթիռներ էին արձակում երկու հարևան պետությունների սահմանների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։

Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը

Գազայի հատվածից ևս բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։ Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

542
թեգերը:
Թուրքիա, Պաղեստին, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ