ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառակությունը, փետրվարի 21-ին, ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մուտքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 13:58-ին։ Այրվել են 2-5-րդ հարկերի մալուխները և 3-րդ հարկի գազի հաշվիչները (2 հատ)։
Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը վիրուսների մուտացիան բնական վիճակ է համարում։ Նրա խոսքով՝ դա շարունակական պրոցես է։ Այդ մասին բժիշկը գրել է իր Telegram ալիքում։
«Մուտացիաներն անընդհատ են տեղի ունենում։ Վիրուսը, ըստ էության, պետք է էվոլյուցիայի ենթարկվի այնպես, որ ավելի արագ տարածվի և պակաս ագրեսիվ դառնա»,-նշել է Մյասնիկովը։
Նրա խոսքով՝ ժամանակակից պատվաստանյութերն ունակ են ծածկել բոլոր մուտացիաները, իսկ հակամարմինները չեզոքացնում են վիրուսի ամբողջ սպիտակուցային «փուշը», ոչ թե դրա առանձին՝ մուտացիաների ենթարկվող բաղադրիչները։
Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսային վարակին սպասում է այն անխուսափելի մուտացիան, որն անցել են «Իսպանական» և «Հոնկոնգյան» գրիպները։
Ռուսաստանում COVID-19-ի բարձր ճշգրտությամբ էքսպրես թեստ են մշակել
«Եղել է «Իսպանկան», եղել է «Հոնկոնգյան գրիպը», սակայն այսօր դրանք առանձնապես ոչ ոքի չեն վախեցնում (ի դեպ՝ իզուր)։ Կորոնավիրուսին էլ ճիշտ նույնպիսի էվոլյուցիա է սպասում»,-ասել է հայտնի բժիշկն ու հաղորդավարը։
Մյասնիկովը համոզված է, որ պատվաստումները մարդու կյանքում պարբերական և սովորական կդառնան, իսկ մուտացիաները՝ կենցաղի մի մաս։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։
«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։
Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։
Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:
Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։
Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։
Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Պաշտոնանկության հերթը կարծես թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էլ հասավ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ ուղիղ ակնարկում է այդ մասին։
«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ` Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին»,- գրում է Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, քանի որ վարչապետը Սահմանադրության 155-րդ հոդվածով իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Իմքայլական պատգամավոր վստահ է, որ անգամ «ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ»:
Այսպիսով, Հովակիմյանը կարծում է, որ նախագահը, իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս, կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այլն։
«Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- ամփոփել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ վաղը կայանալիք հանրահավաքի ժամանակ խոսելու է նախագահի որոշման անհիմն լինելու մասին, արձանագրելու են այդ որոշման հենք չունենալը, և այդ արձանագրումից հետո կարող են որոշակի հետևություններ արվել։
Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։