King Air 350 VH-FIX ինքնաթիռ

Կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը. կան զոհեր

44
(Թարմացված է 17:32 21.02.2021)
Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Աբուջայում կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը: Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է Նիգերիայի ավիացիայի նախարար Հադի Սիրիկան:

«King Air 350 ռազմական ավիացիայի ինքնաթիռը կործանվել է Աբուջայի թռիչքուղուց ոչ հեռու ՝ Միննայի ճանապարհին։ Ինքնաթիռը կործանվել է շարժիչի խափանման մասին հաղորդագրություններից հետո։ Կարծես զոհեր ունենք, բայց պետք է հանգստություն պահպանենք և սպասենք հետաքննության արդյունքներին»,–ասել է նախարարը։

Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են:

Նշենք, որ նման ինքնաթիռների տարողունակությունը 9 ուղևոր է (հնարավոր է ՝ խցիկում մինչև 11 նստատեղեր լինեն ՝ կախված տվյալ երկրի ավիացիոն կանոններից):

44
թեգերը:
Զոհ, կործանում, Նիգերիա, ինքնաթիռ
Եվրամիության դրոշներ

Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»

53
Աշխարհում հիմա շատ պատվաստանյութեր կան ու հավանաբար ավելի շատ կլինեն, բայց առայժմ հայտնի չէ, թե որ դեղերով պատվաստումներն են ԵՄ-ական վկայագիր ստանալու իրավունք տալու մարդկանց:

Մաքսիմ Սոկոլով, ՌԻԱ Նովոստի

Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունեցել ԵՄ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքների ամփոփման ժամանակ և ասել, որ համաձայնության են եկել պատվաստման վկայական սահմանելու անհրաժեշտության շուրջ. առանց վկայականի չի թույլատրվի ԵՄ մուտք գործել: Համաձայնությունն առայժմ սկզբունքային է, նախագիծը մանրամասն կներկայացվի երեք ամսից։

Ռուսական ասացվածք կա՝ «Սատանան մանրուքների մեջ է»: Այս դեպքում դա վերաբերում է նաև պատվաստում ստացածի անձնագրին։

Անհասկանալի է, թե ինչպես պետք է վարվեն մարդիկ, որոնք պատվաստումների հակացուցումներ ունեն։ Քիչ թե շատ հասկանալի է ժամանակավոր հակացուցումների դեպքերը, օրինակ` եթե մարդը նոր է ապաքինվել կորոնավիրուսից: Ինչպես այլ վարակիչ հիվանդություններից հետո, այս դեպքում նույնպես բավական է սպասել ու հետո հանգիստ պատվաստվել: Բայց չէ՞ որ կան նաև մշտական, խրոնիկ հիվանդություններ: Ու ինչպե՞ս պետք է վարվեն այդպիսի հիվանդություններ ունեցողները։ Խրոնիկ հիվանդությունները ծանր են, և հիվանդները շուտով կմեռնեն: Ստացվում է` չկա մարդ, չկա խնդիր։ Եվ ընդհանրապես ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ի՞նչ գործ ունեն Եվրոպայում։

Սակայն դրանով ամեն ինչ չի սահմանափակվում։

Աշխարհում հիմա շատ պատվաստանյութեր կան ու հավանաբար ավելի շատ կլինեն, և ո՞ր դեղերով պատվաստումներն են ԵՄ-ական վկայագիր ստանալու իրավունք տալու:

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը

Եվրատլանտյան եռյակի հետ (Pfizer / BioNTech, Moderna, AstraZeneca) բյուրոկրատական խոչընդոտներ երևի չեն լինի:

Սակայն ռուսական («Սպուտնիկ-V» և «ԷպիՎակԿորոնա) ու չինական (Sinovac Biotech, CanSino Biologics, CNBG – Sinopharm) պատվաստանյութերի դեպքում հարցը կարող է բարդանալ։ Դրանք որքան ասես բուժիչ կարող են լինել, բայց քանի դեռ Բրյուսելի վերահսկիչ մարմինները պաշտոնապես չեն հաստատել, դրանցով պատվաստված քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, սահմանն անցնելու համար անհրաժեշտ հավաստագիր չեն ստանա։ Քանի որ ոչ ժողովրդավարական ծագման պատվաստանյութի կազդուրիչ հատկությունների կամ վնասակարության հարցը ոչ միայն բժշկական է, այլև քաղաքական:

Իսկ թե ինչ է ստացվում, երբ գործին խառնվում է քաղաքականությունը, այսինքն ՝ «ժողովրդավարության առաջխաղացումը vs տոտալիտարիզմի հարձակումը», մենք տեսնում ենք «Հյուսիսային հոսք–2»-ի օրինակով, երբ ռուսական ածխաջրածինն ավելի վտանգավոր է դառնում, քան «Ցիկլոն-Բ»-ն։ Ինչպես ասում են, եթե երկրաչափական տեսությունները կապ ունենային մարդկանց շահերի հետ, դրանց պատճառով պատերազմներ կլինեին։ Իսկ եթե ոչ ժողովրդավարական ծագման պատվաստանյութը չճանաչելով հնարավոր է օտարերկրյա տերությանը տհաճություն անել, ինչո՞ւ չանել։

Հատկանշական է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերջին (փետրվարի 17) հայտարարությունը. «Ինչո՞ւ է Ռուսաստանը տեսականորեն այլ երկրներին առաջարկում միլիոնավոր դեղաչափեր, բայց դրա հետ մեկտեղ բավարար առաջընթաց չի գրանցել սեփական բնակչության պատվաստման գործում: Սա այն հարցն է, որը պետք է պատասխան ունենա»։

Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին

Դժվար է ասել, թե ինչ է բավարար առաջընթացը։ Եվ տեղի՞ն է արդյոք, որ եվրոպացի պաշտոնյաները բարձրացնեն այդ թեման, երբ Եվրոպայում առաջընթացն ակնհայտորեն բավարար չէ։ Այլապես Հունգարիան «Սպուտնիկ» չէր գնի, և Չեխիան, Ավստրիան, Իտալիան չէին մտածի նույնը անելու մասին։ «Ի՞նչ են անում «Սպուտնիկը», երբ ամեն քայլափոխի «Պֆայզերի» պատվաստման կետեր կան։

Հնարավոր է, որ ֆրաու Ուրսուլան վրդովված է 19-րդ դարի վերջին հացի արտահանման պրակտիկայի վերարտադրումից՝ «թերսնված կմնանք, բայց կարտահանենք»։ Դժվար է ասել` այսօրվա առողջապահության նախարարությունը ճշգրտորեն հետևում է այն ժամանակվա ֆինանսների նախարար Վիշնեգրադսկու սկզբունքներին, թե ոչ: Իսկ ավելի դժվար է հասկանալ, թե դա ինչ կապ ունի ռուսական պատվաստանյութի արդյունավետության հետ։ Կա՛մ արդյունավետ է, կա՛մ ոչ։ Մինչդեռ Ռուսաստանի կողմից սեփական բնակչության պատվաստման հարցում բավարար առաջընթացի հասնելը դժվար թե Բրյուսելի գլխավոր հոգսը լինի։

Այլ բան է, երբ պետք է ռուսական պատվաստանյութն ամեն գնով անտեսել։ Մասնավորապես վիզայի տրամադրման համար դրանով պատվաստումը հիմք չհամարել։

Իհարկե, ամեն ինչ չէ, որ կախված է Ուրսուլայից ու նրա համախոհներից։ Բացի այն մարդկանցից, որոնք ցանկանում են խուսափել Ռուսաստանից՝ դրա համար օգտագործելով ցանկացած առիթ, ինչպես նաև պատրվակ։ Կան նաև այլ շահեր ունեցող խմբեր։

Օրինակ`թեև ռուսաստանցիների եկամուտները խիստ նվազել են, բայց ոչ այնքան, որ արտագնա զբոսաշրջությունն անհնար դառնա։ Իսկ եվրոպական շատ երկրներ (Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան.), որտեղ վարակի տարածումից առաջ զբոսաշրջությունն ապահովել է ՀՆԱ-ի 10-15 տոկոսն ու բնակչության զգալի մասի զբաղվածությունը, քնում ու տեսնում են, թե ինչպես են վերադառնում նախավարակային ժամանակներն ու ռուս զբոսաշրջիկների փողերը:

Կարելի է, իհարկե, եվրոպացիներին ոգևորել ընկեր Մ․Ա․Սուսլովի խոսքով՝ «Գաղափարախոսության հարցում չենք տնտեսում», այդ թվում ՝ վիզային սերտիֆիկացման առումով, բայց նման երկարաժամկետ քաղաքականությունը հղի է տարբեր անակնկալներով։

Այնպես որ այն հարցը, թե որ պատվաստանյութը երեք ամիս անց կհաստատի հայցողի հուսալիությունը՝ մուտքի արտոնագրի ստանալու համար, սուր վեճերի առարկա կդառնա ֆրաու ֆոն դեր Սուսլովի ու «ինչ ուզում է լինի, միայն թե աշխատի» մանր բուրժուական սկզբունքի կողմնակիցների միջև։

Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը

53
թեգերը:
պատվաստանյութ, համավարակ, կորոնավիրուս, Եվրոպա
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Կարմիր խաչ. արխիվային լուսանկար

Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

67
(Թարմացված է 19:13 01.03.2021)
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր Դաշնային խորհրդի խոսնակին՝ խնդրելով աջակցել արցախյան հակամարտության ընթացքում գերեվարված մի քանի կանանց հայրենիք վերադարձնելուն։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

67
թեգերը:
Վալենտինա Մատվիենկո, հայ, Կին, գերի
Ըստ թեմայի
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
Զինվորական արտահագուստ

Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը

0
Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից:

Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք  իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝  ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում

Նշվում է նաև, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղացություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի, Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով»,- շեշտում է ԱՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին:

Արցախի ԱԳՆ-ն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։  

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

ԱՀ ԱԳՆ-ի համաձայն՝ նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: 

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի, Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

0
թեգերը:
գերի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար