ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ղրղզստանում կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ նախագահի թեկնածու Սադիր Ժապարովը հավաքել է ձայների 79 տոկոսը և հաղթում Է առաջին փուլում։ Տեղեկությունը հաղորդում Է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ն:
Ըստ տվյալների ՝ Ժապարովի օգտին քվեարկել է 1 մլն 40 հազար մարդ։ Երկրորդ տեղում Ադահան Մադումարովն է ՝ 6,6 տոկոսով․ նրա օգտին քվեարկել է 86,5 հազար մարդ:
Ղրղըզստանում հունվարի 10-ին տեղի են ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ: Նախկին ընտրություններում ընտրված առաջնորդ Սոորոնբայ Ժեենբեկովը ստիպված էր հրաժարական տալ 2020 թվականի հոկտեմբերին զանգվածային բողոքների ֆոնին:
Երկրի գլխավոր պաշտոնին հավակնում էին 17 մարդ ՝ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, գործարարներ և ուժայիններ։ Հանրապետությունում և արտասահմանում նախագահական ընտրություններին կարող էին մասնակցել ավելի քան 3,5 մլն ղրղզներ:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Այցի նպատակը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելն է։
Այսօր արդեն պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը հանդիպել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։
Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։
Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։
1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:
Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։
Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։