ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել: Կիսաեզրափակչում նա հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ՝ երկու մինի հանդիպումներում էլ հաղթելով նրան 3:1 և 2:1 հաշվով:
Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային` երկու խաղում գրանցելով 2.5:1.5 և 2:0 հաշիվները:
Կիսաեզրափակչում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը հաղթել է ռուս շախմատիստ Դանիիլ Դուբովին (3:1 և 2:0):
Արոնյանն ու Ռաջաբովը կհանդիպեն Airthings Masters-ի եզրափակչում։
Հիշեցնենք, որ Play Magnus Group-ի կազմակերպած մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին:
Airthings Masters-ը անցնում է երկու փուլով. հաղթողը կորոշվի նոկաուտ համակարգով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար, հաղթողը կստանա 60 հազար դոլար:
Արոնյանը Airthings Masters շախմատային մրցաշարում հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:
Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:
«Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:
Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:
«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կաննի կինոփառատոնը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսին, տեղափոխել են հուլիս։ Տեղեկությունը հրապարակված է փառատոնի Twitter–ի էջում։
Նշվում է, որ իսկզբանե 2021 թվականի մայիսի 11-22-ը նախատեսված կինոփառատոնն այժմ կանցկացվի 2021 թվականի հուլիսի 6-17-ը։
74th FESTIVAL DE CANNES: CHANGE OF DATES
— Festival de Cannes (@Festival_Cannes) January 27, 2021
Initially scheduled from 11 to 22 May 2021, the Festival de Cannes will now take place from Tuesday 6 to Saturday 17 July 2021. #Cannes2021
Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
Կաննի միջազգային կինոփառատոնը (Festival international du film de Cannes) կինեմատոգրաֆիայի ամենամյա փառատոն է, աշխարհում ամենահին ու հեղինակավոր փառատոներից մեկը։ Միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի վերջին Կաննում (Ֆրանսիա)` փառատոների և կոնգրեսների պալատում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների` հունվարի 30-ին ՌԴ–ում նախանշված հանդիպման օրակարգը հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված հայտարարությունն է։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին ավելի հստակեցում կամ կոնկրետացում չունենք։ Կհանդիպենք, կտեսնենք։ Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության ու մասնավորապես` դրա 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»,– ասաց Գրիգորյանը։
Հունվարի 11-ին ընդունված հայտարարության 4-րդ կետը նախատեսում է, որ մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերը` ամենաբարձր մակարդակով պետք է հաստատման ներկայացնեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին` փոխվարչապետ Գրիգորյանը նշեց, որ աշխատանքը շատ բարդ է, հարցն ունի բազմաթիվ բաղադրիչներ` այդ թվում ու նախ և առաջ` անվտանգության։
«Վստահ եմ, որ խնդրի լուծման համար բոլոր այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,– ասաց փոխվարչապետը։
Նա նաև շեշտեց, որ առաջադրված նպատակների իրականացման համար կողմերի միջև պետք է լինի փոխադարձ վստահություն։
Կա, թե ոչ՝ Մհեր Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի դեռ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ չի հանդիպել։
Հիշեցնենք` հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն` որպես լրացում 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության։
Հունվարի 11-ի հայտարարության բոլոր 4 կետերը վերաբերում են նոյեմբերի 9-ի հայտարարության` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետին։