ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, 78-ամյա Ջո Բայդենը սայթաքել և վայր է ընկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բայդենի բժիշկ Քեվին Օ'քոննորը հայտնել է, որ ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերվել:
Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ ու կոշիկ կրի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին։
«Շուտ ապաքինվեք»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
«Հարյուր հազարավոր կեղծ ձայներ». Թրամփը վստահ է՝ ընտրությունների արդյունքները կփոխվեն
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ջո Բայդենը։ Գործող նախագահ Թրամփը մի շարք տեղամասերում վերահաշվարկ է պահանջել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։
Ինչպես սպասվում էր, հերթական հայտարարություններն ընդամենը լրացնում են ամերիկյան իշխանությունների՝ ուրբաթ հնչեցրած մտադրությունները։ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտնեց վիզայի սահմանափակումների՝ այսպես կոչված «Խաշուկջիի արգելքի» մասին, որ վերաբերում է 76 սաուդցիների, որոնք, ինչպես ենթադրում են, «մասնակցել են արտասահմանում դիսիդենտների ահաբեկմանը, այդ թվում՝ Խաշուկջիի սպանությանը»։ Անհատական պատժամիջոցները վերաբերելու են նաև Ընդհանուր հետախուզության ծառայության պետ Ահմադ ալ Ասիրիին։
Հետախուզության զեկույցում ասվում է, որ սաուդյան իշխանությունների կոշտ քննադատի` «The Washington Post» թերթի հեղինակի հանդեպ դաժան հաշվեհարդարին մասնակցել է թագաժառանգ արքայազնը՝ Մուհամմեդ բեն Սալմանը։ Նրա հավանությամբ են լրագրողին առևանգել, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք, այնուհետև մասնատել են, և մարմնի մնացորդներն այլևս ոչ ոք չի տեսել։ Թագավորության ԱԳՆ-ում կտրականապես հերքել են մեղադրանքները։
Սակայն արքայազնի դեմ անհատական պատժամիջոցներ չեն սահմանել, թեև նոր նախագահ Ջո Բայդենը նախընտրական բանավեճերի ժամանակ խոստացել էր Էր Ռիադը դարձնել աշխարհից լքված երկիր։
Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի
«Կարծում եմ` պետք է հասկանալ, որ ամբողջ երկրի հետ հարաբերություններն առավել առաջնային են, քան մեկ մարդու հետ հարաբերությունները»,-այդ թեմայով այսպես էր արտահայտվել Բլինկենը։ Նրա խոսքով՝ վարչակազմը վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ կապերը, սակայն դրանք այնուամենայնիվ կարևոր են, և ԱՄՆ-ն հատկապես շահագրգռված է այդ հարցում։ «Մենք նվիրված ենք թագավորության պաշտպանությանը»,-ավելացրել է Բլինկենը և պարզաբանել` նպատակն այն է, որ Էր Ռիադն ավելի շատ համապատասխանի Նահանգների խնդիրներին և արժեքներին։
Պետքարտուղարն ընդգծել էր` Սպիտակ տան համար սկզբունքային է, որ Էր Ռիադը սահմանազատի ամերիկացիներից ստացվող օգնությունն ու իրավիճակը Եմենում, որտեղ սաուդցիները աջակցում են նախագահ Աբու-Ռաբու Մանսուր Հադիի կառավարությանը՝ ընդդեմ հուսիթների շիայական շարժման։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնն ուզում է համոզվել, որ երրորդ երկրներն ամերիկյան զենքը չեն օգտագործում մարտի դաշտում։
Երկու պետությունների հարաբերությունների հիմքում ամերիկացիների հասանելիությունն է նավթին՝ թագավորության պաշտպանությունն ապահովելու պարտավորության դիմաց։ Սաուդյան Արաբիան ամերիկյան սպառազինության ամենախոշոր գնորդն է։
Համագործակցությունն ապահովում է երկու կկողմերի ռազմավարական շահերը։ Սակայն արժեքների հարցում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, պետությունների ուղիները բաժանվում են։
Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին դաշինքը բախվեց կարծիքների տարբերության, ինչպես դա նկարագրում էր Սալման արքայի անձնական խորհրդականը։ Դրանք վերաբերում էին Իրանի՝ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակցի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցմանը։ Բացի այդ, թեև երկու երկրների հետախուզական ծառայությունները հաջողությամբ համագործակցում էին անվտանգության ոլորտում, այդուհանդերձ միապետության քննադատների դեմ պայքարի սաուդյան մեթոդները Միացյալ Նահանգներում հավանության չէին արժանանում։ Դրան ավելացավ նաև Եմենի խնդիրը։ Սպիտակ տունն անհանգստանում էր այն ռազմական գործողությունների զոհերի թվով, որտեղ հավանաբար նաև ամերիկյան զենք է շրջանառվել։
Երբ Սպիտակ տուն եկավ Դոնալդ Թրամփը, հարաբերությունները ջերմացան։ Մինչդեռ նախքան պաշտոնը ստանձնելը նա Մերձավոր Արևելքի այդ դաշնակցի հանդեպ առանձնապես համակրանք չէր ցուցաբերում․ ասում էր, որ «հաստատ թագավորության երկրպագու չէ», իսկ ԱՄՆ-ն «չպետք է օգնի սաուդյան ահաբեկիչներին»։
Պետք չէ բաց դռները թակել. Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին
Ինչևէ, առաջին պաշտոնական այցը Թրամփը կատարեց հենց Էր Ռիադ, իսկ նրա ժամկետի վերջում Պետդեպարտամենտը ահաբեկչական կազմակերպություն հռչակեց հուսիթներին։ Նախկին նախագահը թագաժառանգ արքայազնի հետ հիմնականում սերտ հարաբերություններ էր պահպանում փեսայի և խորհրդականի՝ Ջարեդ Քուշների միջոցով։ Խաշուկջիի սպանության մասին զեկույցը պատրաստ էր դեռևս նախորդ վարչակազմի օրոք, պարզապես չէին հրապարակում։
«Թրամփը խաղադրույք կատարեց դաշնակիցների ներդրումների վրա՝ Վաշինգտոնի պարտավորությունները նվազեցնելու համար։ Գործընկերները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, պետք է ավելի շատ սպառազինություն գնեին և իրենց վրա վերցնեին տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը»,-բացատրում է ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հեռանկարային ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մաքսիմ Սուչկովը։ ԱՄՆ–ն ի պատասխան ռազմաքաղաքական հովանավորություն էր ապահովում և կանաչ լույս տալիս դաշնակիցների համար կարևոր նախաձեռնություններին։
«Հիմա Թրամփի հակառակորդները ինչ էլ ասեն, հարաբերությունների այդպիսի ձևաչափը երկու կուսակցություններն էլ ինքնըստինքյան ընդունում էին։ Երբ սպանեցին Խաշուկջիին, դեմոկրատները քննադատության ալիք թափեցին հանրապետականների վրա։ Մեղադրեցին Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումներն արհամարհելու, սաուդցիների և Եմենում նրանց դաշնակիցների (որոնց Օբամայի օրոք դեմոկրատներն իրենք էին հավանություն տալիս) դաժան գործողության հանդեպ անուշադրության համար և կշտամբեցին «բարի քիմիայի» համար, որը ձևավորվել էր նախագահի փեսա Քուշների և արքայազնի միջև»,-թվարկում է Սուչկովը։
Դեմոկրատների կարծիքով, ավելացնում է նա, դա Մուհամմեդ բեն Սալմանի մոտ անպատժելիության զգացողություն առաջացրեց, և նա համոզվեց, որ ցանկացած հարց Վաշինգտոնի հետ կարելի է փողով լուծել։
Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում
Նոր վարչակազմի օրոք ուղղության փոփոխություն էին սպասում, և առաջին քայլերն արդեն արված են։ Բայդենը հայտնեց Եմենում հարձակողական գործողությունների աջակցության դադարեցման մասին, այդ թվում՝ զենքի արտահանման հաշվին։ Հայտնում էին, որ դա կվերաբերի երեք հազար հատ GBU-39 գերճշգրիտ ռումբերի՝ դեկտեմբերին հաստատված մատակարարմանը (290 միլիոն դոլար արժողությամբ), ինչպես նաև յոթ հազար Paveway IV ռումբերի մատակարարմանը (478 միլիոն դոլար արժողությամբ)։ Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստվում է Եմենի հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բացի այդ, փետրվարին հուսիթներին հանեցին ահաբեկչական խմբավորումների ցանկից։
Եվ այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերությունների լիակատար վերանայման մասին խոսել չի կարելի։ «Կկշտամբեն, թուքումուր կտան, բայց համագործակցության վերագնահատում տեղի չի ունենա»,-կարծում է Մերձավոր Արևելքի մասնագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։ Ըստ նրա` խոսքն ավելի շուտ «վերակալիբրման» մասին է, այսինքն՝ ռազմավարական առումով ոչինչ չի փոխվի։
Նրա հետ համաձայն է Ռուսլան Մամեդովը՝ Միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան խորհրդի մերձավորարևելյան նախագծերի մենեջերը։ Նրա խոսքով` շտկումների կարիք վաղուց կար։
«Դեռևս Օբամայի ժամանակներից ամերիկացիներն աճում են սեփական էներգետիկայի առումով, աշխարհում նավթի արդյունահանման հարցում առաջին տեղն են դուրս եկել և հիմա ավելի քիչ ունեն Սաուդյան Արաբիայի կարիքը,-ասում է փորձագետը,-նոր վարչակազմում որոշ մարդիկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այլ տեսլական ունեն։ Խոսքը դրա վերահավասարակշռման մասին է․ որպեսզի հիմնվեն մի քանի տարածաշրջանային տերությունների վրա և մի փոքր ազատեն իրենց ձեռքերը»։
Մամեդովն ընդգծում է, որ ներտարածաշրջանային դինամիկայում շատ բան կախված է իրանական միջուկային գործարքից։ Էր Ռիադը ԱՄՆ գլխավոր գործընկերներից է Թեհրանի հետ հարաբերություններում։ Եթե կոշտ մոտենան Սաուդյան Արաբիային, դա ինքնըստինքյան ձեռնտու կլինի Իրանին։ Եվ հանուն Խաշուկջիի սպանության հետևում կանգնած մարդկանց պատժելու ԱՄՆ այդպիսի քայլ չէր անի։
Ալեքսեյ Խլեբնիկովը պարզաբանում է` գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը կնքվեց 2015թ․-ին, ծոցի միապետությունների համար «վերջին կաթիլը» դարձավ: Վերջին տասը տարվա ընթացքում տարածաշրջանում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ։ Թունիսի և Եգիպտոսի ապստամբությունները, որոնցից հետո առանց ԱՄՆ-ի աջակցության նախագահները զրկվեցին իրենց պաշտոններից, այնուհետև Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումը և, որպես հետևանք, Կահիրեին տրվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը:
Եվ վերջապես Իրանի հետ գործարքը։ Այդ ամենը, քաղաքագետի խոսքով, թագավորություններին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային դրդեց դիվերսիֆիկացնել դիվանագիտական պորտֆոլիոն և ամրապնդել կապերը մյուս տերությունների, օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Մոսկվան նույնպես սպառազինություն է վաճառում Էր Ռիադին․ 2019-ին սկսվել են առաջին խմբաքանակների մատակարարումները՝ ըստ 2017թ․-ի պարտավորությունների։ Այդ ժամանակ թագավորությունը Ռուսաստանի հետ հուշագիր էր կնքել ՏՕՍ-1Ա համակարգերի, «Կորնետ-ԷՄ» հակատանկային համալիրների, ԱԳՍ-30 նռնականետների և Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների արտադրության տեղայնացման մասին: 2021թ․-ի սկզբին հայտնեցին, որ սաուդցիները կարող են ձեռք բերել նաև ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ և Սու-35 կործանիչներ:
Մամեդովը հիշեցնում է` պակաս կարևոր չէ նաև այն, որ երկրները համակարգում են նավթային շուկայի քաղաքականությունը։
«Էր Ռիադի և Մոսկվայի հարաբերություններում կարևոր է հաշվի առնել նաև ՕՊԵԿ+ գործարքի ազդեցությունը։ Նա թույլ է տվել երկու կողմերին շատ գումար վաստակել։ Դա շատ պրագմատիկ դասավորություն է, բոլորն էլ օգուտ են ստանում՝ դու ինձ, ես քեզ»։
Սակայն, նրա խոսքով, Վլադիմիր Պուտինի այցերը Սաուդյան Արաբիա կամ թագավոր Սալմանի այցերը Ռուսաստան հաճախ դիտարկվում էին որպես գործիք Վաշինգտոնի հետ խաղերում։
Մամեդովը կարծում է` միապետությունը կարող է ամերիկացիների համար խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ ԱՄՆ-ն չափազանց կարևոր է Էր Ռիադի համար, իսկ նման զորավարժությունները միայն ուշադրություն գրավելու միջոց են։
«Սաուդյան Արաբիայում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կախված չեն նրանից, թե այս պահին ով է Սպիտակ տանը, նրանց կարծիքով՝ երկու երկրների կապերը հաստատուն են, ձևավորվել են տասնամյակների ընթացքում և կդիմանան ցանկացած տատանման»,-եզրափակում է փորձագետը։
Տասնամյակների դաշինքը շատ բանի վրա է անդրադարձել․ գրեթե ամբողջ սաուդյան էլիտան կրթություն է ստանում ԱՄՆ-ում, սաուդյան ռիալը կապված է դոլարին, սպառազինությունն ու զինվորականների ուսուցումը հիմնականում ամերիկյան են։ Դա փոխելու համար երկար տարիներ են պետք։ Ուստի արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացիան ավելի շուտ մարտավարական քայլ է, բազմակողմանի ուղղություն, որը համապատասխանում է նոր, բազմաբևեռ աշխարհի պահանջներին։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։



