Ջո Բայդեն

Նոր նախագահ, հին խնդիրներ. ի՞նչ պետք է անի Հայաստանը Բայդենից «օգուտ քաղելու» համար

255
(Թարմացված է 17:58 10.11.2020)
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հաճախ է օգտագործվել ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից։ Ընտրություններից առաջ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս խոստացել էր ճանաչել պատմական փաստը։ Փորձագետները վերլուծել են` արժե՞ արդյոք հավատալ ԱՄՆ 46-րդ նախագահի խոսքին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի –Sputnik. Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի կարողանա որոշակի հաջողություններ գրանցել ոչ միայն հայ-ամերիկյան հարաբերություններում, այլև ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, որից շատ առումներով կախված է հայկական հարցի զարգացումնե ու Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Սենատոր եղած ժամանակ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է Հայոց Ցեղասպանության մասին 106-րդ բանաձևին, որը ժամանակին ընդունել Կոնգրեսի ներկայացուցչների պալատը։

Բանաձևի համաձայն` նախագահը պետք է ամեն տարի ապրիլի 24-ի ուղերձում օգտագործեր «ցեղասպանություն» եզրույթը։ Բացի այդ, Բայդենն աջակցել է ներկայացուցիչների պալատի և սենատի կողմից Ցեղասպանության հետ կապված բանաձևերի ընդունմանը 2019թ․-ին։ Նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Շնորհավորելով Բայդենին նախագահ ընտրվելու առթիվ, երեկ հայկական հարցի վերաբերյալ նրա այդ դիրքորոշումն ընդգծել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ հայ ժողովուրդը գնահատում է նրա «սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեսպանության ճանաչման և նրա իրավունքների պաշտպանության հարցում»։

Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան

ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությանը, սակայն, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կասկածամտորեն է վերաբերվում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ ամերիկյան քաղաքական գործիչ լինելը մի բան է, ԱՄՆ նախագահ լինելը՝ մեկ այլ բան, և այդ երկու կարգավիճակները կարող են հակասել միմյանց։ Պատմությունը մի շարք օրինակներ է հիշում, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուն մի դիրքորոշում ուներ, իսկ ընտրվելուց հետո՝ բոլորովին այլ։

Մանուկյանը հիշեցրել է, որ մինչև փոխնախագահ դառնալը Բայդենը լիովին հայամետ դիրքորոշում ուներ, Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմնակից էր։

«Նա կողմնակից էր Ցեղասպանության հետ կապված այն բոլոր բանաձևերին, որոնք առաջարկվում էին Կոնգրեսին։ Սակայն արդեն Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնում դադարեց ակտիվ մասնակցություն ունենալ այդպիսի գործընթացներում»,-ասաց Մանուկյանը։

Մասնագետը չի ուզում կանխատեսումներ անել, թե ինչ դիրորոշում կունենա այդ հարցում նախագահ Բայդենը։ Նա ընդգծեց, որ որոշ դեպքերում Հայոց ցեղասպանության թեման Հայաստանի և հայերի վերահսկողությունից դուրս է եկել։ Այն ակտիվորեն իրենց նպատակների համար օգտագործում են միջազգային խաղացողները՝ արտաքին խնդիրներ լուծելու համար։

Մանուկյանը նշեց, որ այն պահին, երբ ԱՄՆ-ն ցանկանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա, կարող նորից խաղարկել Ցեղասպանության թեման։ Հենց այդպես եղավ 2019թ․-ին, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու Սենատը երկու ամիս տարբերությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեցին։

«Այսօր Ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը կախված չէ այդ հարցում Բայդենի անձնական դիրքորոշումից։ Ես հակված եմ հավատալու, որ իբրև ԱՄՆ նախագահ` նա բացահայտ հայամետ դիրքորոշում ունի, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն Բայդեն-նախագահը կգործի այնպես, ինչպես նրան կթելադրի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»,-ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ այստեղ արդեն գործուն դեր պետք է խաղա հայկական դիվանագիտությունը։ Ուստի Երևանն արդեն հիմա պետք է սկսի աշխատել Բայդենի վարչակազմի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ։ Մանուկյանը նշեց, որ Թրամփի նախագահության տարիներին երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգի պակասություն էր զգացվում։

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան

Փորձագետը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է միջազգային հանրությանը հասցնել, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության վերականգնման տեսանկյունից։ Դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։

«Այն, որ Թուրքիան շարունակում է անպատիժ մնալ նախորդ դարում կատարած հանցագործությունների համար, նրան հակահայկական քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու ազատություն է տալիս։ Բացի այդ, Անկարայի անպատժելիությունը հանգեցնում է նրան, որ այն վտանգավոր է դառնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևանների, Եվրոպայի համար»,-ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ այս համատեքստում Ցեղասպանության ճանաչումը ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ այսօրվա Թուրքիային պատասխանատվության կանչելու կոչ։

Իր հերթին փորձագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Երևանը պետք է ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի հետ աշխատի բոլոր ուղղություններով։

«Մենք պետք է աշխատենք Բայդենի վարչակազմի հետ (որի հետ ավելի շատ կապեր ունենք, քան Թրամփի վարչակազմի հետ), օգտագործելով նաև սփյուռքի հնարավորություններն ու կապերը»,-ասաց Սարգսյանը։

Թուրքիայի հեղինակությունն ընկնում է. ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության հարցը

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի հետ Հայաստանը երկկողմ հարաբերությունների ակտիվ օրակարգ չի կառուցել։ Չի եղել նաև երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում, իսկ այդպիսի բան ԱՄՆ նախորդ նախագահների օրոք չէր եղել։

Փորձագետը նշեց, որ հիմա ամեն ինչ շատ առումներով կախված է այն բանից, թե Հայաստանը որքան արդյունավետ կկարողանա օգտագործել իր կապերը՝ արդյունքի հասնելու համար։

255
թեգերը:
Նախագահ, Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ, Ջո Բայդեն
թեմա:
Հայոց ցեղասպանություն (240)
Ըստ թեմայի
Ո՞վ է կազմել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կամ Սիրիան հետ չի կանգնի իր որոշումից
Չեխիայի խորհրդարանի Սենատը բանաձև է ընդունել, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը
Որակապես նոր քայլ է. ԱԳ փոխնախարարը` Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման մասին
Ֆրանսիայի խորհրդարանի անդամները Ծիծեռնակաբերդում. 25 հոկտեմբերի, 2020

«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում

2
ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նոյեմբերի 25-ին քվեարկեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության բանաձևի օգտին: Փաստաթղթին կողմ քվեարկեց 305 սենատոր, դեմ միայն մեկ ձայն կար։ Սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չաջակցեց իշխանության օրենսդիր ճյուղի ներկայացուցիչների նախաձեռնությանը։ Արդեն Սենատի պատերից ներս տեղի ունեցած բանավեճի ընթացքում ԱԳՆ-ի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հատուկ ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող կտրուկ շարժումներ անել։

Այդ ելույթը սենատորների դիրքորոշման վրա ազդեցություն չունեցավ։ Սակայն քվեարկությունից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որում հաստատեց, որ Փարիզի պարտականությունն է աշխատել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միջոցով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի կարգով»:

Արդյո՞ք դա նշանակում է, որ ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը պարզապես փոթորիկ էր մի բաժակ ջրում։ Եվ եթե ոչ, ի՞նչ հետևանքների այն կարող է հանգեցնել։ Ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի հետաքրքությունը կովկասյան խնդիրների նկատմամբ։

«Հայկական հարցը» Ֆրանսիայում․ ներքին և արտաքին քաղաքական համատեքստը

Այս հարցերին պատասխանելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջին անգամը չէ, որ Ֆրանսիան անդրադառնում է Հայաստանի ու հայերի հետ կապված ինչպես պատմական անցյալի, այնպես էլ արդիական ներկայի թեմաներին։ 1998թ. մայիսի 29-ին այդ երկրի Ազգային ժողովն ընդունեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագիծը: Սենատը նմանատիպ բանաձևին կողմ քվեարկեց 2000 թվականի նոյեմբերին, իսկ 2001 թվականին նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց համապատասխան օրենքը:

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

2011թ․-ի դեկտեմբերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի, իսկ 2012թ․-ի հունվարի 23-ին՝ Վերին պալատի կողմից: Այս նախաձեռնության հեղինակը Վալերի Բուայեն էր։ Առաջ անցնելով, ասենք, որ հենց նա է կանգնած 2020թ. ղարաբաղյան բանաձևի ակունքներում։

Սակայն Ֆրանսիայի Ազգային ժողովի ավելի քան 70 սենատորներ և 50 պատգամավորներ դիմեցին երկրի Սահմանադրական խորհուրդ՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերացնելու միջնորդությամբ: Եվ 2014 թ․-ի փետրվարի վերջին Ֆրանսիայի բարձրագույն դատական ատյանը այն ճանաչեց հիմնական օրենքին հակասող։ Այնուամենայնիվ, դրանից հետո էլ այս թեման բազմիցս բարձրացվել և քննարկվել է քաղաքական գործիչների և հասարակական տարբեր ակտիվիստների կողմից։

Ֆրանսիայում 350-500 հազար հայ է ապրում, ու այդ առումով այն աշխարհում երրորդ երկիրն է  Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո։ Առավել խոշոր համայնքները Փարիզում, Լիոնում և Մարսելում են (վերջինում Բուայեն փոխքաղաքապետ էր): Ի թիվս Ֆրանսիայի՝ հայկական արմատներ ունեցող նշանավոր քաղաքացիների, այնպիսի մարդիկ են, ինչպիսիք են ռեժիսոր Անրի Վերնոյը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը, քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

Հայոց պատմության վերաբերյալ սյուժեներ (ներառյալ 20-րդ դարասկզբի ողբերգության հիշատակումը) լայնորեն ներկայացված են ֆրանսիական կինեմատոգրաֆում, գրականության և արվեստի մեջ։ Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։

Լոբբիստական կառույցները նույնպես ավանդաբար ակտիվ են (օրինակ` Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն, Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնը), չնայած, փորձագետների և հրապարակախոսների որոշ գնահատականներով՝ չափազանց շատ են կենտրոնանում պատմական և պատմաիրավական թեմաների, այլ ոչ թե Հայաստանի շահերի առաջմղման արդիական օրակարգի վրա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ Ֆրանսիան չի փորձում հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Այդ երկիրը մնում է Փարիզի կարևորագույն առևտրային գործընկերը Հարավային Կովկասում։ Ադրբեջանին բաժին է ընկնում Կովկասյան տարածաշրջանի երեք երկրների հետ Ֆրանսիայի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան 60 տոկոսը։ Ֆրանսիական ուղղությամբ Բաքուն տարիներ շարունակ ձգտում էր ապացուցել, որ որպես գործընկեր ադրբեջանական կողմն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներկայի և ապագայի առումով, քան՝ անցյալի: Որպես հետևանք՝ որոշակի հիասթափություն ֆրանսիացի սենատորների գործողություններից և Ադրբեջանի կոշտ արձագանքը նոյեմբերյան որոշմանը։

Մինչդեռ ֆրանսիական քաղաքական ակտիվությունը չի բացատրվում միայն հայկական սփյուռքի գործոնով։ Փարիզը Անկարայի ընդդիմախոսն է Միջերկրածովյան ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես հույն-թուրքական և թուրք-կիպրոսական հարաբերությունների ամբողջ համալիրին, այնպես էլ Լիբիային։ Այս համատեքստում ղարաբաղյան հակամարտությունը, տնտեսագետների լեզվով ասած, «ավելացված արժեք» է հաղորդում Անկարայի և Փարիզի հակասություններին։

Առաջին հայացքից դժվար է ինչ-որ ընդհանրություն գտնել կովկասյան տարածաշրջանի հակամարտության և Ֆրանսիայի ներսում ընթացող կուսակցական-քաղաքական գործընթացների միջև։ Սակայն 2022 թ․-ին երկրում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ դրանց վրա այնպիսի հարցերը, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն գործընթացների կարգավորումը, պետության աշխարհիկ բնույթի պահպանման համար պայքարը առաջնահերթ ազդեցությունների թվում են լինելու։

Եվ ահա ղարաբաղյան բանաձևի հարցով զեկուցող սենատոր Բրյունո Ռետայոն հայտարարեց, որ այդ փաստաթուղթը վեր է զանազան կուսակցությունների միջև հակասություններից, քանի որ այն վերաբերում է ոչ թե առանձին հակամարտությանը, այլ ֆրանսիական արժեքներին։ Սենատորն ընդգծեց, որ այն պահից, երբ ղարաբաղյան հակամարտությանը միջամտեց Անկարան, այն դադարեց լինել միայն կովկասյան տարածաշրջանի խնդիր:

Այսօր Թուրքիան դառնում է Փարիզի գրեթե գլխավոր ընդդիմախոսը՝ ժամանակակից հասարակության մեջ կրոնի դերի մասին բանավեճում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է «ավանդապաշտների» յուրօրինակ պաշտպանի դեր խաղալ՝ ինքն իրեն հակադրելով «անգաղափար պոստմոդեռնիստ» Մակրոնին։ Այս բոլոր գործոնները՝ միասին և առանձին, Ֆրանսիային առաջին պլան են մղում ղարաբաղյան խնդրի քննարկման մեջ։

Ինքնորոշման իրավունքը, իրավակիրառումն ու բացառիկությունը

Բայց արդյո՞ք Սենատի բանաձևը գործնական հետևանքներ կունենա։ Եթե հետևանքներ ասելով նկատի ունենք ինչ-որ բան, որ կփոխի չճանաչված հանրապետության կարգավիճակը, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ։ Ցանկացած իրավական ակտ պետք է աջակցություն ստանա իրավակիրառման ուժով։ Այլապես այն այդպես էլ կմնա հռչակագրի մակարդակում: Ակնհայտ է, որ ֆրանսիական քաղաքական դասի համար Լեռնային Ղարաբաղի քննարկումը արժեքավոր է ոչ թե ինքն իրենով, այլ ավելի լայն համատեքստում՝ լինի դա ընտրություններ, թե Թուրքիայի հետ առճակատում։ 

Բայց ներկա պայմաններում Ֆրանսիան պատրաստ չէ լուրջ մասնակցություն ունենալ Հայաստանի և չճանաչված ԼՂՀ-ի ճակատագրի որոշմանը։ Դա ոչ լավ է, ոչ վատ, դա իրականությունն է։ Նույնիսկ եթե Ֆրանսիայի ԱԳՆ դիրքորոշումը հանկարծ փոխվի և այն համաձայնի սենատորների փաստարկների հետ, ապա Լեռնային Ղարաբաղի տեսական ճանաչումը կլինի ավելի շուտ խորհրդանշական քաղաքականության, այլ ոչ թե քաղաքական պրակտիկայի ակտ։ Եվ դա է այդ գործողության սկզբունքային տարբերությունը ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի, Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ Թուրքիայի կողմից՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապեության ճանաչումից։

Նշված բոլոր չորս դեպքերը վկայում են, որ այն երկրները, որոնք ճանաչում են անկախությունը, պատրաստ են երաշխավորել նրանց ազգային ինքնորոշումը, ում իրենք տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքների բերումով պատրաստ էին աջակցել: Այո, Սերբիայի նախկին ինքնավար երկրամասը ճանաչվել է մոտ հարյուր պետության կողմից։

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Բայց Կոսվոյի «ինքնուրույնության» համար առանցքայինը ԱՄՆ-ի աջակցությունն է, այլ ոչ թե Կոլումբիայի, Աֆղանստանի կամ Վաշինգտոնի ցանկացած այլ դաշնակցինը, որոնք պատրաստ են համաձայնություն հայտնել նրան, այդ թվում՝ Պրիշտինային աջակցելու եղանակով։ Նույնը վերաբերում է նաև աբխազական-հարավ-օսիական իրավիճակին։ Առանցքային խաղացողներն այստեղ Նիկարագուան կամ Վենեսուելան չեն։ Նրանցից յուրաքանչյուրը, աջակցելով Սուխումին ու Ցխինվալին, ավելի շուտ ցուցադրում է, որ չի ընդունում ամերիկյան քաղաքականությունը և հակառակը, հարգում է բազմաբևեռայնությունը, որի մարմնացումը Ռուսաստանն է, քան որ անմիջականորեն հետաքրքրված է Կովկասով։ Բայց միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը Մոսկվայի կողմից իրապես փոխեց ստատուս-քվոն տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ չպետք է թերագնահատել Ֆրանսիայի Սենատի նոյեմբերյան բանաձևը։ Մի երկրում, որը համարվում է արևմտյան մեյնսթրիմի մաս (ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ-ի անդամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ), քննարկվում է նախկին խորհրդային ինքնավարություններից մեկի ինքնորոշման հարցը։ Ընդ որում, նախկինում գերիշխող պատկերացումը Կոսովոյի «յուրահատկությունն» էր։ Ինչպես տեսնում ենք, այդ դիսկուրսն աստիճանաբար լղոզվում է։ Մյուս էթնոքաղաքական հակամարտություններն ու դրանց ընթացքում առաջացած դե ֆակտո գոյացությունները, պարզվում է, նույնպես կարող են եզակի լինել և տարբերվել միմյանցից։

Ի դեպ, վերջին ժամանակներս արդիականացել է բանավեճը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչմանը պատրաստ երկրների ավելացման հեռանկարների շուրջ։ Այն բանից հետո, երբ 2020թ.-ի հոկտեմբերին Մուսթաֆա Աքընջին (որը հայտնի է Էրդողանի դեմ իր առճակատմամբ և Կիպրոսի հույների հետ բանակցությունների պատրաստակամությամբ) փոխարինեց Անկարայի անկախության և ներկայիս արտաքին քաղաքականության ավելի կոշտ ջատագով Էրսին Թաթարին, իրագործման հնարավորություններն ավելի մեծացան։ Եվ չի բացառվում, որ Փարիզում ինքնորոշման սահմանների և սահմանագծերի շուրջ վեճեր դեռ շատ կլինեն։

2
թեգերը:
Ֆրանսիա, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ
Կարևոր մարդասիրական քայլ էր. Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Սերգեյ Շոյգու

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

18
(Թարմացված է 15:37 01.12.2020)
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոփոխություններ կմտցնի իր հավաքական ուժերի օպերատիվ ծավալման ծրագրում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու առաջարկությունները։ Որոշեցինք արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի փաստաթղթերը վերամշակել՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է նա։

ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահներին մասին փաստաթուղթը․ Զաս

Շոյգուի խոսքով` որոշվել են նաև մոտակա ժամանակահատվածում ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունները:

Միշուստինը զանգել է Փաշինյանին և ասել, թե ինչու է մոսկովյան հանդիպման ձևաչափը փոխվել

18
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սերգեյ Շոյգու, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին
Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա. Պուտին
ՌԴ–ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին