ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Չիկագոյում 2 կանանց մեղադրանք է առաջադրվել սպանության նպատակով հարձակում կատարելու մեջ այն բանից հետո, երբ նրանք դանակի 27 հարված են հասցրել խանութի անվտանգության աշխատակցին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Chicago Tribune-ին։
Ջեսիկա և Ջեյլա Հիլ քույրերը հոկտեմբերի 25-ին փակվելուց քիչ առաջ մտել են Չիկագոյի խանութներից մեկը, երբ նրանց է մոտեցել անվտանգության աշխատակիցը՝ պահանջելով դիմակ դնել ու ախտահանիչով մշակել ձեռքերը։ Քույրերը հրաժարվել են, ու աշխատակիցը պահանջել է դուրս գալ խանութից։ Այդ ժամանակ քույրերից մեկը աղբարկղով հարվածել է աշխատակցին ու բռնել նրա մազերից, մինչև մյուս քույրը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել։
Չնայած ստացած վերքերին՝ անվտանգության աշխատակիցը կարողացել է պահել քույրերին՝ մինչև ոստիկանության ժամանելը։
Աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։
Կանանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Այդ գործով դատական առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ։