ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
Ընդունված որոշման կապակցությամբ Ժեենբեկովը հանդես է եկել ուղերձով և ընդգծել, որ երկրում պահպանվում է լարված իրավիճակը:
«Երեկ Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (միապալատ խորհրդարանը) հաստատել է կառավարության կազմը, ես հրամանագրեր եմ ստորագրել համապատասխան նշանակումների մասով։ Բայց, ցավոք, երկրում լարվածությունն ու ագրեսիան չի թուլանում։ Իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակը մոտ է երկկողմ հակամարտությանը», - ասվում է Ժեենբեկովի ուղերձում։
Նրա խոսքով՝ մի կողմից ցուցարարներն են կանգնած, մյուս կողմից ՝ իրավապահ մարմինները։ Ինչպես նշել է Ժեենբեկովը, զինծառայողները և իրավապահ մարմինները պարտավոր են զենք կիրառել պետական կառույցների պաշտպանության համար: Այդ դեպքում արյունահեղությունից հնարավոր չի լինի խուսափել։ Ժեենբեկովը հորդորել է չտրվել սադրանքներին։
Հայաստանը ԵԱՏՄ նիստին Ղրղզստանի վարչապետի մասնակցության մասին ծանուցում չի ստացել
«Սիրելի հայրենակիցներ, ինձ համար Ղրղզստանի խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնականությունը և հասարակության հանգստությունը վեր է ամեն ինչից։ Ինձ համար ոչինչ ավելի թանկ չէ, քան իմ հայրենակիցներից յուրաքանչյուրի կյանքը։ Ես իշխանությունից չեմ կառչում։ Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես մի նախագահ, որն արյուն է թափել ու հրամայել կրակել սեփական քաղաքացիների վրա։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալ», - ընդգծել է երկրի նախագահը։
Նա կոչ է արել վարչապետին և մնացած քաղաքական գործիչներին՝ իրենց կողմնակիցներին դուրս բերել մայրաքաղաքից:
Նախօրեին Ղրղզստանի խորհրդարանը կայացած արտահերթ նիստում երկրի վարչապետի պաշտոնում հաստատել էր Սադիր Ժապարովի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, պատճառը հոկտեմբերի 4-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին, որոնց հետ ցուցարարները համաձայն չէին։
Նախնական տվյալների համաձայն՝ երկրի խորհրդարան են անցել «Բիրիմդիկ», «Մեքենիմ Ղրղզստան», «Ղրղզստան» և «Բուտուն Ղրղզստան» կուսակցությունները: Ցուցարարների և ուժայինների միջև բախումներից հետո Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:
Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1200 մարդ, մեկը զոհվել է:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:



