ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Մինսկը գաղտնալսել է Բեռլինի և Վարշավայի միջև խոսակցությունը, որի ընթացքում խոսվել է Ալեքսեյ Նավալնու մասին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին ասել է Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են, կեղծիք է։
Գերմանիայի կառավարությունը երեկ հայտարարել էր, որ բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները պարզել են, թե Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին: