Հենրիխ Մխիթարյան

Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

255
Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ է: Ավարտվեց «Արսենալից» այլ ակումբ տեղափոխվելու սագան: «Ռոման» ու Հենոն հասան իրենց նպատակին ու պատրաստվում են հերթական մրցաշրջանին:

ԵՐԵՎԱՆ 2 սեպտեմբերի-Sputnik. Մեր ժամանակների ամենահայտնի հայ ֆուտբոլիստի անցած ուղին, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը օրինակ ու խթան կարող են դառնալ ֆուտբոլում իրենց ուժերը փորձող պատանիների համար։ Իսկ իր մարզական կարիերան Հայաստանի հավաքականի առաջատարը սկսել է հայկական «Փյունիկից»։ Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է յոթ ակումբներում: Sputnik Արմենիան ներկայացնում է ֆուտբոլային մեր պարծանքի, ամբողջ աշխարհում «Արմենիա» անունը հնչեցրած ֆուտբոլիստի անցած ճանապարհին գեղեցիկ պահերը։

Ֆրանսիայում բնակվելը (նրանց ընտանիքը Ֆրանսիայում է ապրել, երբ Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը, հանդես էր գալիս «Վալանս» թիմի կազմում),  Բրազիլիայում վեց ամսյա մարզումները, բնատուր տաղանդն ու մեծ աշխատասիրությունը ձևավորեցին Մխիթարյան մարդուն, ֆուտբոլիստին ու խաղընկերոջը: Իսկ հաջողությունների դուռը բացվեց, երբ 2006 թվականին 17-ամյա Հենրիխն անցկացրեց իր առաջին հանդիպումը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Երեք տարվա ընթացքում «Փյունիկի» կազմում ունենալով 70 խաղ ու դառնալով 30 գոլի հեղինակ` երիտասարդ Մխիթարյանն առաջ էր տանում նաև Հայաստանի մինչև 17, 19 և 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականներին: Այս ամենը չվրիպեց մասնագետների մասնագետների աչքից, ու 2009 թվականին Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»:

Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանի «բեմելը» 2008-ին էր, Բելգիայի հետ Աշխարհի 2010–ի ընտրական փուլի խաղում։ Մինչ այդ` 2007–ին, հավաքականի կազմում կայացել էր նրա միջազգային դեբյուտը Պանամայի հետ ընկերական խաղում։

Հայաստանի և Ուկրաինայի առաջնությունները համեմատելու ինչ-որ եզրեր ունեն: Բայց Ուկրաինայի առաջնությունն ավելի բարձր մակարդակ ունի, ու այդ ուժային ֆուտբոլը, որ հիմնականում դավանում էին Ուկրաինայում, կարող էր դժվար անցանելի արգելք հանդիսանալ Հենրիխի համար: Առաջին մրցաշրջանում ոչ այնքան տպավորիչ ելույթներից հետո, Մխիթարյանն իր աշխատասիրության շնորհիվ վերջնականապես հարմարվեց նոր պայմաններին, ու 2010 թվականին «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը ավագի թևկապը վստահեց հայ ֆուտբոլիստին: Հենրիխը 21 տարեկան էր, ու դարձավ «Մետալուրգի»  պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը:

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն է «նշել». տեսանյութ

Նա դարձավ թիմի ոչ միայն առաջատարը, այլ նաև ոգին: Եվ դա նկատեցին Դոնեցկի մեկ այլ ակումբում` «Շախտյորում»: Հանքափորները Ուկրաինայի լավագույն ակումբներից մեկն էին համարվում Կիևի «Դինամոյի» հետ: «Շախտյորում ևս Մխիթարյանի համար առաջին մրցաշրջանն այնքան էլ հաջողված չէր, բայց հաջորդ երկու մրցաշրջաններում Հենոն դարձավ թիմի առաջատարներից մեկը: Երեք մրցաշրջան անցկացնելով հանքափորների կազմում` Հենրիխը 72 խաղերում դարձավ 38 գոլի հեղինակ։ Այդ գոլերի առյուծի բաժինը գրանցվեց վերջին մրցաշրջանում, որի ընթացքում հայ ֆուտբոլիստն Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդ սահմանեց։ Իր խփած 25 գնդակներով նա մինչև օրս մնում է այդ երկրի լավագույն ռմբարկուն այդ մրցաշրջանում:

Մխիթարյանին արդեն սկսեցին ճանաչել Եվրոպայում, որտեղ «Շախտյորը» բավականին հաջող ելույթներ էր ունենում, Ուկրաինայում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելուց բացի: Եվ 2013 թվականին Դորտմունդի «Բորուսիան» իր պատմության ամենաթանկ տրանսֆերն իրականցրեց` Մխիթարյանին հրավիրելով իր թիմ: Բունդեսլիգայում էլ առաջին մրցաշրջանում Հենոն այնքան էլ հաջող չխաղաց: Կարծես թե  նրան ադապտացվելու երկար ժամանակ էր հարկավոր:

Բայց հետո`2015-16 թվականներին, «Բորուսիայի» կազմում Հենոն «թռչող հայ» էր դարձել(թռչող հոլանդացու մեր տարբերակը): Հայ ֆուտբոլիստն անկասելի էր, նրա արագ միտքը, դիպուկ հարվածը, շարժումները մրցակցի համար անհասկանալի էին: Կարճ ասած, Հենոն Բունդեսլիգայում պատմություն էր կերտում իր և հայկական ֆուտբոլի համար: 31 խաղերում հայ ֆուտբոլիստը խփեց 11 գնդակ ու դարձավ գոլային 18 փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի ավարտից հետո էլ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում նա ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` իրենից հետ թողնելով Ռոբերտ Լևանդովսկուն ու Թոմաս Մյուլլերին:

Այս ամենից հետո տաղանդավոր հայ ֆուտբոլիստին սպասում էր փորձությունը Անգլիական Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդում» սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում: Մխիթարյանը խաղում էր, ու նորմալ հարաբերությունների մեջ էր թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Բայց հայ ֆուտբոլիստի որոշակի խաղային ճգնաժամը փչացրեց այդ հարաբերությունները, ու Մոուրինյոն, կարելի է ասել, սկսեց չվստահել Մխիթարյանին, չնայած Հենոն շարունակում էր մարզվել ու անել հնարավորինը, իսկ «Օլդ Տրաֆորդը» երգեր էր հյուսում մեր ֆուտբոլիստի պատվին: 2017 թվականին Մխիթարյանը մանկունյանցիների կազմում նվաճեց Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը` հաղթական գոլի հեղինակ դառնալով եզրափակիչում՝ «Այաքսի» դեմ խաղում: Իսկ մեկ տարի անց Հենրիխը տեղափոխվեց «Արսենալ»:

«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

Լոնդոնյանի թիմի կազմում էլ հայ ֆուտբոլիստը 39 խաղ և 8 գոլ ունեցավ: Բայց 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», որտեղ շատ արագ կերպով ձեռք բերեց մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի վստահությունն ու դարձավ թիմի առաջատար խաղացողներից մեկը: Ճիշտ է, վնասվածքների պատճառով Հենոն ստիպված էր բաց թողնել շատ խաղեր, բայց վերադարձից հետո նա գտավ իր խաղն, ու մարզիչը վերջնականապես հասկացավ, որ Մխիթարյանը պետք է «Ռոմային»: Երկար բանակցություններից հետո Մխիթարյանը վերջապես կարողացավ դառնալ ջալոռոսիների լիարժեք ֆուտբոլիստը: Հենրիխ Մխիթարյանն արդեն 31 տարեկան է: Բայց ֆուտբոլում եղել են շատ օրինակներ, երբ ֆուտբոլիստն իր բարձր կարգը պահպանել է մինչև նույնիսկ 40 տարեկանը: Հենոյին  դեպքում, կարծում ենք, դեռ առնվազն 3-4 տարի նա կարող է խաղալ բարձր մակարդակով, իսկ հետո արդեն ժամանակը ցույց կտա: Հարուստ ֆուտբոլային կարիերան դեռ չի ավարտվել, իսկ Հենոն արդեն հիմա անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է:

255
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (312)
Ըստ թեմայի
«Առաջին արձակուրդը». Հենրիխ Մխիթարյանը որդու հետ ծովում է. լուսանկար
«Մինչև ո՞ւր». Ռուբեն Հայրապետյանին զայրացրել է Հենոյի հասցեին հնչած քննադատությունը
Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում
Գարեգին Բ

Գարեգին Բ–ն ընդհատում է իր այցն ու Իտալիայից վերադառնում հայրենիք. նա կոչով դիմել է ազգին

41
(Թարմացված է 10:53 27.09.2020)
Վեհափառը կոչ է արել մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն հայրենիքի պաշտպանության կարիքների

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս. Օ. Տ. Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։ Նա նշել է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն հայրենիքի պաշտպանության կարիքների»,–գրել է Վեհափառ հայրը։

Նա տեղեկացրել է, որ թեպետ այս պահին, այցով գտնվում է Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենար Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։

«Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»,–գրել է նա։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

41
թեգերը:
Արցախ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Արցախում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան. Արցախի ՄԻՊ
Մի տարածեք ոչ պաշտոնական տեղեկություններ. ՊՆ–ն դիմել է ԶԼՄ–ներին և քաղաքացիներին
Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Սիրիա

Սիրիայում ականապատված ավտոմեքենա է պայթել. զոհերի թվում երեխաներ կան

22
(Թարմացված է 23:20 26.09.2020)
Դեպքը տեղի է ունեցել մի տարածքում, որը վերահսկում են Թուրքիայի հետ կապված ահաբեկչական խմբավորումները։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի Ալ-Հասաքա նահանգում ականապատ մեքենա է պայթել։ Տեղեկությունը հայտնում է «SANA» գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 11 մարդ վիրավորվել է:

Ականապատված ավտոմեքենան կայանված է եղել մետաղի ջարդոնի մոտ։

Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

Գործակալությունը հիշեցնում է, որ Ալ-Հասաքա նահանգի այդ հատվածը գտնվում է Թուրքիայի հետ կապված ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ։

Նման դեպքեր Սիրիայում շատ հաճախ են տեղի ունենում, և ականապատված մեքենաների պայթյունների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում։

Երկար են մնալու․ ինչից ինչ է դարձել Սիրիայում ռուսական բազան

22
թեգերը:
երեխա, Զոհ, ավտոմեքենա, պայթյուն, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ
Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ
«Ամերիկացիները կարծում են` իրենց հողն է»․ փախած գրոհայինը` Սիրիայի Աթ Թանֆ բազայի մասին