ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Գալիք տարի Հայաստանում միջազգային կարևորոթյուն ունեցող փառատոն է սպասվում։ Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 6-11-ը: Հանրապետության նախագահի հովանու ներքո անցկացվող միջոցառումը նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ, խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին:
Այսօր անցկացվել է փառատոնին վերաբերող առցանց հանդիպում։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը Երևանից մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար։
«Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում»,- ասել է նախագահն ու հիշատակել այն, որ ինքը հնարավորություն ունեցավ մասնակցելու նախորդ փառատոնին Շվեյցարիայում և շատ տպավորված էր։ Այս փառատոնը միավորում է գիտությունը, տեխնոլոգիաներն ու մշակույթը։
Նա նշել է՝ հայաստանյան փառատոնը պետք է ինչ-որ առումով տարբերվի: Նրա խոսքով՝ շատ լավ կլինի, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կփոխանցեն այցելուներին, այլև կոգևորեն մեր գիտնականներին ու երիտասարդներին։ Երկրի նախագահը ցանկություն է հայտնել, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լինի արհեստական բանականության հետ։
Արմեն Սարգսյանը ցավակցել է լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին
«Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու, մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»,- ասել է նախագահը՝ նշելով, որ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հեռանկար, որը կդիտարկի արվեստը և գիտությունը ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ հակադրություններ, այլ որպես առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատել է, որ գիտությունը և գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ոչ այնքան մոդայիկ է, մինչդեռ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությունը և հատկապես աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը հատկապես երիտասարդների համար։
Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում հայաստանյան փառատոնին։
«Ինձ համար, որպես անձ, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, այդ վայրն ու տարեթիվը ունեն հատուկ նշանակություն, քանի որ ուղիղ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ կապված այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների հետ: Այդ ժամանակ ես մագիստրատուրայի ուսանող էի և չկարողացա մասնակցել այդ համաժողովին: Սակայն լիահույս եմ, որ այս անգամ կկարողանամ գալ և ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել»,-ասել է ամերիկացի աստղագետը:
Իսկ STARMUS-ի խորհրդական Միշել Մայորը նշել է, որ Հայաստանում արդեն եղել է, շատ է սիրել մեր երկիրը, այն ֆանտաստիկ է համարում ու երազում կրկին Հայաստանը տեսնելու մասին։
«Ես շատ գեղեցիկ վայրեր եմ այցելել Հայաստանում, սակայն շատ կուզեի տեսնել Տաթևը: Եթե մասնակցելու եք փառատոնին, ապա բաց չթողնեք Տաթև այցելելու հնարավորությունը»,- գործընկերներին խորհուրդ է տվել նա։
STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը նշել է, որ շատ է կարևորում STARMUS-ը Հայաստանում անցկացնելը:
Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»
«Իմ կյանքում ոգեշնչման ժամանակաշրջանը Հայաստանում է եղել: Երբեք չէի մտածել, որ ինչ-որ ժամանակ STARMUS -ը կարող է Հայաստանում տեղի ունենալ, մինչև եղավ նախագահ Սարգսյանի՝ Ցյուրիխ այցելությունը և նրա հրավերը: Կորոնավիրուսի հետ կապված՝ գիտության արժեքը, կարևորությունը անհամեմատ ավելի մեծ են դարձել, քան առաջ: Մենք տեսնում ենք, որ բոլորի հույսը կապված է գիտության հետ, թե գիտական ինչպիսի լուծումներ կլինեն:
Մարսի, կորոնավիրուսի, տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում մենք խոսում ենք գիտության մասին: Գիտությունն առանց ոգեշնչման, կրթության չի լինում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ ինձ միշտ թվացել է, որ ոգեշնչումը պետք շատ կարևոր բաղադրիչ լինի,- ասել է անվանի գիտնականը։
Նա տեղեկացրել է, որ շուտով սկսելու են ծրագրի վրա աշխատել։ Շեշտել է՝ հայաստանյան փառանոտը պետք է ամենալավ STARMUS-ը լինի բոլոր վերջին մեծ STARMUS-ների մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



