Թեհրան

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կվանե՞ն Թեհրանի գործընկերներին

117
(Թարմացված է 22:54 12.01.2020)
Հայտնի ռուսաստանցի արևելագետը բացատրեց, թե որ ոլորտները կարող են հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, և ինչպես իրենց կպահեն Իրանի առևտրային գործընկերները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ ներկայացրած նոր պատժամիջոցները չեն կարող զերծ պահել Թեհրանի առանցքային առևտրատնտեսական գործընկերներին հետագա համագործակցությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում հայտարարել էր, որ Իրանի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ, որոնք կգործեն այնքան ժամանակ, մինչև «այդ երկիրը չփոխի իր պահվածքը»։

Կնյազևի կարծիքով՝ հիմա արդեն կարելի է 100-տոկոսանոց վստահությամբ ասել, որ Իրանն իր վարքագիծը չի փոխի։ Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, ապա Իրանի համար առավել ցավալի են համարվում նավթի և նավթամթերքի արտահանումը, բանկային համակարգը և տեխնոլոգիաները։

«Արդեն գործող պատժամիջոցները փակել էին գրեթե ամեն ինչ։ Իրանը և գործընկերները վաղուց արդեն ձգտում են պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնել։ Կարծում եմ, որ ապագայում ԱՄՆ-ը կփորձի ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք կխախտեն պատժամիջոցների ռեժիմը», - ասաց Կնյազևը։

Ռոհանին խոստացել է դատի տալ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին

Իրանի կարևոր գործընկերների շարքում առանձնանում են Ռուսաստանը և Չինաստանը։ Կնյազևը չբացառեց, որ սպասվող պատժամիջոցների ազդեցությամբ նրանց կողմից Իրան ներդրումների ծավալը կարող է նվազել, բայց դժվար թե դրանք լիովին դադարեցվեն։ Ռուսաստանը համագործակցում է Իրանի հետ «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքը ստեղծելու հարցում, իսկ Չինաստանը մտադիր է առաջիկա հինգ տարում մոտ 280 միլիոն դոլար ներդնել Իրանի նավթագազային ոլորտում։ Համենայնդեպս, դեռ անցած տարվա սեպտեմբերին այդպես է հաղորդել Petroleum Economist ամսագիրը՝ հղում անելով Իրանի նավթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներին։

«Թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը հազիվ թե դադարեցնեն իրենց ծրագրերը։ Տեսականորեն կարող է տեղի ունենալ հակառակը, քանի որ Չինաստանը և ՌԴ-ը նույնպես գտնվում են ամերիկյան ճնշման տակ, և Իրանը նրանց համար վայր է, որտեղ կարելի է այլ երկրներում սահմանափակված տնտեսական ակտիվությունը լրացնել», - ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Իրանի պահվածքին, որի մասին խոսում է Թրամփը, ապա, արևելագետի  կարծիքով, միջնաժամկետ հեռանկարում Իրանը հազիվ թե համաձայնի նոր «միջուկային գործարքի» բանակցությունների գնալ։ Վերջին իրադարձություններից հետո, ԱՄՆ-ի հանդեպ անվստահության հաշվին, Իրանի քաղաքական ղեկավարությունը կարողացել է լրջորեն համախմբել իր հասարակությունը։ Այնպես որ, միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների գաղափարն այստեղ երկար ժամանակով վարկաբեկված է։

«Ընդհանուր ֆոնը դեռ երկար չի նպաստի երկխոսության։ Ամերիկացիները կուզեին միջուկային թեման լրացնել հրթռիայինով, բայց իրանցիները հաստատ չեն գնա դրան, «հրթռիային գործոնը» նրանց համար այսօր շատ արդյունավետ փաստարկ է», - հավելեց Կնյազևը։

«Ուզում էի մեռնել, երբ իմացա ուկրաինական Boeing-ի կործանման մասին»․ Հաջիզադե

Հիշեցնենք`Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց վերացնել Իրանի առանցքային օբյեկտները, այդ թվում նաև մշակութային հուշարձանները։ Հետագա օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։

Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ առաջնորդը նահանջեց` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից էլ հայտարարեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։

117
թեգերը:
Ներդրում, Դոնալդ Թրամփ, պատժամիջոցներ, տնտեսություն, առևտուր, Չինաստան, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
Ըստ թեմայի
Իրանի տնտեսության թուլացումը Հայաստանի համար վատ հետևանքներով է հղի. իրանագետ
Ի՞նչ են խոստանում Հայաստանին Իրանի դեմ պատժամիջոցները. չկա չարիք` առանց բարիքի
Զարգացումներ տարածաշրջանում. Սոլեյմանիի սպանությունը համախմբում է Իրանի հասարակությանը