Սմարթֆոնի համար հերթ կանգնածներ

Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է

173
(Թարմացված է 21:12 26.10.2019)
Սմարթֆոնային աշխարհը կամաց-կամաց լցվում է ծալվող սարքերով. ոչ մի ընկերություն չի ուզում հետ մնալ այդ մոլուցքից, իսկ լրագրողները նոր iPhone–ի հետ կապված հետաքրքիր «գաղտնիքներ» են պարզել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ սմարթֆոնները կարելի է նույնիսկ երկու տակ ծալել, Apple-ի պաշտոնական կայքի տված տեղեկություններն այդքան էլ հավաստի չեն, իսկ 5G-ն «դորդուբեշ» չարած՝ մարդկությունն արդեն ձգտում է 6-րդ սերնդի բջջային ցանցին։

Երկտակ ծալվող սմարթֆոն

Huawei-ի ու Samsung-ի ներկայացրած ծալվող սմարթֆոնները հերիք չէին, այս շաբաթ մեկն էլ ավելացավ։ Բայց ի տարբերություն վերոնշյալ գաջեթների, նոր սարքի դիզայնը յուրահատուկ է և մեկ ծալվող հատվածի փոխարեն ունի նման երկու հատված։

Չինական TCL ընկերության արտադրած սմարթֆոնը կարողանում է երեք մասի բաժանվել, որոնք, այսպես ասած, դարսվում են իրար վրա։ Այս մասին հայտնում է gizmochina-ն։

Սա ծալվող սմարթֆոն է, բայց նման չէ մինչ այս ներկայացված նմանատիպ սմարթֆոններից որևէ մեկին։ Այն նույնիսկ նման չէ այս տարի կայացած World Mobile Congress-ի շրջանակում նույն TCL ընկերության ցուցադրած ծալվող սմարթֆոնի նախատիպին, որն աշխատում էր DragonHige համակարգով։

Կրկնակի ծալվող սմարթֆոնն ունի DragonHige համակարգ և թիթեռ-հոդ, ինչի օգնությամբ էլ սարքը ծալվում է հանդիպակաց ուղղություններով։ Հուսանք, որ սա թիթեռին միայն արտաքնապես նման կլինի և միջատի պես մեկ օրվա կյանք չի ունենա։ 

​Ամբողջովին ծալված լինելու դեպքում սարքը նմանվում է լավ կերած-խմած սմարթֆոնի, իսկ բացված վիճակում օգտատերերը կարող են ստանալ 10-դյույմանոց էկրան։

Սա դեռ նախատիպ է և սմարթֆոնի վերջնական տեսքը չէ, բայց ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ սարքը դուրս կգա վաճառքի։ Չինական ընկերությունը ծալվող սմարթֆոնի տարատեսակ ձևեր է ուսումնասիրում։ MWC 2019 միջոցառմանը ընկերությունը ներկայացրել էր ծալվող սմարթֆոնի 5 տեսակ։

iPhone-ից «պրծում» չկա

CNET պարբերականի լրագրողները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որքանով է Apple-ը նախկին մոդելների համեմատ բարելավել իր նոր սմարթֆոնի ջրադիմացկունությունը։

Apple-ի պաշտոնական կայքում նշված է, որ iPhone 11-ը կարող է 30 րոպե դիմանալ 2 մետր խորություն ունեցող ջրում, իսկ Pro տարբերակը կարելի է սուզել մինչև 4 մետր։ CNET-ի լրագրող Լեքսի Սավիդեսը որոշել է առաջին հերթին երկու մոդելներն էլ իջեցնել հենց 4 մետր խորության վրա։

Իր թեստերում iPhone 11 և 11 Pro սմարթֆոններն անհրաժեշտ խորության հասցնելու համար լրագրողն օգտագործել է Sofar Ocean Technologies ընկերության Trident անօդաչու սարքը։

Չնայած այն փաստին, որ iPhone-ի 11-րդ մոդելը նախատեսված է մինչև 2 մետր խորության համար, ի զարմանս բոլորի, սարքը 4 մետրին էլ է դիմացել։ Նման արդյունք է ցույց տվել նաև այդ մոդելի պրոֆեսիոնալ տարբերակը։

Հետո որոշել են սմարթֆոններին «լողացնել» 8 մետր խորության վրա։ Եվ ի՞նչ։ Միակ խնդիրը, որը գրանցել է Սավինդեսը, այն է, որ սմարթֆոնների բարձրախոսների հզորությունը նվազել է:

Վերջին փորձի ընթացքում սմարթֆոնները հայտնվել են 12 մետր խորությունում, բայց դրանք այս փորձությունը հաղթահարել են նույն հաջողությամբ, ինչպես նախորդ երկուսը։

Փորձարկումներից 72 ժամ հետո Լեքսի Սավիդեսը ևս մեկ անգամ ստուգել է երկու սմարթֆոնների բոլոր գործառույթների աշխատունակությունը և պարզել, որ սարքերը, բացառությամբ բարձրախոսների, նորմալ աշխատում են։

5G, տեղ ազատիր, 6G-ն է գալիս

Այս տարի 5G-ն անում է իր առաջին քայլերը աշխարհի տարբեր հատվածներում։ Բազմաթիվ երկրներում 5-րդ սերնդի բջջային կապը հասանելի կլինի միայն մի քանի տարի հետո, բայց 6G-ի ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Սպասվում է, որ հաջորդ տարի արդեն 5G-ի համբավը կսկսի աճել արագ տեմպերով, ընդ որում ցանցը պիտի որ իր գագաթնակետին հասնի 2025 թվականին։ Իսկ մինչ աշխարհը սրտատրոփ սպասում է 5G-ին, Vivo ընկերությունը 6G-ի հետ կապված պատենտավորման հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է gizchina-ն։

Սա իր մեջ չի պարունակում հաջորդ սերնդի բջջային ցանցի աշխատանքի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ։ Խոսքն ընդամենը 6G ցանցերի համար նախատեսված լոգոտիպի դիզայնի նախատիպի մասին է, որը գրանցվել է ԵՄ մտավոր սեփականության գերատեսչությունում։

Չնայած նրան, որ 6G-ի թողարկումը սպասվում է միայն 2030 թվականին, Vivo-ն որոշել է պատենտավորել տարբերանշանի սեփական տարբերակը, ամենայն հավանականությամբ կարծելով, որ ընկերությունը կարող է ներգրավվել նոր ստանդարտի ներդրման գործընթացում։

Ավելի վաղ Huawei ընկերությունը հայտարարել էր, որ 6G տեխնոլոգիաների մշակումը կտևի մոտ 10 տարի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Թղթե ինքնաթիռը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով

«Ռուբիկ-կուբիկի» ևս մի տարբերակ կստեղծվի. ի՞նչ տեսք կունենա նոր գլուխկոտրուկը

Սարսափելի՞, թե՞ զվարճալի սմարթֆոն. պատյանը մարդու մաշկի է նման

Huawei-ը փոշմանել է

173
թեգերը:
iPhone, սմարթֆոն
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Ըստ թեմայի
Նոր հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ Դի Կապրիո և ոչ միայն․ տեսանյութ
Samsung-ը ծաղրել է Huawei-ին․ լուսանկար
Երբ էկրանի վերջը չի երևում. Xiaomi-ն ներկայացրել է իր հեղափոխական սմարթֆոնը․ տեսանյութ
Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի և մատանու միջոցով