ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանության կենտրոնակայան և հարձակվել աշխատակիցների վրա։ Միջադեպի հետևանքով չորս մարդ մահացել է, հաղորդում է Euronews.com–ը։
Հանցագործը, որի անձն առայժմ պարզված չէ, չեզոքացվել է։ Նրա արարքի դրդապատճառները պարզվում են։
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն արդեն արձագանքել է ողբերգությանը` ցավակցելով զոհվածների ընտանիքներին։
«Սարսափելի կորուստ, մահացել են անմեղ ոստիկաններ։ Ես բոլոր փարիզեցիների նման մտքերով մահացածների ընտանիքների ու ազգականների հետ եմ», – գրել է նա Twitter–ում։
Մարդասպանի անձը և դրդապատճառները պարզվում են, քաղաքի իշխանությունները փակել են մոտակայքի մետրոյի կայարանը։