Ականջակալներ

Այ քեզ բան․ «ինքնակապկպվող» մարզակոշիկները, ոսկե անլար ականջակալները և «խելացի» սեղանը

236
(Թարմացված է 18:50 31.08.2019)
Nike-ը դեմ է գնում իր կարգախոսներին և ծույլ մարդկանց համար «բալասան» ստեղծում, 40-ամյա տղամարդը AirPods ականջակալներն ավելի է թանկ դարձնում, իսկ հատուկ սեղանը բարձրացնում և իջեցնում է ձայնի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթը պատկանում էր «խելացի» համակարգերին, իսկ հաշմանդամ տղամարդը շարունակում է ապշեցնել իր տեսանյութերի միջոցով։

Կոշիկներ ծույլերի համար

Ասում են՝ բոլոր հայտնագործությունները արել են ծույլ մարդիկ, որպեսզի հեշտացնեն իրենց կյանքը։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա ինքնակառավարվող մարզակոշիկների ստեղծողն, անկասկած, աշխարհի ամենածույլ մարդն է։ Ափսոս, շատ ափսոս, որ  շատ շուտ են անցնում այն տարիները, երբ քո փոխարեն մայրիկն է ձգում կամ թուլացնում կոշիկների կապիչները։ Հիմա՝ նոր գյուտի մասին։ Nike-ն առաջարկում է 1991 թվականին թողարկված Huarache սերիայի մարզակոշիկների կատարելագործված տարբերակը, որը  կատարում է մայրիկի դերը։  Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքում։

Շատերը գուցե մտածեն՝ ի՞նչ կապ ունեն այս մարզակոշիկները տեխնոլոգիաների աշխարհի հետ, գուցե լույսերով են կամ էլ էլեկտրական անվաչմուշկների նման մի բա՞ն։ Շտապեմ ասել, որ սխալվում եք․սմարթֆոնի միջոցով հրամաններ տալուց հետո այս  «բոթասների» կապիչները ինքնուրույն թուլանում են կամ ձգվում։  Դրանք հնարավոր է կառավարել նաև  Apple Watch խելացի գաջեթի կամ էլ Siri ձայնային օգնականի միջոցով։ Այլևս չկա կռանալու անհրաժեշտություն, և պետք չէ փոքրիկներին ստիպել, որ մասնակից լինեն քարկապը բացելու  ուսուցման տանջալից պրոցեսին։

Adapt Huarache մարզակոշիկների վաճառքը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերին: Դրանք կհայտնվեն SNKRS հավելվածում և Nike-ի մի քանի խանութ-սրահներում։ Արժեքի մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Նշեմ, որ  սա Nike-ի նմանատիպ առաջին ապրանքը չէ։ Մինչ այս «լույս աշխարհ էր եկել» Adapt BB-ի մարզակոշիկը, որը ինքնուրույն հարմարվում  էր տիրոջ ոտքի առանձնահատկությանը և քայլելու ոճին։ Այն ներկայացվել էր տարեսկզբին ու գնահատվել էր 350 դոլար, ինչից կարելի է ենթադրել, որ նոր տարբերակը համարժեք գին կունենա։

Զարմանալի եզրահանգման է բերում այս լուրը. սպորտային ապրանքներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունը, որը մեզ խորհուրդ է տալիս «Just do it», այսինքն՝ «ուղղակի արա դա», ստեղծում է ապրանքներ, որոնք օգտագործելու համար ոչինչ պետք չէ անել։ Գուցե ժամանակն է փոխե՞լ կարգախոսը։ Կարծում եմ՝ «don’t do anything»-ն ավելի լավ տարբերակ է։

Էլ ավելի թանկարժեք AirPods ականջակալներ

Մեր կողքին, մեր շրջապատում անչափ շատ են տաղանդավոր մարդիկ, բայց այն, ինչ անում է Պաբլո Սիմադևիլան, իրոք ապշեցուցիչ է։ 40-ամյա տղամարդը 4 տարեկանում տուժել է ավտովթարից և ընդմիշտ կորցրել  քայլելու ունակությունը։ Չնայած այդ ճակատագրական կորստին՝ նա դարձել է հաջողակ լողորդ, հրաշալի ոսկերիչ և հետաքրքիր բլոգեր։

Այս անգամ Պաբլոն իր յութուբյան ալիքում վերբեռնել էր տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս՝ ինչպես է պատրաստում Apple-ի AirPods անլար ականջակալների 18 կարատանոց ոսկե պատյանը։

Ոսկերիչը ոչ թե ուղղակի ոսկեջրել է ականջակալները, այլ ամբողջությամբ քանդել է դրանք, ստեղծել լրիվ նոր, ոսկե կորպուս և դրա մեջ տեղադրել բոլոր մասնիկները։ Տեսանյութի վերջում բլոգերը ցուցադրել է, որ ականջակալներն աշխատում են նախկինի պես։

Այս արտադրանքը բացառիկ  է և ստեղծված չէ վաճառքի համար։ Չնայած դրան՝ օգտատերերը փորձում են գուշակել՝ ինչ կարժենար նման ականջակալը։ Իսկ դուք որքա՞ն կգնահատեիք դրանք։ Սա այն դեպքն է, երբ  ուզում ես հասկանալ, թե ինչ իմաստ ունի թանկացնել մի ապրանք, որն առանց այն էլ թանկ է։

Ձայնային հրամաններ հասկացող «խելացի» սեղանը

Ստեղծվել է ձայնային օգնականի հետ աշխատող առաջին «խելացի» սեղանը։ Այն  դեռ չի քայլում, չի էլ խոսում, բայց լսում  ու հասկանում է։ Beyond The Office Door ընկերության թողարկած VertDesk V3 «խելացի» սեղանը աշխատում է Siri ձայնային օգնականի օժանդակությամբ։

Apple-ի արտադրանքների օգտատերերը կարող են իրենց հավատարիմ Siri-ի միջոցով կարգավորել սեղանի բարձրությունը։ Սեղանը նաև հատուկ ծանուցումներ կուղարկի ձեր սմարթֆոնին և դրանցով կհիշեցնի, որ հերիք է նստել, մի փոքր էլ կանգնել է պետք։ Արտադրողը խոստանում է Android օգտատերերի համար նախատեսված հավելվածը թողարկել այս աշնանը։

Խելացի սեղանի արժեքը սկսում է 552 դոլարից։ Համակարգն այնպես է նախագծված, որ հնարավոր է սեղանի բարձրությունը կարգավորել նաև հատուկ կոճակի միջոցով։

Այս ամենը հուշում է, որ մի օր մեզ շրջապատող իրերն ավելի «խելացի» են դառնալու, քան homo sapiens-ը։ Գուցե ճիշտ են «դավադրության տեսության» կողմնակիցները, որոնք պնդում են, որ տեխնոլոգիաները ներդրել են այլմոլորակայինները, որպեսզի դրանց միջոցով գաղութացնեն Երկիրն ու ստրկացնեն մարդկությանը։

Չինաստանում առաջին անգամ կատվի են կլոնավորել

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը

Անմոռանալի ճամփորդություն. միկրոավտոբուսների պատուհանների փոխարեն էկրաններ կլինեն

236
թեգերը:
ականջակալ, Nike, կիբեռկոշիկներ, կոշիկ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (162)
Ըստ թեմայի
Այ քեզ բան. թռչող մեքենաները կմրցեն օդում, «տպած» մեքենայով կերթևեկեն ու ռոբոտին չեն նկատի
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով