Հայ–չինական համագործակցություն

Ինչո՞վ կարող է Հայաստանը կարևոր լինել Չինաստանի համար. Պեկինը խնդիրներ ունի Անկարայի հետ

158
Տնտեսությունից բացի, որն անկասկած, կարևոր ոլորտ է, Հայաստանի և Չինաստանի շահերը խաչվում են նաև աշխարհաքաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայ-չինական երկխոսության զարգացման և խորացման համար մեծ ներուժ կա։ Երևանի հմուտ դիվանագիտական աշխատանքի դեպքում Հայաստանի տեղը տարածաշրջանում թույլ կտա կարևոր լինել այնպիսի խոշոր միջազգային խաղացողի համար, ինչպիսին Պեկինն է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Պեկին ՀՀ վարչապետի այցը։

Սաֆրաստյանը կարծում է, որ, անկասկած, կարևոր ոլորտից` տնտեսությունից բացի, Հայաստանի և Չինաստանի շահերը հատվում են նաև աշխարհաքաղաքականության ոլորտում։

Հայաստանը Թուրքիայի հարևանն է, որի հետ Չինաստանն իր հաշիվներն ունի։ Սաֆրաստյանի խոսքով` խոսքը ույգուրյան խնդրի մասին է, որը լուրջ խոչընդոտ է թուրք–չինական հարաբերություններում։ Այս առումով Անկարայի հետ խնդիրներ ունեցող Երևանի նշանակությունը Պեկինի աչքերում բազմակի անգամ մեծանում է։

«Արևելագիտության ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է Չինաստանի ուղեղային կենտրոնների հետ։ Կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանը կարևոր ուղղություն է Մեծ Մերձավոր Արևելքում չինական քաղաքականության համար», – ասաց փորձագետը։

Նրա խոսքով` չինական կողմին հետաքրքիր է նաև մերձավորարևելյան գործընթացներին Հայաստանի վերաբերմունքը։ Պեկինը միայն վերջին տարիներին է սկսել լուրջ ուշադրություն դարձնել մերձավորարևելյան գործերին, այս իմաստով Հայաստանի հետ աշխատանքը թույլ կտա Պեկինին ավելի լավ և արդյունավետ կարգավորել իր մերձավորարևելյան քաղաքականությունը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, իսկ մայիսի 15-ին ելույթ է ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։

158
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը կնպաստի Չինաստան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը
Մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Չինաստան
Երևանը անապատ կդառնա՞, թե՞ քաղաքապետարանը կպայքարի օլիգարխների կառուցած «չինական պատի» դեմ