Շրի Լանկա

Շրի Լանկայում խուճապ չկա՞. հայուհին` ահաբեկչությունից հետո տիրող իրավիճակի մասին

242
Շրի Լանկայում բնակվող հայուհին պատասխանել է մի շարք ահաբեկչություններից հետո երկրում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից հետո բնակչության շրջանում խուճապ չկա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Շրի Լանկայի բնակչուհի Իզաբելլա Վարդանյանը։

«Տեղի բնակիչները կարծում են, որ ահաբեկչությունների կազմակերպիչը նոր ահաբեկչական խմբավորում է, որն այլ արգելված կազմակերպությունների աջակցությունն է ստանում», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` տեղի բնակչության շրջանում միջկրոնական հակամարտություն չկա, ավելին` քաղաքացիները տեղի մուսուլմաններին չեն մեղադրում տեղի ունեցածի համար, քանի որ համարում են, որ նրանք ահաբեկչությունների հետ առնչություն չունեն։ Վարդանյանը նաև հայտնեց, որ պարեկային ժամն արդեն չեղարկել են, և իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է։

Ըստ Վարդանյանի` Շրի Լանկայում հայերի թիվն այդքան էլ մեծ չէ։ Անձամբ նա երկու հայրենակցի է ճանաչում. մեկն ամուսնացած է տեղի բնակչի հետ, մյուսն աշխատանքի բերումով է գտնվում երկրում։ Ընդհանուր առմամբ հայ համայնք այնտեղ չկա։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։

Պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ Եվս 500 մարդ տուժել է։ Միջադեպի հետ կապված 24 անձ է կալանավորվել։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։

242
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի նախագահ Սիրիսենային
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը կտրուկ աճել է. 24 մարդ ձերբակալվել է
Դանիայի ամենահարուստ մարդը 3 երեխային կորցրել է Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով