Ռուսական կործանիչներ

ԱՄՆ-ի «կործանիչ» շանտաժը․ ինչո՞վ կավարտվի Անկարայի ու Վաշինգտոնի նյարդերի խաղը

213
(Թարմացված է 11:57 07.04.2019)
Դիտորդները կարծում են, որ Թուրքիան Ռուսաստանի հետ այդքան հեռու գնացած գործարքից հետո դժվար թե հրապարակավ շրջվի Վաշինգտոնի կողմ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Երբ Թուրքիան ստորագրեց ռուսական С–400 զենիթահրթիռային համալիրների գնման գործարքը, ԱՄՆ-ի ճնշումը սկսեց օրեցօր մեծանալ։ Ու որքան մոտենում է հրթիռների մատակարարման ժամկետը, այնքան կոշտանում է Վաշինգտոնի արձագանքը։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը չի բացառում, որ ինչ–որ պահի ամերիկացիները կարող են Թուրքիային ձեռնտու առաջարկ անել С-400-ին համարժեք Patriot համալիրներ ձեռք բերելու առնչությամբ։

«Բայց Ռուսաստանի հետ գործարքում այդքան հեռու գնացած թուրքական կողմը դժվար թե հրապարակավ շրջվի Վաշինգտոնի կողմ։ Անկարայի համար չափազանց մեծ կլինեն վարկանիշային ու ֆինանսական կորուստները։ Հատկապես, որ արդեն մասամբ վճարել է С-400 համար», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ներսիսյանը։

Հիշեցնենք՝ օրերս ԱՄՆ-ն հայտարարել է, որ փաստացի դադարեցվում է Թուրքիայի մասնակցությունը F-35 հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման ու գնման ծրագրին։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն էլ ավելի հեռու է գնացել` հայտարարելով, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի ՆԱՏՕ-ի ու ռուսական համալիրների գնման միջև։

Ներսիսյանն այդ կապակցությամբ կարծում է, որ ամերիկյան նորագույն կործանիչների մատակարարման դադարեցումը բավականին լուրջ հարված կլինի Թուրքիայի համար։ Ի դեպ, այդ կործանիչների պես դաժան հարձակողական զենքը, Հայաստանի համար շատ ավելի մեծ սպառնալիք է, քան զենիթահրթիռային համալիրները։

 

Չնայած Վաշինգտոնի խիստ դիրքորոշմանը՝ Թուրքիայի հետ գործարքի վերաբերյալ վերաբերմունքը միանշանակ չէ։ Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ նախագահը բիզնեսմեն է ու դեմ չէր լինի ավելորդ միլիարդներ վաստակել Թուրքիային F-35 մատակարարելու հաշվին։ Փորձագետի խոսքով՝ ամերիկյան վերնախավն այժմ երկու ճամբարի է բաժանված` Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու կողմնակիցներ և կործանիչների գործարքը սառեցնելու կողմնակիցներ։

«Ամերիկացիները շանտաժի են ենթարկում Թուրքիային՝ սպառնալով հրաժարվել F-35 մատակարարել, թուրքերն իրենց հերթին վախեցնում են, որ Ռուսաստանից հինգերորդ սերնդի Су-57 կործանիչներ կգնեն` հարմարեցնելով դրանք սեփական ԶՈւ-ի պահանջներին։ Բայց չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի գործարքից։ Շատ տարօրինակ կլիներ հրաժարվել այդքան լուրջ շուկայից ու նվիրել Ռուսաստանին», - կարծում է Ներսիսյանը։

Այդ պնդման օգտին է խոսում նաև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Թրամփն անձամբ զանգահարել է Էրդողանին ու խոստացել հարթել F-35-ի մատակարարման հետ կապված հարցերն ու քննարկել Patriot համալիրների մատակարարման հնարավորությունը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ինչ–որ պահի ամերիկացիները կարող են Թուրքիային ձեռնտու առաջարկ անել С-400-ին համարժեք Patriot համալիրների համար։ Հայտնի է, որ ժամանակին Թուրքիան հրաժարվել է Patriot-ից չափազանց բարձր գնի պատճառով։ Ամեն դեպքում դիվանագիտական մենամարտին քիչ է մնացել, ամեն ինչ պարզ կլինի, երբ կստանան С-400-ի առաջին խմբաքանակը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի տեսնել ամերիկացիների իրական արձագանքը` առանց բլեֆի ու ճնշման։

213
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
ՌԴ-ի հետ С-400–ի գործարք ենք կնքել. որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու. Էրդողան
Ռուսաստանը Սիրիային С-300 համակարգեր է տրամադրել
Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի. մոսկովյան բանակցությունների «սուխոյ» շեշտադրումը