ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Գոռ Մարգարյան. Սոցցանցերը դառնում են ավելի խելացի, քան օգտատերերը, Քիմ Քարդաշյանի լուսանկարով խաբելը և տղամարդու սիրտը նվաճելն ավելի է բարդանում, հայտնի ապրանքանիշների արտադրանքն արդեն կարողանալու ենք գնել «մեր» Instagram-ից, իսկ Google-ը որոշել է մեզ «լկստվացնել»։ Վիրտուալ աշխարհի անցնող շաբաթվա նորությունների մասին` հերթով։
Սոցցանցերում դժվար չէ գտնել նույն հետաքրքրությունների մարդկանց կամ էլ որոշակի թեմատիկաներով խմբեր, որտեղ հնարավոր է անվերջ զրուցել այդ շրջանակին հետաքրքրող հարցերի շուրջ։
Բայց բնական է, որ ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ այստեղ ավելի հարմար կլինի օգտվել արհեստական բանականության օգնությունից։ Պատկերացնենք այնպիսի սոցցանց, որտեղ ընկերների ժապավենը ձևավորում է արհեստական ինտելեկտը։ Երևակայությանը շատ հեռու մի թույլ տվեք գնալ, քանի որ Yandex-ն անցկացնում է իր Aura սոցցանցի թեստավորումը, որը տարբերվելու է մնացած սոցցանցերից հենց այսպիսի հնարավորություններով։
Aura–ն միավորելու է ընդհանուր նախասիրություններով մարդկանց և ընտրելու է խմբեր` հիմնվելով հետաքրքրությունների և գտնվելու վայրի մասին տեղեկության վրա։
Իսկ կատարած գրառումների հասանելիությունը հնարավոր կլինի սահմանափակել` ըստ սեռի և գտնվելու վայրի։ Վերջապես կհայտնվի այնպիսի հարթակ, որտեղ տղամարդիկ կկարողանան հանգիստ հայհոյել, տարածել 18+ տարիքային սահմանափակմամբ կոնտենտ ու չմտահոգվել, որ ինչ–որ «լավ տղու քուր» կտեսնի դա։
Aura–ն աշխատելու է Yandex-ի բջջային հավելվածում, իսկ թե երբ այն հասանելի կդառնա զանգվածային օգտագործման համար, դեռ պարզ չէ։
Իսկ WhatsApp մեսենջերը զարգացրել է իր հնարավորությունները և արդեն հնարավոր է Google-ի միջոցով ստուգել լուսանկարի իսկությունը։ Այս նոր ֆունկցիան դեռևս հասանելի չէ: Այն հայտնաբերել է օգտատերերից մեկը, ու ինձ թվում է, որ վաղաժամ բացահայտումը տեղի է ունեցել մեսենջերը մշակողների «թույլ տված» սխալի արդյունքում:
Այս ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի մեսենջերից պատկերն անմիջապես ներբեռնել «փնտրտուքների գիգանտ» համարվող Google և ստուգել` արդյո՞ք մոնտաժված է լուսանկարը և գտնել նմանակ նկարներ։
Գործառույթը դուր կգա WhatsApp-ի միջոցով աղջիկ «խոսացնող» տղամարդկանց։ Աղջիկներ, զգուշացեք. արդեն հնարավոր է ստուգել ձեր ուղարկած լուսանկարում դուք եք պատկերված, թե ինչ–որ ինտերնետ–աստղ։
Ֆեյսբուքյան մեկ այլ, ոչ պակաս հայտնի Instagram գործիքը նոր գործառույթով կզինվի, որը կկոչվի Checkout։ Նոր ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը հնարավորություն կունենան գնումներ կատարել անմիջապես գաջեթից։
Instagram–ն ամենապահանջված և ամենաօգտագործվող սոցցանցերից մեկն է։ Եվ շատերն էին այն օգտագործում առևտուր անելու նպատակով։ Հաճախ էին հանդիպում օգտատերեր «վաճառում եմ այս ինչ», «վաճառում եմ այն ինչ» անուններով։ Checkout ֆունկցիայի ակտիվանալուց հետո օգտատերերը իրենց սիրելի սոցցանցի միջոցով կկարողանան ապրանքներ պատվիրել ամենահայտնի ապրանքանիշներից:
Նոր գործառույթի միջոցով Ինստագրամի պահանջարկն ավելի կմեծանա, և մարդիկ ստիպված չեն լինի խճճվել օնլայն–խանութներում կամ էլ ապրանքներ պատվիրել կասկածելի օգտատերերից։
Google-ը «վերակենդանացրեց» Բախին
Անհնար է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաներից, ստեղծարարությունից ու նորարությունից և շրջանցել Google-ին: Ընկերությունը օր օրի զարգանում է և չի դադարում ապշեցնել հասարակ մահկանացուներին։
Մի հետաքրքիր փաստ։ Յուրաքանչյուր վայրկյանում Google-ում կատարած որոնումների քանակը հասնում է մոտավորապես 63.000–ի։ Իսկ որոնումների 15%-ը նախկինում երբեք չի կրկնվել։ Իրոք ապշեցուցիչ վիճակագրություն է։
Այս շաբաթվա ամենահետաքրքիր նյուզմեյքերը որոնողական հսկան է: Երևի թե բոլորդ էլ ծանոթ եք Google-ի Doodle-ներին, որոնցով ընկերությունը փոխարինում է իր լոգոտիպը որևէ տոնի կամ իրադարձության պատվին։ Ասեմ, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստյան Բախի ծննդյան կապակցությամբ թողարկվել է արհեստական բանականության հիմքի վրա ստեղծված առաջին դուդլը։
Օգտատերերն առաջնեկի օգնությամբ կարող են իրենց կոմպոզիտոր զգալ, ստեղծագործել և ստեղծել Բախի գլուխգործոցներին շատ նման մեղեդիներ։ Անհրաժեշտ է ընդամենը հավաքել նոտաներ և արհեստական ինտելեկտը այն կվերածի իսկական գլուխգործոցի։ Մշակման ընթացքում էկրանին Բախի անունից հայտարարություններ են հայտնվում, որոնցից տեղեկանում ենք, որ դուդլի ստեղծման համար վերլուծվել են իր ստեղծագործություններից 306–ը: Գուգլյան Բախը նույնիսկ հեգնում է Բեթհովենին` նշելով, որ իր մեղեդիները հեշտ է կրկնօրինակել, քանի որ դրանք հարմոնիկ են` ի տարբերություն Բեթհովենի ստեղծագործությունների։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:



