Աստանա

Աստանան «ջնջվեց» աշխարհի քարտեզից. Ղազախստանի մայրաքաղաքն արդեն այլ անվանում ունի

86
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանելու առաջարկը հնչել էր Նազարբաևի հրաժարականից հետո։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ղազախստանի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրեց սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` երկրի մայրաքաղաք Աստանան կվերանվանվի նախկին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի պատվին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այսուհետ քաղաքը կկոչվի «Նուր Սուլթան»։

Աստանան Նուր Սուլթան վերանվանելու առաջարկը հնչեցրել էր հենց Տոկաևը` Նազարբաևի հրաժարականից անմիջապես հետո։ Պատգամավորներն ընդունել էին համապատասխան սահմանադրական փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ մտնելու համար պետք էր նաև նախագահի ստորագրությունը։

«Ղազախստանի հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուր Սուլթան», – գրված է երկրի նախագահի կայքում հրապարակած հրամանագրում։

Աստանան (թարգմանաբար` «մայրաքաղաք») իր անվանումը ստացել էր 1998 թվականին։ Մինչև 1961 թվականը քաղաքը կոչվում էր Ակմոլինսկ, այնուհետև վերանվանվել էր Ցելինոգրադ, մինչև 1998 թվականը կոչվում էր Ակմոլա։ Աստանա էր անվանակոչվել, երբ դարձել էր Ղազախստանի մայրաքաղաք։

«Ազգի առաջնորդ» (Ելբասի) պաշտոնական տիտղոսակիր, Ղազախստանի` թվում էր, թե անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նա այդ պաշտոնն էր զբաղեցնում 1990 թվականից։

Նազարբաևը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարեց. «Ես ընդունել եմ ինձ համար ոչ հեշտ որոշում` վայր դնել Ղազախստանի նախագահի լիազորությունները։ Շարունակում եմ մնալ Անվտանգության խորհրդի նախագահ, որը ըստ օրենքի` երկրի արտաքին և ներքին քաղաքականության որոշման հարցում լուրջ իրավասություններ ունի, մնում եմ «Նուր Օթան» կուսակցության նախագահ, Սահմանադրական խորհրդի անդամ։ Այսինքն մնում եմ ձեզ հետ` որպես երկրի քաղաքացի»։

86
Ըստ թեմայի
Ինչպես կանդրադառնա Նազարբաևի հրաժարականը հայ–ղազախական հարաբերությունների վրա
Ղազախստանի խորհրդարանը համաձայնեց մայրաքաղաք Աստանան Նորսուլթան վերանվանել
Աստանան Նուր-Սուլթան անվանափոխելու շուրջ Twitter–ում ուրախ ֆլեշմոբ են սկսել