Չինաստանի քիմիական գործարանի տարածքում

Չինաստանի քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճում է

19
(Թարմացված է 10:57 23.03.2019)
Հաջողվել է պարզել 26 մահացածի ինքնությունը։ Ավելի վաղ հայտնում էին 62 զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Չինաստանի Ցզյանսու արևելյան նահանգի քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 64-ի, անհետ կորածների թիվը 28 է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Յանչենի քաղաքապետ Ցաո Լուբաոն։

Ներկա պահին հաջողվել է պարզել 26 մահացածի ինքնությունը։ Ավելի վաղ հայտնում էին 62 զոհերի մասին։

Այժմ տուժածներից 21-ը ծայրահեղ վիճակում են, ևս 73-ը` ծանր։

Ցաո Լուբաոն մեկնաբանել է նաև մյուս տուժածների հետ կապված իրավիճակը, որոնց թիվը, իշխանությունների տվյալներով, գերազանցում է 600-ը։

«Քաղաքի 16 հիվանդանոցներ բուժօգնության են դիմել 617 մարդ, որոնցից 523–ը թեթև վնասվածքներ են ստացել, հիմնականում` քերծվածքներ կամ գլխի, որովայնի և վերջույթների շրջանում կտրած վերքեր», – հայտնել է քաղաքապետը` ավելացնելով, որ բժիշկների վերահսկողության տակ հիվանդանոցներում 143 մարդ է շարունակում մնալ։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սյանշույ գավառում Յանչեն քաղաքային շրջանի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական պարկի տարածքում «Ցզյանսու Տյանցզի» քիմիական գործարանում տեղական ժամանակով ժամը 14:00-ին սահմաններում: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ չինացի սեյսմոլոգիական գործակալությունը 14:48-ին գրանցել է 2,2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էին Չինաստանի ԱԳՆ–ից, զոհվածների և տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալներ դեռ չկան։

19