Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին

Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է համագործակցություն հաստատել Գյումրիի հետ

408
(Թարմացված է 20:07 31.01.2019)
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

408
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (791)
Ըստ թեմայի
Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Քյոլնի կայարանում. լուսանկար և տեսանյութ
Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանում նոր նախաձեռնությունների իրականացմամբ