Նիկոլաս Մադուրո

«Իրենք ո՞վ են, որ այստեղ բան որոշեն». Մադուրոն` Եվրոպայի վերջնագրի մասին

109
Մադուրոն ասել է, որ օրինական է հաղթել Վենեսուելայի նախագահական ընտրություններում ու նոր ընտրությունները կարող են անցկացվել միայն 2025 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Վենեսուելան նոր ընտրությունների անցկացման մասին ոչ ոքից վերջնագիր չի ընդունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է նախագահ Նիկոլաս Մադուրոն։ 

Կարակասում անցած շաբաթ բողոքի զանգվածային ակցիաներ են սկսել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։ Երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հենց նույն օրն իրեն պետության ժամանակավոր ղեկավար է հայտարարել։ ԱՄՆ–ն ու մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ ճանաչում են Գուաիդոյի իշխանությունը և պահանջել են նոր նախագահական ընտրություններ անցկացնել։

«Նախագահական ընտրությունները 10 ամիս առաջ են եղել, դրանք կայացել են բոլոր սահմանադրական ու օրինական չափանիշների համաձայն... Մենք աշխարհում ոչ ոքից վերջնագիր, շանտաժ չենք ընդունում։ Նախագահական ընտրությունները Վենեսուելայում կայացել են, իսկ եթե իմպերիալիստները նոր ընտրություններ են ուզում, թող մինչև 2025 թվական սպասեն», – հիշեցրել է Մադուրոն։

Պատասխանելով այն հարցին, թե միջազգային հանրության մի մասը պնդում է, որ նախագահական նոր ընտրություններ անցկացվեն, նա նշել է, որ «դա Դոնալդ Թրամփի քաղաքականության վրա խփնված երկրների ուզածն է»։

«Մենք նեոգաղութատիրություն ենք վերադառնում, երբ եվրոպական մի մայրաքաղաքից կամ Վաշինգտոնից հրամայում են Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի ցանկացած երկրին։ Բայց իրենք ո՞վ են, որ այստեղ բան որոշեն։ Ես օրինական եմ հաղթել, մենք թափանցիկ էլեկտրոնային համակարգի միջոցով ենք ընտրություններ անցկացրել` միջազգային դիտորդների մասնակցությամբ», – ընդգծել է Մադուրոն։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել էր, որ Եվրամիությունը ճանաչում է ընդդիմադիր Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար, եթե Նիկոլաս Մադուրոն չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նման հայտարարություններ էին արել Փարիզը, Բեռլինը, Լոնդոնն ու Մադրիդը։

109
Ըստ թեմայի
«Դրական փոփոխությունների հույսով». Վենեսուելայի մասին պատմում է տեղացին
Հայաստանում հետևում են Վենեսուելայում կատարվող իրադարձություններին
Հայաստանի հետ որևէ ասոցիացիա չկա. Փաշինյանը խոսեց Վենեսուելայի մասին