Շտապօգնություն, Թուրքիա

Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմը շրջել է ուղևորատար ավտոբուսը. տեսանյութ և լուսանկար

71
Անթալիայի նահանգի մի շարք շրջաններում փոթորիկ է մոլեգնում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում պտտահողմի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նույնանուն նահանգի ղեկավար Մյունիր Կարալօղլուն։

​Նրա խոսքով` օդանավակայանով անցած պտտահողմը շրջել է ինքնաթիռի կողմ շարժվող ավտոբուսը, որում ուղևորներ են եղել։

«Սաստիկ քամին օդ է բարձրացրել օդանավասանդուղքը, որը վնասել է կանգնած ինքնաթիռը։ 12 մարդ է տուժել», –NTV հեռուստաալիքի եթերում ասել է նահանգապետը։

​Նա ավելացրել է, որ չնայած այդ դեպքին` օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

ԶԼՄ–ների տվյալներով` ներկա պահին պտտահողմ ու փոթորիկ է մոլեգնում Անթալիայի նահանգի մի շարք շրջաններում։

Տարերքը զգալի վնաս է հասցրել Կումլուջա շրջանին, որտեղ ջերմոցներն ավերվել են, իսկ աշխատողները վնասվածքներ են ստացել։

Հունվարի 24-ին այդ նույն նահանգում փոթորկի հետևանքով 2 մարդ է մահացել, տուժել` 11-ը։

71