Դոնալդ Թրամփ

Թրամփը դադարեցրել է ամենաերկար շատդաունը, բայց պատն ամեն դեպքում կկառուցվի

50
(Թարմացված է 12:58 26.01.2019)
ԱՄՆ–ի բյուջետային ճգնաժամն իր տևողությամբ գերազանցեց բոլոր ռեկորդները։ Այն տևեց 34 օր։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրինագիծ է ստորագրել բյուջետային միջոցների հատկացման և կառավարության ֆինանսավորման ժամանակավոր (մինչև փետրվարի 15-ը) վերականգնման մասին, հայտնում է Reuters –ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ մենք պայմանավորվել ենք», – ընդգծել է ԱՄՆ նախագահը` խոսելով իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի` բյուջետային ճգնաժամի կարգավորմանն ուղղված երկխոսության մասին։

Մինչև նշված ժամկետը բանակցություններ են տարվելու պետական հիմնարկների երկարաժամկետ ֆինանսավորման, ինչպես նաև Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Twitter–ի իր էջում գրել է, որ Թրամփը 21 օրից «կսկսի կառուցել պատը, լինի դա դեմոկրատների հետ, թե առանց նրանց»։

Վերլուծաբանները հաշվարկել են, որ կառավարության չաշխատելն արդեն իսկ ԱՄՆ–ի համար մոտ 5 մլրդ դոլար է արժեցել։

Ներկայացուցիչների պալատն ու սենատն ավելի վաղ համաձայնել էին նախագահի առաջարկին, ըստ որի` շատդաունը պետք էր դադարեցնել առանց պատի կառուցման ֆինանսավորման հարցը լուծելու։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել էր նոր շատդաունի հնարավորության մասին, եթե չհաջողվի դեմոկրատների հետ փոխզիջման հասնել։

Հիշեցնենք, որ շատդաունը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության` Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ֆինանսավորման հարցի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Կառավարության աշխատանքների դադարեցման պատճառով ԱՄՆ դաշնային գերատեսչությունների շուրջ ¼-ը դադարել են աշխատել։ Առանց աշխատավարձի են մնացել մոտ 800 հազար պետծառայող։

50