ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին։
Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր:
Հայաստանի նախագահը Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:
Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:
«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը:
Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարևոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:
Տարբեր ժամանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում ելույթներ են ունեցել Ուելսի արքայազն Չարլզը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Կի Մունը և այլք:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:



