Արմեն Պետրոսյան. Petrossian Caviar ընկերության սեփականատեր

Սև խավիարի արտահանումը ԵԱՏՄ. ֆրանսահայ ներդրողը կարող է բիզնես բացել Հայաստանում

1820
(Թարմացված է 18:51 10.10.2018)
Գործարար Արմեն Պետրոսյանն ամբողջ աշխարհում ունի թառափի մոտ 150 ֆերմաներ և արտահանում է արտադրանքը տասնյակ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում թառափի խավիարի ֆերմաները աշխատանքի հետաքրքիր տարբերակ են։ Այդ մասին Petrossian Caviar ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանն ասաց Sputnik Արմենիային թղթակցին` գործարար համաժողովի ընթացքում։

Պետրոսյանի անունը զուտ հայկական է, ինչպես նաև արտաքինը (սև–սպիտակ լուսանկարում նրան կարելի էր համարել 19–րդ դարի վերջի Կոստանդնուպոլիսի հայ կամ հույն վաճառական)։ 1920թ–ին նրա ընտանիքը Փարիզում բացել է իր գործը` սկսելով արտադրել թառափի խավիար։ Արմենն ընդունակ ժառանգ է եղել. հիմա նա ամբողջ աշխարհում ունի թառափի մոտ 150 ֆերմաներ, արտահանում է արտադրանքը տասնյակ երկրներ։

Հայաստանում նա դեռ արտադրություն չունի, բայց բացառված չէ, որ կհիմնի։ Պետրոսյանը նման հնարավորությունն ակտիվորեն քննարկում է տեղի գործարարների հետ։

«Կան շատ նախագծեր, շատ մարդիկ, որոնք զբաղվում են այդ բիզնեսով։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ», – ասաց Պետրոսյանը։

Առավել ևս, որ Հայաստանը կարող է արտահանման համար կամուրջ դառնալ ԵԱՏՄ երկրներ, առաջին հերթին` Ռուսաստան։

«Այո, նրանք ունեն բազմաթիվ ֆերմաներ, դրանցից շատերը ես տեսել եմ։ Բայց նոր արտադրանքի կարիք կա։ Ճիշտ է, պատժամիջոցներն առայժմ թույլ չեն տալիս մեզ աշխատել Ռուսաստանի հետ։ Սպասենք նման հնարավորությանը», – հայտարարեց գործարարը։

Հենց այստեղ էլ կարող է օգնել Հայաստանը, չէ որ հայկական արտադրանքը կարելի է ազատ արտահանել Ռուսաստան։ Բնականաբար, խոսքը գնում է ոչ թե վերաարտահանման, այլ օրինական արտադրության մասին։

«Եթե Պետրոսյանները կեղծիքով զբաղվեին, նրանք չէին աշխատի մոտ մեկ դար», – ժպտալով հավելում է գործարարը։

Ճիշտ է, խոշոր արտադրություն կա նաև Ղազախստանում, որը նույնպես զբաղվում է արտադրանքը Ռուսաստան արտահանելով։ Առհասարակ ամբողջ համաշխարհային շուկան վերջին 10 տարիներին ավելի մրցակցային է դարձել։ Բայց Պետրոսյանին դա չի վախեցնում. ավելի քան 20 տարի նա հաջողությամբ աշխատում է այնպիսի բարդ շուկայում, ինչպիսին չինականն է։

Այնպես որ՝ միշտ կարելի է աշխատել, վստահ է նա։ Գլխավորը չմոռանալ, որ թառափը «հիշաչար» ձուկ է։ Նա վրեժ կլուծի գործարարից, եթե նա շերեփուկներին բաց թողնի լճակ և մոռանա նրանց մասին։

Մշտապես պետք է հետևել ձկներին, ջրին և կերին, ընդհուպ՝ մինչև պատրաստի արտադրանք, նշեց Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից:

1820
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
Ըստ թեմայի
Ֆրանկոֆոնիայի ավանի հանդիսավոր բացումը՝ Sputnik Արմենիայի օբյեկտիվից. լուսանկարներ
Հայկական տաղավարն աշխարհին կներկայացնի Արցախը. Երևանում բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերը ազգային պար են ներկայացրել Երևանի կենտրոնում