ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի տարածքում ապրող թալիշ ժողովուրդը վճռական է իր ինքնավարության իրավունքի համար պայքարելու հարցում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմը` անդրադառնալով Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետության վտարանդի կառավարություն կազմավորելու մասին վերջերս արված հայտարարությանը։
«Դրանով մենք աշխարհին հայտարարում ենք, որ Ալիևի իշխանությունը ոչ միայն չի հանդիսանում թալիշ ժողովրդի իշխանությունը, այլև դրա թշնամին է, որովհետև Ալիևն ու Ադրբեջանի իշխանությունը 25 տարի շարունակ թալիշ ժողովրդի ոչնչացման քաղաքականություն են վարում»,- ասաց Իբրահիմը։
Նրա խոսքով` թալիշական ինքնավար հանրապետության հռչակումից 25 տարի անց էլ ինքնահռչակ այդ երկրի իշխանությունները ստիպված են մնալ պարտադրված էմիգրացիայի մեջ, քանի որ Ադրբեջան վերադառնալն անհնար է։ Ինքնավար հանրապետություն հռչակելու առաջին իսկ փորձից հետո, նրա խոսքով, թալիշ ակտիվիստներին համատարած բանտարկեցին։ Շատերը ստիպված եղան փախչել Ադրբեջանից ու մինչ օրս մնում են օտարության մեջ։
«Ալիևն Ադրբեջանում միապետություն է հաստատել, երկրում չկա ազատ մամուլ, թալիշ ժողովուրդը զրկված է ազգատյաց պետական քաղաքականության դեմ իր տեսակետը հայտնելու իրավունքից։ Ադրբեջանում արգելված է անգամ թալիշ եզրույթը։ Մեր պատմությունը վերագրվում է թյուրքերին, մեր պատմական հուշարձանները ոչնչացվում են, պատմական դեմքերի գերեզմանաքարերը գողացվել, ավերվել են։ Ամեն ինչ արվում է թալիշ ժողովրդին աշխարհի երեսից ջնջելու համար,- պատմեց մեր թալիշ զրուցակիցը, — մեր ակտիվիստները բազմիցս դիմել են կառավարությանը` ազգային հեռուստաալիք ունենալու թույլտվություն ստանալու, թալիշերեն դասավանդում թույլ տալու խնդրանքով։ Այս բոլոր դիմումներն անտեսվել են։ Մեր ակտիվիստներն էլ անընդհատ ճնշման ու սպառնալիքների տակ են։ Շատերը վտարվել են Ադրբեջանից ու զրկվել քաղաքացիությունից»,- ասաց թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահը։
Այս իրավիճակում Երևանի պետական համալսարանում թալիշագիտության ամբիոնի առկայությունն ու թալիշերենի դասավանդումը Իբրահիմ Զահիրադդինն իր ժողովրդի համար ճակատագրական է համարում, քանի որ Ադրբեջանի պետական մակարդակով տարվող էթնոցիդի պայմաններում սա, նրա խոսքով, այս պահին ազգային ինքնությունն ու պատմությունը պահպանելու միակ հնարավորությունն է։
Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի տարածքում հռչակվել է 1993թ-ին։ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը լուծարեց այն և տարբեր ճնշումներ կիրառեց անկախացման գործընթացը նախաձեռնող ղեկավարների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



