ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երեկ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Ֆրանսիացի պաշտոնյաների հետ շփումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկին առաջարկել է` « Let’s do պաչիկ»։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանդիպումից հետո համացանցում տարածված տեսանյութն ու, ինչպես ինքն է գրում` «Let’s do պաչիկ»–ի պատմությունը։
Փաշինյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն ներկայացրել է իր թիմի հայազգի անդամին:
«Իմ հարցրին՝ հայերեն խոսու՞մ եք, Մակրոնի հայազգի աշխատակիցն ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի. let’s do պաչիկ»,– գրում է Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետի այս հումորին ներկաները բավական բուռն արձագանքեցին` ըստ արժանվույն գնահատելով այն։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Այնտեղ նա կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախանշված է նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: