McDonnell Douglas AH-64 ուղղաթիռը

Ինչպիսի՞ն է սպառազինության բաշխվածությունը Հարավային Կովկասում

360
(Թարմացված է 00:47 22.06.2018)
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հարավային Կովկասի երկրների այս կամ այն զինատեսակը գնելու մասին հրապարակումները։ Լրատվամիջոցները գրում են բարձր տեխնոլոգիական և շատ թանկ զենքի մասին, ինչը չի կարող չմտահոգել։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Գնվող զենքի քանակի և նոր սպառազինության վրա ծախսվող գումարների առումով առաջին տեղում Ադրբեջանն է։ Այնտեղից մշտապես տեղեկություն է ստացվում թանկարժեք նոր զինտեխնիկայի մասին, որով համալրվում է ադրբեջանական բանակի սպառազինությունը։ 

Ադրբեջանը թանկարժեք սպառազինություն է գնում. սրանից ՓՌ–ի ու գովազդի հոտ է գալիս

Վերջին նորությունը. ամերիկյան բանակային մարտական ուղղաթիռներն են (ըստ ամենայնի «Ապաչ»), որոնք հրթիռային սպառազինության օգնությամբ կարող են խոցել ցամաքային և օդային թիրախներ մոտ 50 կմ հեռավորության վրա։

Իսկապես վտանգավոր զենք է, հատկապես այն կարճ հեռավորությունների վրա, որտեղ տեղակայված են հակամարտող Արցախի և Ադրբեջանի բանակների զինվորական ստորաբաժանումները։ Այդ տեղանքի համար 50 կմ–ն արդեն ճակատային ՀՕՊ–ի անհասանելիության գոտին է։ Սակայն այս համատեքստում հետաքրքիրն այլ բան է. Բաքվում, կարծես հատուկ են գովազդում այն հանգամանքը, որ զինատեսակ են գնում զենք արտադրող առաջատար կորպորացիաներից, և տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ՓՌ–ի տարր կա։

Թվում է` հենց այսպիսին է Ադրբեջանի ռազմական ղեկավարության դիրքորոշումը։ ՓՌ–ի մասին է վկայում նաև այն, որ երկրի պաշտպանության նախարարությունը խոստանում է Բաքվում կազմակերպվող ռազմական շքերթին ներկայացնել և՛ ամերիկյան ռազմական ուղղաթիռները, և, ասենք, իսրայելական այն «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համալիրը, որի մասին վերջին տարիներին այդքան շատ խոսվեց։

Հիշենք. այդ գովազդված թանկարժեք` մոտ 4 մլրդ դոլար արժեք ունեցող  համալիրը, Ադրբեջանը գնել է Իսրայելից այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանը համաձայնել է միայն Հայաստան մատակարարել աշխարհում հայտնի «Իսկանդերները», որոնք կարող են առնվազն 400-500 կիլոմետր հեռավորություն ծածկել:

Փորձագետներից շատերն անդադար խոսում էին այն մասին, թե իսրայելական «Երկաթե գմբեթը» ռուսական «Իսկանդերների» դեմ անզոր է։ Եթե այդպես չլիներ ու իսրայելական «գմբեթն» աշխատեր, չէր լինի այն սկանդալը, որը բարձրացավ Կալինինգրադի մարզ «Իսկանդերների» մի քանի դիվիզիոն տեղափոխելու շուրջ:

Չէ՞ որ իսկզբանե հայտնի էր, որ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի դաշնության հակամարտության այդ հատվածում առանց այն էլ տեղակայված էին «Երկաթե գմբեթի» երեք կամ չորս համալիրներ։ Եթե այն երաշխավորված պաշտպանություն ապահովեր «Իսկանդերներից», ՆԱՏՕ–ի ղեկավարությունը իրար չէր խառնվի։

Ինչևէ, փաստը մնում է փաստ է. Ադրբեջանը շարունակում է  ահռելի գումարներ ծախսել և տարածաշրջանը լցնել մեծաթիվ գերժամանակակից բարձր տեխնոլոգիական զենքերով։ Դա մատուցվում է, այն համատեքստում, թե Բաքուն ցանկացած պահի պատրաստ է ռազմական գործողություններ սկսել արցախա–ադրբեջանական առաջնագծում։ Այդ պատճառով էլ շարունակում է զինվել։

Վրաստանին վիճակված է դառնալ ռուսական սպառնալիքների դեմ ՆԱՏՕ–ի առաջավոր բարիկադ

Ի տարբերություն Ադրբեջանի, որը զինվում է Հայաստանի և Արցախի հետ հավանական պատերազմի համար, Վրաստանը սպառազինության միջազգային շուկայում որոշակի այլ խնդիրներ է լուծում։ Այնտեղ խոսքը ոչ միայն ռազմական հակազդման մասին է, ասենք, Ռուսաստանի դեմ, որի հետ Վրաստանը բավական լարված հարաբերություններ և տարածքային հավակնություններ ունի, այլ, ավելի շուտ, ավելի գլոբալ խնդիրների, որոնք կապված  են Ռուսաստան–ՆԱՏՕ դիմակայության հետ։

Իրականում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի հետ հակազդման սահմանը հնարավորինս մոտեցնել ռուսական տարածքներին։ Այդ տեսանկյունից Վրաստանը հյուսիսատլանտյան դաշինքի համար կատարյալ գործընկեր է։ Այդ պատճառով էլ, երբ խոսում են Մոսկվայի և Թբիլիսիի քաղաքական հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին, փորձագետների և վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը թերահավատություն են ցուցաբերում։

Ի սկզբանե հասկանալի է, որ արևմտյան երկրներն ու առաջին հերթին`  ԱՄՆ–ը կանեն հնարավոր ամենը, որպեսզի հանկարծ թույլ չտան, որ այդ հարաբերությունները ջերմանան։ Ավելին, չի բացառվում, որ հենց Վրաստանը շանսեր ունի ՆԱՏՕ–ում իր կարգավիճակը փոխելու և լիարժեք անդամ դառնալու։

Համենայն դեպս, ամերիկացիները հենց սա հաշվի առնելով էլ սպառազինում են վրացական բանակը բարձր տեխնոլոգիական զինատեսակներով։ Խոսքը Javelin հակատանկային համալիրների  և ամերիկյան արտադրության Stinger շարժական զենիթահրթիռային համալիրների նորագույն մոդելի մասին է։

Հույսներն այն է, որ կարճ ժամանակում վրացական բանակը «կհասցնեն» ՆԱՏՕ–ական ստանդարտների գոնե այն աստիճան, որ հնարավոր լինի խոսել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք անդամակցության մասին։

Իսկ այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այն մասին, որ «ողջ արևմտյան աշխարհը» Վրաստանում` Ռուսաստանի հետ սահմանին, կսկսի կառուցել այնպիսի ենթակառուցվածքներ և հաղորդակցություններ, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ–ական զորքերին ռուսական «սպառնալիքի» դեմ պայքարելու համար։

Հայաստանը կհավասարակշռի զինվորական ուժերը Հարավային Կովկասի երկնքում

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իր առանձնահատկությունները կան, կապված նախևառաջ նրա հետ, որ երկիրը շրջապատված է, մեղմ ասած, թշնամիներով և՛ արևմուտքից, և՛ արևելքից։

ՀԱՊԿ–ում լիարժեք անդամակցությունը, իհարկե, լավ է, սակայն վտանգը հարավ–արևմտյան և հյուսիս–արևելյան սահմաններին ակներև է. և սա դեռ հաշվի չառնելով արցախյան հիմնախնդիրը։

Այս առումով, իհարկե, ռուսական ռազմաբազայի առկայությունը շատ բան է որոշում։ Շատ բան, սակայն ոչ ամեն ինչ, քանի որ բազմիցս դեպքեր են եղել, երբ ռազմական սրացում է եղել անմիջապես հայ–ադրբեջանական սահմանին (Նախիջևանի, կամ Տավուշի սահմանին) և ՀԱՊԿ–ը դրան չի արձագանքել։

Նշենք, որ խոսքը արցախա–ադրբեջանական հակամարտության մասին չէ (և դա հասկանալի է` ԼՂՀ–ն ՀԱՊԿ–ի անդամ չէ), այլ անմիջապես ՀՀ–ի պետական սահմանի։ Այս առումով հզոր, բարձրտեխնոլոգիական զենքով զինված բանակի առկայությունը ժամանակի թելադրանքն է։

Այդ պատճառով էլ վերջերս շրջանառված տեղեկությունն այն մասին, թե կրկին արդիական է Հայաստանի կողմից Су-30 СМ  կործանիչների խմբաքանակի ձեռք բերման վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագիրը, ոչ ոքի չպետք է զարմացնի։

Հիշում եմ, որ ժամանակին պայմանագիր էր ստորագրվել 12 հատ արդիականացված  Су-30 կործանիչների մատակարարման մասին, սակայն հետո Երևանը ստիպված էր այդ գաղափարից հրաժարվել, քանի որ բավարար միջոցներ չուներ։ Ներկայիս իրավիճակում 4++  սերնդի մարտական կործանիչների նման խմբաքանակի առկայությունը Հայաստանին հնարավորություն կտա Ադրբեջանի հետ օդում հավասարակշռել ուժերը։  Բացի այդ, հայկական Су-30 СМ կործանիչները, հավանաբար, գործի կդրվեն նաև Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգերում, որն ի զորու է փակել տարածաշրջանի ողջ օդային տարածքը։

Այնպես որ արդեն այսօր կարելի է վստահաբար խոսել այն մասին, որ հայկական կողմը մոտ ժամանակներում որոշակի քանակության կործանիչներ կստանա։

Ֆինանսական առումով, իշխանությունների համար սա, իհարկե, այդքան էլ էժան հաճույք չէ, քանի որ սպառազինության միջազգային շուկայում այդ կործանիչների արտահանման գինը տատանվում են 50 մլն դոլարի սահմաններում։ Սակայն Հայաստանը հույս ունի ստանալ դրանք ներռուսական գներով, ինչպես այն ամենն, ինչ գնում է Ռուսաստանից։

360
Ըստ թեմայի
Բաքվին ապօրինի զենք վաճառողները կպատժվեն. ԱԳՆ
Ռուսաստանն այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին. Կոսաչով
Հայաստանն ու Ադրբեջանը 700 միլիոն դոլարի զենք են գնել. զեկույց