Ամստերդամ

Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

53
(Թարմացված է 13:12 12.04.2018)
Նիդեռլանդների մայրաքաղաքում նոր խաչքար կտեղադրեն` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է հայտնվելու Ամստերդամում։ Այս մասին հայտնում է հոլանդական Parool թերթը։

Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու մոտ։

«Հայաստանում չկա ընտանիք, որի նախնիները տուժած չլինեն Ցեղասպանությունից։ Այդ մարդիկ գերեզմաններ չունեն։ Հենց դրա համար են պետք այդ հուշարձանները, որպեսզի սերունդները նախնիների հիշատակը հարգելու տեղ ունենան», –ասում է Վահան Ավագյանը` «Գրիգոր Նարեկացի» մշակութային հիմնադրամի նախագահը։

Խաչքար տեղադրելու թույլտվությունը համայնքը ստացել է հունվարին, իսկ արդեն մեկ ամիս անց նվիրաբերումների շնորհիվ 13 հազար եվրո հավաքվեց։

Երեք մետրանոց խաչքարը պատրաստել են Հայաստանում։ Այն կտեղադրվի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից երեք օր առաջ, որպեսզի ապրիլի 24–ին բոլոր ցանկացողները կարողանան գալ ու տեսնել այն։

Խաչքարներ կան Ալմելո ու Ասսեն քաղաքներում, սակայն անցորդների համար դրանք այդքան էլ նկատելի չեն։ Ալմելոյում այն եկեղեցու պարսպապատ բակում է։ Իսկ Ասսենում` գերեզմանատանը։

Ամստերդամի խաչքարը լինելու է Կեյզերստրաատ ու Կրոմ Բոմսլոոտ փողոցների Ամստերդամի հայտնի շուկայի հարևանությամբ։

Ավագյանն արդեն հրավիրատոմսեր է ուղարկել Նիդեռլանդների խորհրդարանի ու Ամստերդամի քաղաքային խորհրդարանի պատգամավորներին։ Բացմանը կմասնակցի նաև պատվիրակություն Հայաստանից` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ։

Հրավիրատոմսեր չեն ուղարկվել թուրք պատգամավորներին` ավելորդ բախումներից խուսափելու համար։

Նշենք, որ բոլոր թուրք պատգամավորները չեն, որ դեմ են հայկական հարցի դիտարկմանը։ Երբ 2018 թվականի փետրվարին Նիդեռլանդների գլխավոր նահանգները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ներկայացրին, դրա օգտին քվեարկեց նաև մի քանի թուրք պատգամավոր։ Նրանցից երկուսը` Դինի Օզդիլը ու Դիլամ Եզիլգեսը, իրենց հավանությունը նաև համացանցում են արտահայտել։

53
Ըստ թեմայի
Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
Նիդեռլանդները չպետք է ներողություն խնդրի. Ժոել Ֆորդևինդ
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերը
Նիդեռլանդների նախարարը «գնահատում է» ցեղասպանությունը ճանաչածների ոգևորությունը
Նիդեռլանդները կստիպի նախարարին հինգ տարին մեկ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում