ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Ալա-Տոո» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառով տուժածների թիվը հասել է 232-ի։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղրղըզստանը` հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը։
Այսօր բժշկական օգնության համար արդեն դիմել է 198 մարդ։ Բիշքեկում հոսպիտալացվել են 131 քաղաքացի, ևս 34-ը` մարզերում։ Մնացածը ստանում են ամբուլատոր բուժում։
Տուժածների այդքան մեծ թիվը բացատրվում է նրանով, որ հյուրերից շատերը տուն են տարել ուտելիքի մի մասը և տվել ընտանիքի անդամներին։ Ռեստորան է գնացել ընդամենը 192 մարդ։ Գերատեսչությունում նշել են, որ հոսպիտալացված անձանց մի մասն արդեն սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն։
Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Ի սկզբանե տուժածների թիվը 58 է եղել։
Նախնական եզրակացության համաձայն` մարդկանց թունավորման պատճառը ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիաների և պահպանման ժամկետների խախտումն է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



