Իզաբել Սադոյան

Կյանքից հեռացել է «Մայրիկ» ֆիլմի մորաքույր Աննան` Իզաբել Սադոյանը

22
(Թարմացված է 12:38 11.07.2017)
Հուլիսի 10-ին, 89 տարեկան հասակում հանգչել է Լիոնի հայազգի կատակերգու դերասանուհի Իզաբել Սադոյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik, Կարեն Ավետիսյան.  Իզաբել Սադոյանը վերջին ֆրանսահայերից էր, որը կապված էր ֆրանսիական կինոյի լեգենդար շրջանի հետ:

Չնայած որ նա թատրոնի դերասանուհի էր, ժամանակի ընթացքում հաջողեց դերակատարումներ ստանալ ֆրանսիական կինոյի տարբեր սերունդների հռչակավոր ռեժիսորների ֆիլմերում՝ 60-ականների «Ֆրանսիական նոր ալիքի» վարպետ Կլոդ Շաբրոլից մինչ 21-րդ դարի առաջատար ռեժիսոր Լյուկ Բեսսոն:

«Նա մեծագույն դերասանների հետ խաղացել է թատրոնում ու կինոյում և կյանքից հեռացել մեկ այլ թատերական նշանավոր դերասանի` Ժան Պիեռ Բեռնարից երկու օր անց:

Նրանք երկուսն էլ իրենց մեծ ներդրումն ունեն թատրոնում և երկուսն էլ խաղացել են ռեժիսոր Ռոժեր Պլանշոնի ղեկավարությամբ։ Սադոյանը նաև իր ապագա ամուսնու՝ Ժան Բուիզի հետ միասին, 1950 թվականին մասնակցել է Կոմեդիայի թատրոնի հիմնադրմանը, որտեղ սկզբնական շրջանում աշխատում էր որպես հագուստի ձևավորող, ապա՝ Լիոնում դրամատուրգիայի դասեր անցնելուց հետո, արդեն որպես դերասանուհի»,– հայ դերասանուհու մասին գրել է ֆրանսիական leprogres.fr պարբերականը:

Երեկ Իզաբել Սադոյանի կյանքին ու ֆրանսիական մշակույթում ունեցած ավանդին անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ, այդ թվում նաև` Lemonde.fr–ն։

Դերասանական խաղացանկում Սադոյանն ունի հիսունից ավելի դերեր ֆիլմերում և 25 դեր` թատրոնում։

2005 թվականին Սադոյանն արժանացել է Ֆրանսիայի պատվավոր պարգևներից մեկին՝ Արվեստի և գրականության շքանշանին, իսկ 2012-ին դարձել Պատվո լեգեոնի ասպետ:

Սադոյանին հանդիսատեսը, հատկապես ճանաչում է երկրորդական դերերով, ինչի համար նա 2 անգամ նոմինացվել է ֆրանսիական թատերական ամենահեղինակավոր պարգևի՝ Մոլյերի մրցանակի:

Հենց այդ ՝ երկրորդական դերեր կերտելու նրա վարպետությունը գնահատել և իրենց ֆիլմերում նկարահանվելու են հրավիրել այնպիսի նշանավոր վարպետներ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, Կլոդ Շաբրոլը, Ժան-Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Քշիշտոֆ Կիսլյովսկին և ուրիշներ:

Հայ հանդիսատեսին դերասանուհին հատկապես հայտնի է մեկ այլ մեծանուն ֆրանսահայի` Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում խաղացած իր դերով, որտեղ նա կերտում էր Ազատի մորաքրոջ՝ Աննայի կերպարը:

Ուշագրավ է, որ 2016 թվականին, երբ Իզաբել Սադոյանն արդեն 88 տարեկան էր, դեռևս շարունակում էր հանդես գալ փարիզյան Théâtre de l'Oeuvre թատրոնում:

22