Մարդիկ

Երկրի բնակչությունը շատանում է ու դժբախտանում

51
(Թարմացված է 10:48 11.07.2017)
Երկրի բնակչությունը 30 տարում ավելացել է 2.6 մլրդ–ով։ Այս փաստը, սակայն, ավելի շատ խնդիրների մասին է հիշեցնում, քան ուրախություն պատճառում երկրագնդի բնակիչներին, հատկապես, որ վերջինները սկսում են մոռանալ, թե ինչ է երջանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 hուլիսի — Sputnik. Մարդկությունը կարող է զրկվել երջանկությունից։ Նման եզրակացության են հանգել գիտնականները` ուսումնասիրելով մարդկության զարգացման ընթացքը։ Նրանք պարզել են` որքան ավելի արագ ու ակտիվ է զարգանում քաղաքակրթությունը, այնքան ավելի քիչ բավարարվածություն ու ուրախություն է զգում մարդն իր ապրած կյանքից։

Մարդը անվերջ ձգտում է ավելի մեծ կարողությունների` մոռանալով բավարարվել և ուրախանալ ունեցածով։

Գիտնականների համոզմամբ` մեր նախորդ սերունդները շատ ավելի երջանիկ ու հոգեպես կայուն են եղել։ Իսկ ապագա սերունդները զարգացման ու կարողությունների անվերջանալի մրցավազքի հետևանքով կարող են ընդհանրապես մոռանալ երջանկության զգացումը։

Երջանկության զգացումը կորցնելուն զուգահեռ` երկրի բնակչության թիվը շարունակում է աճել մեծ տեմպերով։ ՄԱԿ-ի կանխատեսմամբ, 2050 թ–ին Երկրի բնակչության թիվը կհասնի 9.8 մլրդ–ի` ներկայիս 7.6-ի փոխարեն։ Իսկ 2100 թ–ին այն կհատի 11.2 մլրդ–ի սահմանը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ առավել արագ աճում է երկրագնդի ամենաանապահով տարածքների բնակչության թիվը։ Ամենաշատ երեխաներն այսօր ծնվում են Աֆրիկա մայրցամաքում։

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ը նշում է որպես Երկրի ազգաբնակչության համաշխարհային օր։

Այն առաջին անգամ նշվել է 1987 թ–ի հուլիսի 11-ին, երբ երկրի բնակչությունը հատեց 5 մլրդ–ի սահմանը։ Այդ օրը որոշվեց տոն հռչակել ու նշել ամեն տարի, հուլիսի 11-ին: Բայց եթե 30 տարի առաջ մարդկության թվի ավելացումը տոն էր, այսօր դա ավելի շատ խնդիրների մասին է հիշեցնում։

51