Դոնալդ Թրամփ

Թրամփն՝ ամերիկացիներին. «Այդ Իրանը մեզ ընդհանրապես չի հարգում»

47
(Թարմացված է 12:25 07.02.2017)
Արման Վանեսքեհյան
Հավանաբար, հենց այսպես պետք է մեկնաբանել Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը` Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Մեզ շրջապատում են նավերն իրենց փոքրիկ նավակներով», — ասել է գերտերության ղեկավարը: Այստեղ ինչպես կարելի է չհիշել հին և սիրված ֆիլմը` «Միմինոն»: «Եվ ինչո՞վ են մտածում այդ «Ժիգուլիները», լսիր` պտտվում են, պտտվում», — բողոքում էր ԿՌԱԶ-ի վարորդ Ռուբիկ ջանը:

Իրականում, ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը բոլոր շանսերն ունի համաշխարհային քաղաքական ասպարեզում առաջիկայում գլխավոր տրենդը դառնալու: Չէ՞ որ Թրամփի բավական սուր ելույթը, նրա խոսքերն այն մասին, որ Իրանն աշխարհի թիվ մեկ ահաբեկչական պետությունն է, առաջին անգամ հանդիպել է Կրեմլի կոշտ արձագանքին:

Ոչ, իրականում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավական կոռեկտ են արտահայտվել՝ դուրս չգալով դիվանագիտական վարվերլակարգի շրջանակներից: Լավրովը նշել է, որ Իրանին ոչ մի անգամ չեն կասկածել «Իսլամական պետության» և «Ջեբհատ ան Նուսրայի» հետ համագործակցության մեջ: Ավելին, Իրանը զգալի ավանդ ունի Սիրիայում համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Լավրովը:

Պեսկովը մի փոքր ավելի կոշտ է արտահայտվել՝ առանց դիվանագիտական երկիմաստ ակնարկների. «Մենք Իրանի հետ համագործակցում ենք մի շարք հարցերում, մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում և հույս ունենք զարգացնել դրանք»:

Ստացվում է, որ մենք դառնում ենք գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դիմակայության նոր ճյուղի ականատեսը: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Թրամփը հույս ուներ թուլացնել լարվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Իրականում մեծ քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ չէին կարծում, որ Վաշինգտոնի վարչակազմի փոփոխությունից հետո ամեն ինչ հալած յուղի պես կգնա: Երկների միջև փոխհարաբերություններում լարվածությունը կբավականացնի մի քանի սերունդների: Միայն Ուկրաինան կամ Սիրիայում պատերազմը, որն ընթանում է արդեն հինգ տարի, բավական են:

Հույս կար, որ գլոբալ առումով դիմակայությունը քաղաքական ասպարեզից կտեղափոխվի տնտեսական տիրույթ, որը երկրներից յուրաքանչյուրը կփորձի յուրովի լուծել:

Այդ առումով Թրամփի ելույթն Իրանի վերաբերյալ որոշակի աններդաշնակություն կմտցնի հետագա իրադարձությունների տրամաբանությունում: Թվում էր՝ Օբամայի վարչակազմի արկածախնդրային ու տապալված քաղաքականությունից հետո մարդիկ կփորձեն հարթել սուր անկյունները: Ոչ ոք չի վիճի, որ Իրանի դերը և մոտեցումները համաշխարհային քաղաքականության այս կամ այն խնդրի նկատմամբ հենց այդ «սուր անկյուններն» են:

Ավելին, տարածաշրջանը, որտեղ Իրանը կոնկրետ շահեր ունի՝ պայմանավորված աշխարհաքաղաքական նկատառումներով, որոշակի առումով կարող է դառնալ կռվախնձոր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Մոսկվա-Թեհրան սերտ համագործակցության մասին միտքը, որի շնորհիվ Մոսկվան կարող է ուղիղ ելք ունենալ դեպի Պարսից ծոց, իսկ Թեհրանը՝ այլընտրանքային թուրքական տարանցիկ ուղիներ` էներգակիրների համար, կարող է շփոթեցնել վաշինգտոնյան վերլուծաբաններին (ինչպես նաև եվրոպացի գործընկերներին):

Մյուս կողմից, իրերի նման դասավորությունը չարյաց փոքրագույնը չէ: Եթե Թրամփի դիրքորոշումը և Իրանին պախարակելը բացատրվում է ինչ-որ տնտեսական նկատառումներով, նշանակում է, որ նա մեղսագիտակ է, գործնական գործարար, և այդ դեպքում խնդրի ուժային լուծումը քիչ հավանական է թվում:

Եթե Թրամփի հայտարարությունն Իրանի թիվ մեկ ահաբեկիչ լինելու մասին պայմանավորված է զուտ քաղաքական նկատառումներով, ուրեմն ավելի վտանգավոր է: Օրինակ` Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությունը, որոնք վերջնականապես փչացել են Օբամայի վարչակազմի անհեռատես քաղաքականության պատճառով, կարող է հանգեցնել նոր ճգնաժամի:

Այդ ճգնաժամը կվերաբերի ոչ միայն Իրանին, այլ նաև Սպիտակ տան և Կրեմլի միջև հարաբերություններին: Այս դեպքում Ռուսաստանից և Իրանից բացի այդ խաղում կներառվեն Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:

Անկեղծ ասած՝ դա ցանկալի չէ: Մեր տարածաշրջանն ավելի պայթյունավտանգ է, քան Սիրիան և Իրաքը:

Русская версия

47