Հանրաքվե

Շարմազանովը հույս ունի, որ ադրբեջանցի գործընկերը կոռեկտ կպահի իրեն

22
(Թարմացված է 00:09 10.12.2016)
Ղրղըզստանում կայանալիք ընտրություններում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից դիտորդների առաքելությունը գլխավորել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Պատվիրակության կազմի մեջ մտնում է նաև ադրբեջանցի պատգամավոր։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը գլխավորում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը Ղրղըզստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում, հույս ունի, որ ադրբեջանցի գործընկերը կառուցողական մոտեցում կցուցաբերի։ Այդ մասին նա հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում։

Շարմազանովը` որպես ԱՊՀ ՄՎ դիտորդական առաքելության ղեկավար, դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն։

«ԱՊՀ ՄՎ-ը մեծ փորձ ունի։ Ընտրությունը կանգնել է Հայաստանի և ինձ վրա, քանի որ մենք վերջերս ենք անցկացրել սահմանադրական բարեփոխումներ։ Գործընկերության սկզբունքը շատ կարևոր է, և մենք Ղրղըզստանի հետ գտնվում ենք մեկ աշխարհաքաղաքական գոտում։ Դա ԱՊՀ-ն է, ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, մենք շահագրգռված ենք այդ կառույցների անդամ երկրների հետ փոխհարաբերություններ զարգացնելու մեջ»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ դիտորդական առաքելության կազմի մեջ մտնում են պատգամավորներ ԱՊՀ տարբեր երկրներից, այդ թվում` Ադրբեջանից, սակայն նա հույս ունի, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կառուցողական մոտեցում կցուցաբերի։

Նրա խոսքով` իրենք աշխատելու են ընդհանուր գործի համար։ Ինչպես նշեց Շարմազանովը, հայտնի խոսք կա. «Որ գյուղը մտնում ես, այդ գյուղի գդակը դիր»։

«Չեմ կարծում, որ ադրբեջանցի մասնակիցն իրեն վատ դրսևորի, առավել ևս, նրանք գիտեն, որ ոչ կոռեկտ պահվածքի դեպքում արժանի պատասխան կստանան։ Մենք պաշտոնական հանդիպումներ կունենանք, և եթե անհրաժեշտություն լինի ներկայացնել աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ապա առանց խնդիրների կներկայացնենք այն նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցչի ներկայությամբ»,- ասաց նա։

Դեկտեմբերի 11-ին Ղրղըզստանում տեղի կունենա հանրաքվե Սահմանադրությունում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ։

22
թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)