ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպայի և ԱՄՆ-ի բնակիչների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն` հարցման մասնակիցները դեմ են, որ որոշ մարզիկներ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) կողմից արգելված, «բժիշկների թույլտվությամբ» դեղամիջոցներ ընդունեն։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Ավելի վաղ ցանցահենները կոտրել էին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) տվյալների բազան և հրապարակել իրենց գրոհի արդյունքները։
Փաստաթղթի համաձայն` գործակալությունը մի շարք հայտնի մարզիկների թույլ է տվել արգելված դեղամիջոցներ օգտագործել թերապևտիկ բացառության կարգով (TUE)։ Այդ մարզիկների թվում են թենիսիստներ Ռաֆայել Նադալը, Սերենան և Վինուս Ուիլյամսը, մարմնամարզիկ Սիմոնա Բայլզը, հեծանվորդներ Քրիս Ֆրումն ու Բրեդլի Ուիգինսը, բասկետբոլիստներ Միլոշ Թեոդոսիչն ու Ելենա Դելե-Դոնը։
Ifop ընկերությունը հարցումն անցկացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել է ավելի քան յոթ հազար քաղաքացի։ Բոլոր երկրներում, որտեղ անցկացվել է հարցումը, «թույլատրելի» դոպինգի հակառակորդներն ավելի շատ են եղել, քան կողմնակիցները։ «Դոպինգի թույլատրմանը» դեմ է եղել Լեհաստանի բնակիչների 66%-ը, Իտալիայի և Գերմանիայի բնակիչների կեսը, ինչպես նաև ֆրանսիացիների 48%-ը։ ԱՄՆ-ում դեմ են արտահայտվել հարցվածների 45%-ը, Իսպանիայում`41%-ը, Մեծ Բրիտանիայում` ընդամենը 38%-ը։
Հարցվածների մեկ հինգերորդն առաջարկել է թույլատրել դոպինգ օգտագործել բոլոր մարզիկներին, որպեսզի ոմանք արտոնյալ կարգավիճակ չունենան։ Այս գաղափարի կողմնակիցներ են եղել նաև Մեծ Բրիտանիայում (22%), Իսպանիայում, Գերմանիայում (19%) և ԱՄՆ-ում (17%)։ Լեհաստանում նման կարծիք են հայտնել հարցվածների 11%-ը։
Հարցվածների 25%-ի կարծիքով` մարզիկները կարող են «արգելված» դոպինգ ընդունել։ Նման կարծիք են հայտնել հարցմանը մասնակցած իսպանացիների 31%-ը, ամերիկացիների 28%-ը և բրիտանացիների 27%-ը։ Կողմ են արտահայտվել նաև ֆրանսիացիների և իտալացիների 25%-ը, գերմանացիների 22%-ը։ Նվազագույն արդյունք է գրանցվել Լեհաստանում` 14%։
Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 7043 անձ, ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/- 3,1% ` 95% վստահության հավանականության դեպքում: